Մոսկվան կատարում է Անկարայի քմահաճույքները

- in Միջազգային
Putin Erdoghan

Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների մատակարարման շուրջ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան չի ստանա ամերիկյան F-35 կործանիչներ, եթե չհրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելուց:

Թուրքիան, խաղալով մի ուղղությամբ, փորձում է օգուտներ քաղել ուրիշ ուղղություններից: Մասնավորապես, Էրդողանի մասնակցությունը Ռուսաստանում անցկացված սպառազինության ցուցահանդեսին եւ Սու-57 գնելու խոստումն Էրդողանին օգնել է կանգնեցնել սիրիական բանակի հաղթական ընթացքը, որը գրեթե դուրս էր մղում թուրքական ստորաբաժանումները Իդլիբից ու վերականգնում էր տարածքային ամբողջականությունը:

Սիրիայի կառավարական զորքերը օգոստոսի 31-ին ժամը 6:00-ից պետք է դադարեցնեն կրակը Իդլիբի ապաէսկալացիոն գոտում: Այս մասին նշված է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրությունում: Հրադադարի ռեժիմը հաստատվելու է Դամասկոսի կողմից միակողմանիորեն, նշված է փաստաթղթում:

Սիրիայի Իդլիբ նահանգում Թուրքիայի զինված ուժերի երկու դիտորդական կետերի ուղղությամբ կրակ է բացվել, հայտարարել է Էրդողանը: «Պուտինի հետ մեր հանդիպումից հետո Դամասկոսին արվել են անհրաժեշտ նախազգուշացումները», – Էրդողանի խոսքը մեջբերում է «Անադոլուն»:

Էրդողանն ընդգծել է նաեւ, որ Իդլիբում իրավիճակը զարգանում է Թուրքիայի համար անցանկալի ուղղությամբ: «Իդլիբում դեպքերը ծավալվում են ոչ այնպես, ինչպես մենք կցանկանայինք: Դրանք հանգեցնում են սիրիացիների զանգվածային ներհոսքի  դեպի Թուրքիա»:

Ընդ որում, Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ու ԱՄՆ զինվորականները շարունակում են քննարկել անվտանգության գոտու դետալները: «Ավելի վաղ խոսել եմ Թրամփի հետ, որ այդ գոտու լայնությունը կկազմի 20 մղոն: Հետո ամերիկացի զինվորականները ցանկացան կրճատել այդ գոտին: Շուտով կբացվի ՄԱԿ Գլխավոր ասամբլեան, որի շրջանակում Թրամփի հետ նորից կհանդիպենք ու կքննարկենք այս հարցերը», – ասել է Թրամփը:

Ռուսաստանը երաշխավորել է Թուրքիային, որ սիրիական զորքերը չեն գրոհի Իդլիբում թուրքական դիտորդական կետերի վրա, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

Ռուսաստանը համաձայնվում է Էրդողանի բոլոր առաջարկներին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Էրդողանի հետ հեռախոսով քննարկել է վերջինիս Ռուսաստան այցի արդյունքները: Ռուսաստանի համար Ուկրաիան զգայուն հարց է, հատկապես այն ամենը, ինչ կապված է Ղրիմի հետ, որը մի քանի հարյուրամյակ Օսմանյան կայսրության մաս է եղել: Էրդողանը խաղում է Պուտինի թուլությունների ու վախերի վրա:

Մոսկովիան մի քանի դար կառավարվել է թաթար խաների յառլիկներով: Պուտինյան Ռուսաստանը շարունակում է ապրել «Ոսկե հորդայի» ռեժիմում:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...