eshelon ishxanutyun

Հայաստանի հանրային կամ համացանցային շրջանակներում շարունակվում է «հակահեղափոխության», «ռևանշի» կամ «ներիշխանական դավադրության» շուրջ մտքերի աշխույժ փոխանակությունը՝ ամենակոշտ գնահատականներով ու բնորոշումներով:

Ընդ որում, հատկանշականն այն է, որ այդ բուռն քննարկումներում բաց է մի կարևոր հարց՝ «հակահեղափոխականների» կոնկրետ շրջանակը, այն քաղաքական ձևաչափը, որը պետք է իշխանության գա՝ իշխանության կրող Նիկոլ Փաշինյանին գցելուց հետո: Մինչդեռ, դա կարևորագույն բացն է, որը չհասկանալու դեպքում խոսակցությունները դառնում են էմոցիա, վախ, խուճապ, բայց ամենևին ոչ քաղաքական կամ քաղաքագիտական քննարկում:

Կա պարզ մի հարց՝ ո՞վ պետք է դառնար վարչապետ, Նիկոլ Փաշինյանի փոխարեն: Ո՞վ կամ ովքե՞ր էին կազմելու խորհրդարանական մեծամասնությունը: Ինչպե՞ս էր դա տեղի ունենալու, և ի՞նչ էր անելու հանրությունը, որը մի քանի ամիս առաջ 70 տոկոս վստահության քվե է տվել Նիկոլ Փաշինյանին: Ի վերջո, չէ՞ որ հակահեղափոխությունը կամ ռևանշը լոկ Փաշինյանի հեռացումը չէ, դեռ պետք է կազմել նոր իշխանություն: Հիպոթետիկ, կամ ընդհանրական դիտարկումով, հեղաշրջում կամ դավադրություն անողը, Փաշինյանին գցողը պետք է լինի նախկին իշխանությունը: Եվ դա այն դեպքում, երբ նախկին իշխանության որևէ խոսք անմիջապես ցրում է ներկա իշխանության, մասնավորապես վարչապետի գործունեության հետ կապված որևէ հարց: Այն, որ այդ հարցերը կան, շատ են, առիթները բազմաթիվ են, անկասկած է: Եվ հանրությունը տալի է այդ հարցերը՝ բարձրաձայն, կամ ներքին զրույցներում, տալիս է հիասթափված, դառնացած, զայրացած, տարակուսած և այլն: Բայց այդ հարցերը տալիս են չխելագարված: Ինչ է նշանակում չխելագարված կամ իրականության զգացումը չկորցրած: Դա նշանակում է, որ այդ հարցերը տվող մարդկանց մոտ ինքնաբերաբար չեն վերանում հարցերը նախկին իշխանության հասցեին, որոնք կուտակվել ու դարձել են մերժման պատճառ:

Եվ բավական է, որ նախկին իշխանությունը փորձի խաղալ հանրության այն հարցերի վրա, որ կան Նիկոլ Փաշինյանի հասցեին, երբ հանրությունն անմիջապես դադարեցնում է հարցադրումներն ու անցնում հեղափոխական մոբիլիզացիայի: Որևէ մեկը կարծում է, որ նախկին իշխանության շրջանակները չե՞ն տեսնում այդ իրողությունը, չե՞ն չափել ու հասկանում, որ հակահեղափոխության կամ դավադրության փորձը ոչ միայն դատապարտված է լինելու, այլ բումերանգի ավելի ուժգին էֆեկտով վերադառնալու է իրենց: Անկասկած տեսնում են, նրանք ևս խելագարներ կամ քաղաքական անմեղսունակներ չեն: Նրանց վերաբերյալ կարելի է ունենալ ամենասուր գնահատականներ, սակայն երբեք չթերագնահատել մտածելու, հաշվարկելու կարողությունը: Իսկ այստեղ նրանց առաջ բացվում է մեկ այլ հարց: Ներքին կոնսենսուսի հարցը, հենց այդ նույն նախկին իշխանության ներքին կոնսենսուսի: Այստեղ կա վառ մի օրինակ, որն ինդիկատոր է: Բավական էր, որպեսզի քաղաքական սուբյեկտներից մեկը հայտարարեր ընդդիմության լիդերի կարգավիճակում Միքայել Մինասյանի անփոխարինելիության, կամ թեկուզ լավագույնը լինելու մասին, երբ անմիջապես արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի ճամբարը, մի քանի ուղղությունից՝ թե՛ գրասենյակի ղեկավարի պաշտոնական, թե՛ տեղեկատվա-քարոզչական ոչ պաշտոնական խողովակներով, ցույց տալով Մինասյանի այդպիսի հավակնության նկատմամբ մեծ դժգոհությունը: Եվ դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է այսպես ասած՝ տեսական հավակնության տիրույթին:

Ըստ այդմ՝ վերադառնալով հարցին, թե ո՞վ կամ ումո՞վ է փոխարինվելու Փաշինյանը «հեղաշրջման» դեպքում, վերը բերված օրինակի հիմքով ակնառու տեսնում ենք, թե դա ինչ լրջագույն հարց է նախկին իշխանության ճամբարում, նախկին իշխող համակարգի սեգմենտների շրջանակում, և չհաղթահարված, և նույնիսկ հասունացող ինչպիսի մրցակցություն կա այդ տեսանկյունից: Հենց այդ հանգամանքն է, որ գումարվելով լեգիտիմ վարչապետի հանգամանքին, քաղաքական և քաղաքագիտական տեսանկյունից ջնջում է «հակահեղափոխությունը» կամ «ռևանշը» տեսանելի ապագայի համար:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...