Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ բրիտանացի Սթիվեն Նյուտոնի պատմածները

- in Իրավունք
cec

Հայաստանի Դատախազությունն ուսումնասիրում է 18 տարի առաջ Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ բրիտանացի Սթիվեն Նյուտոնի պատմածները լրատվամիջոցներին:

Նյուտոնը պատմել է, որ ականատես է եղել, թե ինչպես է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին: Նա նշել է, որ 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահած դատարանը որոշեց հաշվի չառնել իր ցուցմունքները՝ հիմնավորմամբ, թե այն անգլերեն էր։

Դժվար է ասել՝ 18 տարի անց հայ դատավորները որքան են առաջադիմել անգլերենի իմացության ասպարեզում, բայց ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն այս առումով խնդիրներ չունի: Նա ինչ որ ժամանակ աշխատել է Լոնդոնի բարձր դատարանում, որպես գիտնական իրավաբանի օգնական:

Հետո BBC-ի ռուսական ծառայությունը տարածեց հայկական ազգանունով լրագրողի սկանդալային «բացահայտումը» մարտի 1-ի իրադարձությունների մասին: Ճիշտ է, նա հետո կմկմաց իր «ներքին հավաստի աղբյուրների» կապակցությամբ, ինչը վկայում էր, որ այնքան էլ լավ չէր պատկերացրել, թե ինչի հետ գործ ուներ, սակայն նստվածքն, ինչպես ասում են, մնաց:

Վահե Գրիգորյանը փորձեց ստանձնել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, սակայն չստացվեց: ՍԴ-ն դիմեց Վենետիկի հանձնաժողով, հընթացս էլ որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի կապակցությամբ:

Բրիտանական «թեման» Հայաստանի վերջին շրջանի իրադարձություններում բավական շոշափելի դարձավ:

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը առայժմ անորոշ է: Լիդիանը բրիտանա-ամերիկյան ընկերություն է, որի գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին ընդունեց Նիկոլ Փաշինյանը: Սելլերսը Փաշինյանին փոխանցեց ամերիկացի քաղաքական մեկնաբան, Պուլիտցերյան մրցանակակիր Դորինս Քյերնս Գուդվինի «Առաջնորդություն. տուրբուլենտ ժամանակաշրջանում» գիրքը:

Հանքային թեման սակայն կարծես սրանով չի ավարտվում: Վայոց ձորի բնակիչները օրերս բողոքել են մեկ այլ ոսկու հանքավայրի շահագործման դեմ, որի բաժնետոմսերը Հայաստանի նախկին պաշտոնյաներից մեկը փոխանցել է բրիտանական մի ընկերության:

Բրիտանիայի դեսպանն այս օրերին հրաժեշտի հանդիպումներ է անցկացնում: Նրան փոխարինելու է հայազգի բրիտանացի դիվանագետը: Հատկանշական, որ «իրավա-հանքային» այս բարդ շրջանում Լոնդոնը Երեւան է ուղարկում հայազգի դիվանագետի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...