Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու, այսպես է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն արձագանքել Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։

Երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, սպան սպառնում է երկրի ազգընտիր վարչապետին, սպայի պատվի մասին ճամարտակող չեկիստը մարտահրավեր է նետում պետությանը հեռու մոսկվաներից՝ գտնվելով ռուսահայ հայտնի օլիգարխի հովանու տակ, օգտվելով օլիգարխիայի քարոզչական սպասարկումն ապահովող, Միքայել Մինասյանին «թագավոր» համարող անձանց ընկերակցությունից։

Հեղափոխության արշալույսին իշխանության թիմում հայտնվեցին պատահականություններ, որոնք Նիկոլ Փաշինյանի ու մյուսների «թեթև ձեռքով» դարձան հակակոռուպցիոն պայքարի «հրամանատարներ»՝ իրականում վերածվելով հեղափոխության ընդերքում դրված ականների։

Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի նշանակման նպատակահարմարությունը կասկածի տակ ենք դրել առաջին իսկ օրվանից՝ դա համարելով նախկին համակարգին արված ոչ համարժեք ժեստ։

Մեր կանխատեսումներն իրականություն դարձան։ Օսիպյանը «ընդդիմադիր» դառնալու ռեսուրս չունի ու «հերոսացավ» ռուսահայ կրիմինալի հետ շփումներով, Վանեցյանը պետության, վարչապետի հետ խոսում է շանտաժի լեզվով՝ հավակնելով ռուսական ազդեցության տակ գտնվող ուժերի, քրեաօլիգարխիայի, հանցաշխարհի մագնիսի դերին։

Վանեցյանը սպառնում է խոսել ու, թերևս, բոլորս պետք է պահանջենք, որ նա օր առաջ խոսի, հրապարակի բոլոր այն փաստերը, որոնք ստիպեցին նրան դառնալ «սպայի պատվի» մունետիկ։

Վանեցյանն ունի՞ փաստեր, թե՞ զբաղված է շարքային շանտաժով։

Դժվար է միանշանակ պատասխաններ տալ այս հարցին, որովհետև գործ ունենք մարդու հետ, որի նախկին պաշտոնը ենթադրում է հասանելիություն պետական կարևորության բազմաթիվ փաստերի, որոնք կարող են առնչվել ինչպես ներքին քաղաքականությանը, այնպես էլ Արցախին։ Ինչպե՞ս է այս մարդն անարգել դուրս եկել երկրից ու «խաչակրաց պատերազմ» հայտարարել երկրի վարչապետին։ Նախկինների հրճվանքը հասկանալի է, որովհետև նրանց «շարքային» Վանեցյանը Փաշինյանի մոտ դարձել էր «գեներալ»՝ խոստանալով բացել ամրոցի դուռը դավադիրների առաջ։ Աններելի է մյուսների անտարբերությունը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պետական կարևորագույն ինֆորմացիայի կրող Վանեցյանը, առանց պետական հսկողության, գտնվում է արտերկրում ու կարող է դառնալ թշնամական երկրների հարձակումների թիրախ՝ վտանգելով Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ԱԱԾ-ից անհետացել են նյութեր, որոնք վերաբերում են առավելապես Մարտի 1-ի գործին։

Նոր իրողությունների համատեքստում հարցեր են առաջանում, թե ե՞րբ են անհետացել այդ նյութերը՝ հեղափոխությունից առա՞ջ, թե՞ Վանեցյանի պաշտոնավարման շրջանում, և արդյոք նոր նյութեր չե՞ն անհետացել Վանեցյանի «անհետացումից» հետո։ Հետաքրքիր է՝ Վանեցյանի ընդդիմադիր «բենեֆիսի» մասին ինչ կարծիք ունի նրա ընկերը, որն այժմ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է։

Ո՞ւմ է ծառայում Վանեցյանը՝ միայն նախկի՞ն համակարգին, թե՞ նաև Մոսկվային, որը նրա միջոցով փորձում է կոնսոլիդացնել «հինգերորդ շարասյունը»՝ ռևանշի վերջին հույսով։

Ահա հարցերը, որոնց շուրջ ակնկալում ենք լսել Վանեցյանի պատասխանները, հակառակ պարագայում՝ նրան պետք է «խոսեցնի» պետությունը, որը լեգիտիմ իրավունք ունի պատասխանատվության կանչել դավաճաններին ու պուտչիստներին, մանավանդ որ վերջիններիս բացահայտումը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրության երաշխիք։

Իսկ Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փաստացի վտանգվել է և այդ վտանգը դեռ պահպանվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության անշրջահայացության պատճառով։ Վարչապետը՝ Թոխմախի Մհերի ընկերոջը, որ նշանակում էր ԱԱԾ պետ պետք է, պարզապես համոզված լիներ, որ սա մի օր տեղի է ունենալու։

Սերժի տան «լավ տղուն» երկրում առանցքային պաշտոնի նշանակելը, հանուն արդարության, պետք է խոստովանել, որ առաջին հերթին անձամբ վարչապետի բացթողումն է ու տապալումը, որովհետև ոչ մի դեպքում չէր կարելի հեղափոխությունը վստահել կասկածելի, անվստահելի անցյալ ու ծագում ունեցող մարդկանց։

Սա վարչապետի կադրային քաղաքականության ֆիասկոյի հետևանք է։

Բայց․․․

Մտքներիդ ծայրով չանցկացնեք, թե Հայաստանը որբի գլուխ է։

Մի մարդու պես կանգնում ենք մեր պետականության պաշտպանության սուրբ գործին՝ յուրաքանչյուրս մեր խրամատում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...