Կիրակնօրյա ընթերցումներ.

Պենգ Երզենգը մի ցուլ գնեց: Ցուլը շատ ուժեղ էր, որի համար Պենգ Երզենգը շատ ուրախ էր: Մի գիշեր նա երազ տեսավ: Ցուլը թևեր առավ և թռավ գնաց: Մտածեց, որ երազը լավ նշան չէ, ուստի ուզում էր գտնել մեկին, որը կմեկնաբաներ այն:

Գյուղում ապրում էին տարեց և բանիմաց երեք տղամարդ, որոնց անվանում էին «Երեք ծերունիները»: Պենգ Երզենգը որոշեց դիմել նրանց օգնությանը: Երբ ծերունիները` Ա-ն, Բ-ն և Գ-ն, ցանկապատի պես շարքի տակ նստած ծխում և զրուցում էին, Պենգ Երզենգը մոտեցավ նրանց:

Նա պատմեց իր երազը:

Ծերունի Ա-ն պատասխանեց.

-Ինչպես կարող է ցուլը թռչել: Անհեթեթություն է:
Ծերունի Բ-ն ասաց.

-Դժվար է ասելը: Երբ ինչ-որ մեկի ցուլը հիվանդանում և սատկում է կամ գողանում են, դրա վրա անտեղի գումար է ծախսվում, ինչն էլ նշանակում է, որ ցուլը թռչում, գնում է: Ճի՞շտ չեմ:

Ծերունի Գ-ն, որն իրականում այդքան էլ մեծ չէր, բայց նրանց երեքի մեջ ամենախոր մտքերն ուներ, ասաց.

-Օհ, դու ցուլ ունե՞ս,- հավանաբար նա Պենգին ուշադիր չէր էլ լսել:

Պենգ Երզենգի մտքերն ավելի խառնվեցին: Ինչքան շատ էր մտածում իր երազի մասին, այնքան ավելի էր շփոթվում: Ի վերջո նա որոշեց վաճառել ցուլը: Նա ցուլին խանութ տարավ և այն էժան գնով վաճառեց: Վախենալով, որ կկորցնի փողը` նա այն սրբիչի մեջ դրեց, իսկ սրբիչը փաթաթեց իր թևին: Ապա շտապեց դեպի տուն:

Տուն գնալու ճանապարհին տեսավ, թե ինչպես մի բազե նապաստակ էր ուտում: Բազեն արդեն նապաստակի կեսը կերել էր և իր ծուռ կտուցով ուրախ-ուրախ հոշոտում էր փորոտիքը:

Թաթերի վրա Պենգը մոտեցավ բազեին: Իր ձեռքը առաջ պարզելով` նա հեշտությամբ բռնեց նրան: Բազեն բավական հնազանդ էր և անգամ չփորձեց կտուցով նրա ձեռքին հարվածել կամ նույնիսկ պայքարել, նա միայն իր դեղնավուն աչքերով ուշադիր Պենգին էր նայում:

-Եթե ես սա էլ վաճառեմ, լավ գումար կստանամ, ինչն էլ իսկապես անսպասելի ձեռքբերում կլինի,- մտածեց նա ինքն իրեն: Հետո հանեց իր ձեռքին փաթաթած սրբիչը և դրա մի ծայրը կապեց բազեի ոտքին: Այսպիսով, և’ փողը, և’ բազեն կապված էին սրբիչով: Նա իր աջ ձեռքով ամուր բռնեց բազեին, որպեսզի նա չկարողանա ազատվել սրբիչից և փախչել: Երբ ինքն իրենից գոհ քայլում էր, հանկարծակի մի բոռ կանգնեց նրա ծոծրակին և խայթեց: Նա իր աջ ձեռքը միանգամից տարավ դեպի ծոծրակը` բոռին քշելու, և հանկարծ ափի մեջ արյան հետքեր տեսավ: Հենց այդ պահին բազեն թռավ գնաց` իր հետ տանելով փողը:

Պենգ Երզենգը, գլուխը կախ, հուսահատ քայլերով շարունակեց իր ճանապարհը: Նա նորից հանդիպեց երեք ծերունիներին, և նրանց մանրամասնորեն պատմեց իր գլխին եկածը:

Ծերունի Ա-ն ասաց.

-Ինչո՞ւ ես դու երազներին հավատում: Եթե չհավատաս, ամեն ինչ լավ կլինի:

Տարեց Բ-ն ասաց.

-Աստծո կամքն էր այդպիսին: Չնայած, ինչքան էլ որ ամեն բան ի սկզբանե վիճակված էր, դու էլ քո բաժին մեղքն ունես: Եթե ագահ չգտնվեիր և չբռնեիր այդ բազեին, ոչինչ էլ տեղի չէր ունենա: Ինչպես գիտես, ցուլը թռչել չի կարող, բայց բազեն կարող է: Բազեն թռավ գնաց, ինչն էլ նշանակում է` ցուլն էլ կթռչի:
Տարեց Գ-ն ասաց.

-Այս աշխարհում կապ չունի ցուլը ցուլ է, թե ոչ: Կարևոր չէ` կթռչի՞, թե՞ ոչ: Կարևոր չէ, Ոչինչ կարևոր չէ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...