400 մլն դոլարով կարելի ա մոտավորապես մի 10 հատ գորածարան կառուցել, մի 20 հազար էլ աշխատող լինի

- in Տնտեսական
Gagik Carukyan

«Հարկայինի հետ ինչ խնդիր պետք է ունենամ, ես իմ բիզնեսները հանձնել եմ կառավարման, գնացեք կառավարիչներին հարցրեք»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հարկային մարմիններն ստուգումներ են իրականացնում իր բիզնեսներում։

Անդրադառնալով իր կողմից իրականացվող ներդրումներին՝ Ծառուկյանն ասաց, որ «արդեն չորս օր ներկայացվում ա միայն 2018-2019 թվականների Ծառուկյանի ներդրումները, ծրագրերը, որոնց մենք ներկայացրել ենք»։ Նա նշեց, որ ներդրումներ միշտ արել է և անելու է։

Ըստ Ծառուկյանի՝ կառավարության տնտեսական ծրագիրը չի կարող տնտեսական հեղափոխություն բերել. «Ես ասել եմ, որ այդ ներկայացված կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել։ Ես կարող եմ գրել-ստորագրել՝ դա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, և տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով ու մոտեցմամբ։ Այդ ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կիլոմետր հեռու ա»։

«Ծառուկյանը դիվիդենտ շահելու կարիք չունի, Ծառուկյանն էս քանի տարի քաղաքականությամբ զբաղվում ա և միշտ իր խոսքը պահել ա, իր մոտեցումն ու տեսակետը ասել ա»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Ամուլսարի հանքավայրի հարցի շահարկմամբ քաղաքական ուժերը փորձում են դիվիդենտներ քաղել։

Ըստ Ծառուկյանի՝ ինքն անգամ ընտրությունների ժամանակ կոչ չի անում մարդկանց ձայն տալ իր ղեկավարած ուժին, այլ պարզապես ներկայացնում է իր արած գործն ու ծրագրերը։

Անդրադառնալով «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարում  կատարվող 400 մլն դոլար ներդրումներին՝ Ծառուկյանն ասաց․ «Դուք պատկերացնո՞ւմ եք 400 մլն դոլարն ինչ է։ Ոչ մեկը չի հարցնում՝ ինչ են արել, երկու պոչամբար են սարքել 50 հատ տեխնիկա են բերել։ Ոնց կարող ա 400 մլն դոլար  լինի, 400 մլն դոլարով կարելի ա մոտավորապես մի 10 հատ գորածարան կառուցել, մի 20 հազար էլ աշխատող լինի»։

Ծառուկյան ասաց, որ Ամուլսարի հանքավայրի հարցը կառավարության հետ իրենք չեն քննարկել, թե ինչո՞ւ, չմանրամասնեց։