Ս․թ․ սեպտեմբերի 25-ին Երևանում ԱՄՆ դեսպանատանը դեսպան Թրեյսիի, ամերիկյան և եվրոպական փոխանակման ծրագրերի շրջանավարտների, ինչպես նաև մի շարք դիվանագիտական առաքելությունների և ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառումն ազդարարեց հայ-ամերիկյան և տրանսատլանտյան ընդհանուր արժեքները նշանավորելու նպատակով իրականացված խորհրդանշական նախագծի ավարտի մասին, որի ներքո նկարազարդվել էր դեսպանատան Գիլմորի դաշտի 100 մետր երկարությամբ պատը։

Բեռլինի պատի անկման 30 տարին լրանալուն ընդառաջ` այս նախագիծն ի ցույց է դնում այդ շրջադարձային պատմական իրադարձության խորհրդանիշներին ու հետադարձ հայացք է նետում նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի նախանշած «չորս ազատություններին»․ խոսքի ազատությունը, դավանանքի ազատությունը, ազատությունը վախից, ինչը վերաբերում է սպառազինությունների կրճատմանն ամբողջ աշխարհում և ազատությունը պահանջմունքներից, ինչը վերաբերում է կյանքի բարեկեցիկ պայմանների ապահովմանը յուրաքանչյուրի համար։ Այս նկարազարդ պատը առանձնակի շեշտադրում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ընթացիկ կապերը, ինչը նաև նշվեց դեսպան Թրեյսիի խոսքում։

«Պատի նկարազարդման գեղարվեստական կոնցեպտը մարմնավորում է խաղաղության, համագործակցության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մասով մեր ունեցած ընդհանուր արժեքները և շեշտում է Միացյալ Նահանգների վաղուց ի վեր հռչակված և մինչ օրս շարունակվող հանձնառությունն աջակցելու ժողովրդավարական գործընթացներին ու հաստատություններին Հայաստանում։ Այս նկարազարդ պատը մեզ պարգևում է հույս ու ոգեշնչում ապագայի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ խոչընդոտները՝ ուղղակի կամ փոխաբերական իմաստներով, կարող են հաղթահարվել և եթե մենք ջանք գործադրենք, ապա մեր առաջ կբացվի խաղաղության ու համագործակցության ուղին», – ասաց դեսպան Թրեյսին։

Նկարազարդ պատի որոշ հատվածներում նկարիչներին ոգեշնչել են ամերիկացի նկարիչներ Նորման Ռոքվելի, Ռոբերտ Ինդիանայի, և Ջեյմս Ռոզենքիստի ստեղծագործությունները․ բացի այդ պատին տեղ են գտել նաև «չորս ազատությունների» վերաբերյալ ժամանակի կարկառուն դեմքերի hնչեցրած որոշ գնահատականներ։ Մասնավորապես՝ քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Իդա Բ․ Վելսը ասել է․ «Սխալները ճիշտ դարձնելու համար դրանք պետք է դիտարակել ճշմարտության լույսի ներքո», իսկ նախագահ Ջոն Ֆ․ Քենեդին ասել է․ «Ոչ թե խաղաղություն ազատության հաշվին, այլ խաղաղություն և ազատություն միաժամանակ»։

Նախագծի մտահղացման հեղինակն է ԱՄՆ փոխանակման ծրագրի շրջանավարտ Տաթևիկ Ավետիսյանը, իսկ գրաֆիտի ոճով պատի նկարազարդումն ապահովել են հայ ժամանակակից նկարիչներ Արա Պետրոսյանը և Գագիկ Ենգիբարյանը։​​

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...