Կա տարածված, կամ տարածվող մտայնություն կամ կարծիք, որ Ռուսաստանը կամ Կրեմլը սպասում է վարչապետ Փաշինյանի վարկանիշի անկման, Հայաստանում այսպես ասած հեղաշրջում կամ հակահեղափոխություն անելու համար:

Այդ կարծիքն ավելի հաճախ սկսեց հնչեցվել Հայաստանում ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարների փոփոխության շրջափուլում, եւ փոփոխությունն էլ կապվեց իբրեւ թե հեղաշրջումը կանխարգելելու հետ:

Արդյո՞ք այդպիսով այդ մեկնաբանության հեղինակները համարում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը տեղի է ունեցել եւ ըստ այդմ եղել է հեղաշրջման փորձ: Որովհետեւ, եթե Կրեմլը սպասում է վարկանիշի անկման, ապա փորձն էլ թերեւս պետք է արվի միայն դրանից հետո, որպեսզի ունենա հաջողություն: Այլապես լուրջ չէ հեղաշրջում անել հանրության մոտ 70 տոկոսի վստահությունն ունեցող վարչապետի դեմ: Ուրեմն, անկումը եղե՞լ է՝ այդ մտայնությունը տարածողների գնահատմամբ, թե՞ մոտ է լինելուն:

Իրականում, այդ մասին խոսակցությունը թերեւս մոտ չէ իրականությանը: Ոչ այն պատճառով, որ Կրեմլը կամ Ռուսաստանը չի սպասում վարկանիշի անկման: Գուցե սպասում է, կամ հաստատ կլինեն սպասողներ, թե Ռուսաստանում, թե Հայաստանում, թե գուցե այլ երկրներում: Այստեղ խնդիրը անշուշտ մեկնաբանության դաշտում է, մատուցման:

Հարցն այն է, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը: Եթե տեղի է ունենում վարչապետի վարկանիշի այնպիսի անկում, որը թույլ կտա նրա դեմ իրականացնել այսպես ասած «հեղաշրջում», ապա այստեղ խնդիրը արդեն հեղաշրջումը չէ, այլ այն, թե հանրությունն ինչ պետք է անի անգամ դրա վտանգի բացակայության պայմաններում:

Եթե չկա հանրային վստահություն վայելող վարչապետ, ապա ինչպե՞ս է լուծվում Հայաստանի իշխանության հարցն ընդհանրապես: Այստեղ է խնդիրը, ոչ թե «հեղաշրջումների» հիպոթեզի տարածման մեջ, որը բացի այն տարածողների որոշակի կորպորատիվ կամ քաղաքական խնդիրներից, հանրային խնդիր չի լուծում: Որովհետեւ ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ կամ երկրում կա իշխանություն ձեւավորելու ունակ հանրություն, կամ այդ հանրությունը չկա:

Ահա այդ պարզ, բայց կարեւորագույն խնդիրն էր շոշափում վարչապետ Փաշինյանը դեռեւս այդ պաշտոնը չստանձնած, երբ մայիսի 8-ին ԱԺ-ում քվեարկությունից առաջ Հանրապետության հրապարակի հարթակում արդեն իսկ հաղթած հանրությանն ասում էր, որ մարդիկ իրենց պետք է հավատան, ոչ թե Նիկոլ Փաշինյանին:

Այստեղ է որեւէ հանրության հաջողության եւ կայունության գրավականը կամ «գաղտնիքը», երբ որեւէ մեկի սպասումը՝ թե կիջնի առաջնորդի վարկանիշը, չունի ոչ մի նշանակություն, որովհետեւ երկրի ներքաղաքական իրավիճակը կառուցվում է ոչ թե այդ վարկանիշի, այլ սեփական ուժերի հանդեպ հանրության վստահության հանդեպ:

Եթե չկա այդ վստահությունը, ապա դա հղի է կամ անիշխանությամբ, կամ որեւէ այլ կենսունակ խումբ կարողանում է որեւէ մեթոդով երկրում ձեւավորել իշխանություն, լինի դա հեղաշրջման, թե հանրությանը տարատեսակ «հեղաշրջումների» վտանգի մասին վախեր սնուցելու միջոցով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...