Մոսկվայում Հայաստանի հանդեպ անվստահություն առաջացնելու անդադար ջանք

- in Վերլուծական

Ռուսական Եվրոպական զարգացման իրավունք անունը կրող կուսակցության ղեկավար Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը դարձել է հայ-ռուսական հարաբերության շրջանակում առկա խնդիրների մասին աշխույժ քննարկումների հերթական առիթը:

Այդ քննարկումները ծավալված են թավշյա հեղափոխությունից ի վեր, և առիթները անխուսափելի են, կամ՝ կա ցանկություն, իսկ այդ դեպքում, ինչպես կասեր դասականը՝ «պատճառ միշտ էլ կգտնվի»: Հայաստանի միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանում քաղաքական ապաստանի մասին օրենք չի կիրառվել, իսկ կոնկրետ անձանց վերաբերյալ մանրամասն հաղորդելը անձնական տվյալների մասին գաղտնիության օրենսդրության խախտում է, ինչն անել Հայաստանը չի կարող: Ինչ է կատարվել Շիշկինի հետ, թերևս այդքան էական չէ, եթե այն դուրս ենք բերում հայ-ռուսական հարաբերության տիրույթից: Ակնառու է, որ գլխավոր հարցը այն է, թե ինչ է կատարվում այդ տիրույթում: Այստեղ թերևս կարող ենք իրավիճակը բաժանել երկու հատվածի: Նոր իշխանությունը հավաստիացնում է, որ հայ-ռուսական հարաբերությունը բնականոն զարգանում է և չկա որևէ խնդիր, իսկ նախկին իշխանությունը պնդում է՝ և դրան հարող փորձագիտական շրջանակները, որ կա խնդիր և մեծ անվստահություն, ինչի դրսևորում էլ դիտարկում են, օրինակ, Շիշկինի պարագան, թեև տարբեր առիթներով, ինչպես արձանագրեցի, բերվում են այլ օրինակներ ու վկայություններ: Սա, թերևս, այն դեպքն է, երբ ճշմարտությունն ինչ-որ տեղ մեջտեղում է, և միանգամայն օբյեկտիվորեն:

Այն, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունը հարթ չէ և ամենևին չի հիշեցնում նախկինը, ակնառու է: Միաժամանակ աներկբա է, որ չէր կարող լինել այլ կերպ, որովհետև Հայաստանում տեղի է ունենում հիմնարար փոփոխություն, փոխվում է ոչ միայն իշխանությունը, այլ հասարակական-քաղաքական համակարգի կառուցվածքն ու հոգեբանությունն ընդհանրապես, կամ ձևավորվում է նոր համակարգ՝ նոր հոգեբանությամբ և արժեգաղափարական պլատֆորմների անխուսափելիությամբ: Բնական է, որ այդ փոփոխությունը պետք է բերի հայ-ռուսական հարաբերության վերափոխման, թեկուզ այն պարզ պատճառով, որ մինչ այդ եղած հարաբերությունը գտնվել է Հայաստանից միակողմանի ենթակայության սպասման ռեժիմում, ինչն էլ բխել է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխող համակարգի առկայությունից և, իհարկե, արցախյան հարցի գոյությունից: Իր հերթին, անկասկած է, որ Ռուսաստանը ամենևին հեշտությամբ չի հրաժարվելու հարաբերության այդ նախկին հոգեբանությունից և կառուցվածքից կամ, պարզ ասած՝ տիրակալությունից, վերադասությունից: Առավել ևս, որ ռուսական այն շրջանակները, որոնք ապահովել են այդ ռեժիմի, այսպես ասած, ռուսական դիրքերը, դրանից քաղել են շատ կոնկրետ տնտեսական և քաղաքական օգուտներ՝ ինչպես Կրեմլի մոտ, այնպես էլ Ադրբեջանի և Թուրքիայի: Հարաբերությունների այդ բնույթը ձևավորվել և խորացել է քայլ առ քայլ, տարեցտարի, իր աղաղակող և վտանգավոր գագաթնակետին հասնելով 2013-2016 թվականներին:

Ըստ այդմ, դա էլ իր հերթին է խոսում, որ Հայաստանում վերափոխումների և պետական արդիականացման խնդիրը անխուսափելի է դարձնում ոչ միայն ներքին կյանքի որակական ռեֆորմացիան, այլ նաև արտաքին հարաբերության, ու նույնիսկ ինչ-որ իմաստով նաև այդ ներքին կյանքի համար հույժ կարևոր հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիան և, այսպես ասած, հավասարեցումը, միջպետականացումը: Ու, քանի որ կա մի կողմից դրա օբյեկտիվ անհրաժեշտություն ու անխուսափելիություն, մյուս կողմից կա ռուսական առնվազն ազդեցիկ մի շարք շրջանակներում դիմադրության մոտիվացիա՝ իսկ այդ հարցում տվյալ շրջանակներն ունեն դաշնակից՝ ի դեմս նախկին իշխանության շատ շրջանակների, որոնք շահագրգռված են հայ-ռուսական հարաբերության խնդիրներով և դրանք իրենց շահերի համար Հայաստանի նոր իշխանության դեմ օգտագործելու հեռանկարով, ձևավորվում է տրանսֆորմացիայի բավականին բարդ ու բազմաշերտ խնդիրներով հագեցած միջավայր:

Կարո՞ղ է Հայաստանը չանցնել դրանով: Հնարավոր է, բայց այդ դեպքում Հայաստանը չի կարողանա անցնել ռեֆորմացիայի և արդիականացման լիարժեք ճանապարհ: Իր հերթին, այստեղ ամեն ինչ միարժեք չէ ռուսական դիմադրության առումով, որովհետև իր լրջագույն խնդիրներն ունի նաև Ռուսաստանը, առնվազն քաղաքական ղեկավարության շրջանակում, որոնց առաջ թե՛ իշխանության հարցն է, թե՛ կառավարման արդյունավետության, թե՛ արտաքին քաղաքականության կայուն միջավայրի պահպանության: Եվ այդ ամենը էապես նվազող ռեսուրսների և անարդյունավետ կառավարման համակարգի պայմաններում: Իսկ սա արդեն, մեղմ ասած, հարաբերական է դարձնում Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ ռուսական վերաբերմունքը՝ այն զրկելով միատարրությունից և միարժեքությունից: Ու գործնականում նաև այդ հանգամանքն է, որ Հայաստանի նախկին իշխող համակարգին հարող մի շարք շրջանակներում և նրանց ռուսաստանյան գործընկերների կամ դաշնակիցների շարքում կա Մոսկվայում Հայաստանի հանդեպ անվստահություն առաջացնելու անդադար ջանք: Նշանակում է, որ այդքան էլ միարժեք չէ այդ ջանքերի արդյունքը, և Մոսկվան այդ ջանքերին չի հավատում՝ համենայնդեպս բավարար չափով:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...