Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 22-ից մեկնարկած ամերիկյան այցն աչքի է ընկնում մի հետաքրքիր առանձնահատկությամբ: Դրանում գրեթե բացակայում է Հայաստան-ԱՄՆ հարաբերության օրակարգը, թեմատիկան:

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տվել Լոս Անջելեսում՝ տեղի հայկական լրատվամիջոցների համար, հանդիպումներ է ունեցել հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանրահավաք արել Գլենդելում, հետո հանդիպումներ ունեցել Սիլիկոնային հովտում, հանդիպումներ Նյու Յորքում հայ համայնքի հետ:

Նիկոլ Փաշինյանին օրինակ բազմաթիվ անգամ տրվել են հարցեր, որոնց նա ամենայն մանրամասնությամբ պատասխանել էր դեռեւս Վանաձորում՝ սեպտեմբերի 16-ին տված ասուլիսի ընթացքում: Փաշինյանն ԱՄՆ-ում արդեն մի քանի անգամ անդադարձել է Ամուլսարի խնդրին, կրկնելով արդեն բազմաթիվ անգամ տված պատասխանը:

Բայց Հայաստանի վարչապետի ամերիկյան այցի վերաբերյալ լրահոսում գրեթե բացակայում է ամերիկյան թեմատիկան, հայ-ամերիկյան հարաբերության օրակարգը:

Այցն իհարկե դեռեւս չի ավարտվել, Նյու Յորքում վարչապետը դեռ ելույթ է ունենալու ՄԱԿ ԳԱ նստաշրջանում, թեեւ հազիվ թե ելույթը վերաբերի Հայաստան-ԱՄՆ հարաբերությանը, եւ ունենալու է թերեւս այլ հանդիպումներ: Մնացյալ օրերին կլրացվի՞ «բացը», թե՞ Հայաստանի վարչապետի ամերիկյան այցը համենայն դեպս առերեւույթ կմնա առանց հայ-ամերիկյան օրակարգի:

Ինչ խոսք, ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, եւ գործակցության շրջանակային համաձայնագիր Կալիֆորնիա Նահանգի հետ, որը իր տնտեսական կարողությամբ եւ ծավալով հինգերորդն է աշխարհում:

Այդուհանդերձ, համեմատել կամ նույնացնել Կալիֆորնիան ու ԱՄՆ-ն, կնշանակի չպատկերացնել, թե ինչ է ԱՄՆ եւ ամերիկյան քաղաքականությունն ընդհանրապես: Ըստ այդմ, Կալիֆորնիան Կալիֆորնիա, բայց Հայաստան-ԱՄՆ օրակարգը պահանջում է մեղմ ասած ավելի լայն ու բազմաշերտ երկխոսություն:

Հնարավոր է գուցե ենթադրել, որ թեմայի առերեւույթ բացակայությունը վարչապետին հնարավորություն է առավել ոչ պաշտոնական ձեւաչափերում ունենալ հանդիպումներ ու քննարկումներ, հասունացնելով հետագա արդեն առերեւույթ շփումները:

Այդուհանդերձ, տարակուսելի է այն, որ օրակարգը, թեման կարծես թե բացակայում է ամերիկահայ համայնքում, կամ դրա զգալի մասում, թեման բացակայում է կալիֆորնիական հայկական մեդիայում, բացակայում է ԱՄՆ-ում տարբեր նպատակներով գտնվող հայկական նոր սերնդի պատկերում, որտեղ կարող են հարյուր անգամ տված հարցերը տալ հարյուրմեկերորդ անգամ, բայց չխոսել Հայաստան-ԱՄՆ կարեւորագույն հարաբերության հեռանկարից:

Մինչդեռ, այն Հայաստանը, որի պատկերը, հեռանկարը փորձում էր Նահանգներում ներկայացնել Նիկոլ Փաշինյանը, եւ որով զգայական կամ ռացիոնալ դիտարկումներով ոգեւորվում էր լսարանը, ուղղակիորեն չի կարող առաջնահերթություն չդիտարկել համաշխարհային թիվ մեկ գերտերության հետ ռազմավարական հարաբերությունը՝ տնտեսական, քաղաքական եւ անվտանգային նկատառումներից ելնելով: Որովհետեւ այդ Հայաստանը համաշխարհային դերակատար եւ սուբյեկտ Հայաստանն է: Իսկ ունենալ կամ կատարել այդ դերն առանց թիվ մեկ գերտերության հետ գործակցության՝ դերին համարժեք հայեցակարգի եւ օրակարգի, առնվազն լուրջ չէ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...