ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում երեկ գրել է. «Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել:

Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է, եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից: Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը»:

Այս «ցանկից» ԱԱԾ ու ոստիկանության ղեկավարներն արդեն հրաժարական են տվել, արդյոք փոխվելու են նաեւ մյուս կառույցների ղեկավարները:

Նիկոլ Փաշինյանի այս գրառումն, ըստ էության, պատասխան է Արթուր Վանեցյանի աղմկոտ հրաժարականի կապակցությամբ կարծիքներին, ինչպես նաեւ ինչ որ առումով հենց ԱԱԾ նախկին պետին: Վանեցյանն իր հրաժարականի հայտարարության մեջ ակնարկել էր, որ ինչ որ հանձնարարություններ չի կատարել, քանի որ սպայի պատիվն ու արժանապատվությունը դա թույլ չեն տալիս:

Վանեցյանի այդ հայտարարությունն ակնհայտորեն անակնկալ էր վարչապետի համար, ում այդ մասին հարց էին տվել մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ասել էր, թե չի կարող մեկնաբանել մի հայտարարություն, որը չի կարդացել, այնուհետեւ ասել, թե չի նկատել, որ Վանեցյանը սպայի պատվի հետ կապված խնդիր է ունեցել:

Ուշագրավ է, որ իր հրաժարականի հայտարարության մեջ սպայի պատվից է խոսել նաեւ Վալերի Օսիպյանը, թեեւ նրա հայտարարությունը նույնքան կոնֆլիկտային չէր, որքան Վանեցյանինը: Այնուամենայնիվ, դրանում նույնպես կար ակնարկ, որ համաձայն չի եղել կատարել ինչ որ հրահանգներ:

Իր երեկվա գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը փաստացի պատասխանել է Արթուր Վանեցյանին, ակնարկելով, որ ԱԱԾ ղեկավարը հետեւողական չի եղել կոռուպցիոներներին ու լրտեսներին բացահայտելու հարցում, որոնք առիթից օգտվելով՝ «իրենց մութ գործերն են կարգավորել»:

Ընդհանրապես, վարչապետը պարբերաբար դժգոհել է այս ուղղությամբ իրավապահների գործողությունների տեմպից: Միեւնույն ժամանակ, ուշագրավ է գրառման մեջ լրտեսների հիշատակումը: Նիկոլ Փաշինյանը մի առիթով  հայկական քաղաքական դաշտում գործակալների գոյության վերաբերյալ հայտարարություն էր արել, որից հետո լրագրողներն ու քաղաքական շրջանակները նրան պարբերաբար հիշեցնում էին այդ մասին: Վանեցյանի հրաժարականի պատճառների շարքում մամուլը գրեց ինչ որ թղթապանակների մասին, որոնք դարձել էին տարաձայնությունների պատճառ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...