Նոր Հայաստանն, առաջին հերթին՝ նոր բովանդակությունն է

- in Վերլուծական
hayastan-armenia

Սեպտեմբերի 1-ը աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նշում են որպես Գիտելիքի միջազգային օր։ Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկի տոնն է առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների և դասախոսների համար։

Ավանդաբար այդ օրը դպրոցներում հանդիսավոր արարողություններ են ընթանում՝ նվիրված նոր ուսումնական տարվան։ Հատուկ հանդիսությամբ դպրոցներում ընդունում են առաջին դասարանցիների։ Հայաստանի մոտ 1500 դպրոցներ այսօր իրենց դռները կբացեն աշակերտների առաջ։

Կրթության, նոր Հայաստանում նրա արժևորման, կիրառական նշանակության մասին ուղիղ մեկ տարի առաջ ծրագրային ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նրա խոսքերը նույնքան արդիական են նաև այսօր։

«Կրթության կարևորության արձանագրումը հատկապես կարևոր է նոր Հայաստանում: Ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք, թե ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում և ինչ է տեղի ունեցել արդեն. ոչ վաղ անցյալում անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք, լավ հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ՝ ավելի շատ բնազդական։ Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից, ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզնից, որովհետև նոր Հայաստանի, նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների հավասար և ընդլայնված դաշտ ստեղծել, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր հնարավորի սահմաններն ընդլայնվում են, և ձեզնից յուրաքանչյուրն ունի հավասար հնարավորություն այդ ընդլայնվող դաշտից օգտվելու, սա է ամենակարևոր արձանագրումը»,– իր ծրագրային խոսքում ասել էր վարչապետը։

Հեղափոխությունը դարձավ այն պատմական սահմանը, որը հետևում թողեց հին Հայաստանը՝ իր քսակատեր ու զոռբա «հերոսներով»։ Նոր Հայաստանն, առաջին հերթին՝ նոր բովանդակություն է, քաղաքացու նոր տեսակ՝ կրթության բարձր որակով, ինքնադրսևորման հարթակներով։

Հեղափոխությունը փոխել է հենց պետության վերաբերմունքը մարդու, նրա կրթության, ինքնադրսևորման հնարավորությունների հանդեպ։ Անցած քսանամյակում տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանը լքել են ոչ միայն օրվա հացի պատճառով, սոցիալական ու քաղաքական կեղեքումների հետևանքով, այլ հատկապես՝ մտահոգություն ունենալով, որ Հայաստանը վերածվել է անհեռանկար երկրի՝ իրենց երեխաների ապագայի, ինքնադրսևորման առումով։ Այս առումով արտագաղթը Հայաստանի համար կործանարար է ոչ միայն քանակական, այլ՝ առաջին հերթին, որակական առումով․ երկրից հեռացել են արժեք ստեղծող մարդիկ։

Անցած քսանամյակում Հայաստանը վերածվել էր հետամնաց պետության, որտեղ առաջընթացի գրավական էին դարձել համակարգում ունեցած կապերը, փողը, մարդկային հոռի բարքերը, հաճախ՝ ստորաքարշությունն ու նվաստացումը։ Պատահական չէ, որ Հայաստանում գրեթե չէին ձևավորվում մարդկանց հաջողությունների պատմություններ, մինչդեռ՝ երկրից դուրս մեր շատ հայրենակիցներ կարողանում էին դրսևորել իրենց տաղանդը՝ գտնելով ինքնադրսևորման արդյունավետ հեռանկարներ։ Ասվածի լավագույն դրսևորումը ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի օրինակն է, որին հայաստանյան միջակությունից բառացիորեն փրկեց արևմտյան միջավայրը, որը նպաստեց նրա տաղանդի բացահայտմանը։

Կրթություն, աշխատասիրություն, տաղանդ, նպատակասլացություն․ ահա այն հատկանիշները, որոնք առաջխաղացման, հաջողությունների հասնելու բանալի են լինելու նոր Հայաստանում։

Սա է այսօրվա տոնի հիմնական խորհուրդը։

Կրթության և գիտության արժևորում, նոր մտածողություն․ ահա, թե ինչ է փոխել հեղափոխությունը Հայաստանում։ Մնում է հասնենք սահմանված նշաձողին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...