Պրո-հայկական փորձագետների սենսացիոն բացահայտումը

- in Հրապարակ
Russia

Ռուսաստանի մեդիա-փորձագիտական դաշտը եւ Հայաստանի նախկին վարչակարգին հարող շրջանակները վերջին շրջանում քարոզչության հիմնական թեմաներից մեկը դարձրել են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը:

Նշվում է, որ Կրեմլը կասկածանքով է վերաբերվում Հայաստանի կառավարության եւ մասնավորապես վարչապետի քաղաքականությանը:

Նկատելի է, որ այդ քարոզչությունը կոնկրետություն գրեթե չի պարունակում, եւ ավելի շատ տպավորություն է, որ կարծես մեկ կենտրոնից հրահանգված է անընդհատ կրկնել այդ թեզերը, մոտավորապես «խի՞ գլխարկ չես դրել» հայտնի անեկդոտի մոտիվներով:

Հայաստանը շարունակում է մասնակցել պրո-ռուսական բլոկներին, միջազգային կառույցներում շարունակում է քվեարկել Ռուսաստանի օգտին, կատարում է պայմանագրային բոլոր պարտավորությունները: Ընդ որում, դրանք վերանայելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չկան:

Եվ հարց է առաջանում, թե ի՞նչն է պատճառը: Այս հարցին հայաստանյան թերթերից մեկին տված հարցազրույցում վերջապես պատասխանել է Ռեգնումի խմբագիր Մոդեստ Կոլերովը, նշելով երկու պատճառ.

«Գլխավոր սխալ քայլը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճիռը չընդունելն ու անտեսելն էր։ Մյուս քայլը վերաբերում է Հայաստանի կողմից սպառազինության շուկա դուրս գալու վերաբերյալ հայտարարություններին։ Դա նշանակում է, որ դուք Ռուսաստանից սպառազինություն եք ստանում, ապա ցանկանում եք դրա հետ մտնել սպառազինությունների շուկա», ասել է նա։

Քոչարյանի պարագան հասկանալի է, անձնական տիրույթում, եւ այդ հանգամանքը Ռուսաստանի նախագահի պարագայում ավելի ընդգծված բնույթ ունի:

Բայց երկրորդ պատճառը պարզապես ցնցող է: Ստացվում է՝ Հայաստանը չպետք է ունենա ռազմարդյունաբերություն: Ռազմարդյունաբերություն ստեղծելու մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, նրանից առաջ էլ՝ Սերժ Սարգսյանը: Ընդ որում, Սերժ Սարգսյանը Մոսկվային առաջարկել էր համատեղ ռազմարդյունաբերական համալիր ստեղծել Գյումրիում: Ի պատասխան՝ Մոսկվայից խորհուրդ էին տվել ավելի շատ միրգ-բանջարեղեն արտադրել:

Ավելորդ է ասել, որ ռազմարդյունաբերությունը տնտեսության զարգացման, անվտանգության խնդիրների լուծման, այսինքն՝ երկրի ինքնիշխանության հարց է:

Տվյալ դեպքում արժե նշել, որ Ռուսաստանը վերջին տարիներին լծվել է Թուրքիայի հետ ռազմարդյունաբերական համագործակցությանը: Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային փոխանցել անգամ միջուկային ու տիեզերական տեխնոլոգիաներ:

Մենք հիմա Թուրքիայի հետ ենք, հայկական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր պրո-հայկական մեկ այլ փորձագետ՝ Ստանիսլավ Տարասովը: Պետք է ենթադրել, որ ներկայում պրո-հայկական փորձագետների խնդիրն այս կապակցությամբ Ռուսաստանի քաղաքականության «հիմնավորումն է» հայկական մեղավորության կանխավարկածով, թեեւ դա նոր բան չէ: Պարզապես դա գնալով ավելի ընդգծված է դառնում, Ռուսաստանի միջազգային ու ներքին իրավիճակի դեգրադացմանը ուղիղ համեմատական:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...