USA

ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին չեղարկել է Հայաստան այցը, որ պետք է տեղի ունենար ԵՏՄ շրջանակում կայանալիք տնտեսական Վեհաժողովի առիթով: Ջուլիանին այցի, իսկ հետո այն չեղարկելու մասին հայտնել է Վաշինգտոն Փոստին, որպես չեղարկման պատճառ նշելով այն, թե համաժողովին ներկա է լինելու նաեւ Պուտինը:

Այն, որ Երեւանում տեղի ունենալիք համաժողովին մասնակցելու եւ ելույթ էր ունենալու նաեւ Ռուդոլֆ Ջուլիանին, կարծես թե նախապես ազդարարված չէր, ի տարբերություն օրինակ Պուտինի այցի, որի մասին խոսվում է արդեն ամիսներ շարունակ: Իհարկե այդ այցի շուրջ կար որոշակի հակասականություն, քանի որ մամուլում ներքաղաքական նկատառումով շատ էր շրջանառվում, որ Պուտինը կարող է չգալ՝ Հայաստանի իշխանությունից դժգոհություն ցույց տալու համար:

Ջուլիանին անկասկած չի կարդում հայկական մամուլ, բայց հետաքրքիր է, թե ինչու՞ է նա նոր տեղեկանում Պուտինի այցի մասին: Թե՞ պարզապես նոր են այլ հանգամանքներ, որոնց մասին նա գերադասում է լռել: Ի վերջո հայտնի է նաեւ, որ ԵՏՄ շրջանակում տեղի ունեցող տնտեսական ֆորումին մասնակցելու է նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Արդյո՞ք այդ հանգամանքն է, որ Թրամփի անձնական փաստաբան Ջուլիանիին խանգարում է մասնակցել երեւանյան համաժողովին: Թեեւ, այդ դեպքում ի՞նչն էր նրան խանգարելու ուղիղ նշել այդ պատճառը, ոչ թե Պուտինին:

Բոլոր դեպքերում, Ջուլիանիի հրաժարումը հետաքրքիր է, հաշվի առնելով նաեւ հանգամանքը, որ նա Հայաստանում էր նաեւ մեկ տարի առաջ՝ 2018-ի հոկտեմբերին, ու դարձյալ Եվրասիական տնտեսական միության թեմատիկայով: Իհարկե այն ժամանակ ոչ թե Վեհաժողով էր եւ դրա շրջանակում ֆորում, այլ պարզապես եվրասիական տնտեսական շաբաթ էր, որ Հայաստանում կազմակերպում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Հենց Աբրահամյանն էր նախորդ տարի հոկտեմբերին Եվրասիական շաբաթվա շրջանակում Հայաստան հրավիրել Թրամփի խորհրդական, Նյու Յորքի ամենաարդյունավետ քաղաքապետ եղած գործիչներից մեկին՝ Ռուդոլֆ Ջուլիանիին, որը մասնակցել էր ֆորումին, նաեւ հայտարարել, որ ԱՄՆ-ն ու ԵՏՄ-ն պետք է համատեղ պայքարեն կիբերանվտանգության համար:

Թե ով է Արա Աբրահամյանն ու ինչ վերաբերմունք ունի նա Պուտինի նկատմամբ, հայտնի է թերեւս բոլորին: Եվ ենթադրվում է, որ պետք է հայտնի լիներ նաեւ ամերիկացի գործչին, որը նախորդ տարի հոկտեմբերին Աբրահամյանի հրավերով եղել էր Հայաստանում եվրասիական շաբաթվա հյուր: Իհարկե մի բան է Աբրահամյանի վերաբերմունքը Պուտինին, մեկ այլ բան Պուտինի անմիջական մասնակցությունը ֆորումին:

Ի դեպ, հետաքրքիր էր նաեւ այն, որ Ջուլիանին նախորդ տարի հոկտեմբերին լինելով Հայաստանում՝ Եվրասիական շաբաթվա առիթով ու Արա Աբրահամյանի հրավերով, ունեցավ նաեւ բավականին ուշագրավ հանդիպում: Նա այցելել էր Պաշտպանության նախարարություն եւ տեղի էր ունեցել նրա հանդիպումը նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Այդ հանգամանքը վկայում էր, որ Ռուդոլֆ Ջուլիանիի հայաստանյան այցի հետաքրքրության շրջանակը ավելին էր, քան զուտ տնտեսական շաբաթը: Չի բացառվում, որ Ջուլիանիին հետաքրքրում էր Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո: Առավել եւս, որ Ջուլիանիից կարճ ժամանակ անց ռեգիոնալ այցով Հայաստանի հետ ծանոթացավ նաեւ Թրամփի առանցքային խորհրդական Ջոն Բոլթոնը, որին ԱՄՆ նախագահը պաշտոնանկ արեց օրեր առաջ:

Նշանակու՞մ է արդյոք, որ ներկայումս հետաքրքրությունը կամ անհրաժեշտությունը մեծ չէ, ըստ այդմ, եվրասիական առիթը նախագահ Թրամփի խորհրդականի համար չունի կարեւորություն: Այդ դեպքում, սակայն, հարց է առաջանում, թե ինչու էր նախապես տվել համաձայնությունը, իսկ հետո չեղարկել Պուտինի պատճառով:

Ի վերջո, չէ՞ որ Պուտինի ներկայությունը Թրամփի խորհրդականի համար կարող էր լինել  նաեւ հնարավորություն, ասելիքը անմիջապես նրա առաջ ներկայացնելու:

Իմիջիայլոց, երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ, «ռուսական հետքի» մասին հայտնի քննարկումների բովում Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարեց, որ Դոնալդ Թրամփը Պուտինին կհաղթի նրա իսկ խաղաոճով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...