Երեկ գորբաչովյան շրջանի ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովի 90-րդ տարեդարձն էր: Ռիժկովը գլոբալ քաղաքականության տեսանկյունից աչքի չի ընկել ու հազիվ թե հարկ լիներ անդրադառնալ նրա տարեդարձին, եթե նա չլիներ Հայաստանի Ազգային հերոս ու այդ առիթով երեկ շնորհավորական ուղերձ չստանար վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

«…Հայաստանում Ձեզ ճանաչում և սիրում են ոչ միայն որպես ականավոր քաղաքական գործչի, այլև որպես հայ ժողովրդի իսկական ընկերոջ, ով մեզ անգնահատելի օգնություն է ցուցաբերել Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Եվ պատահական չէ, որ աշխատանքի կազմակերպման գործում ունեցած անձնական մեծ ներդրման և դժվարին ժամանակներում հայ ժողովրդին բացառիկ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար Դուք իրավամբ արժանացել եք «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչմանը»,- իր ուղերձում գրել է Փաշինյանը:

Եթե Փաշինյանը սահմանափակվեր ֆորմալ շնորհավորական ուղերձով, թերևս այդ փաստը նույնիսկ կարող էինք անտեսել՝ դա համարելով դիվանագիտական ժեստ: Սակայն ցավալին այն է, որ Փաշինյանը կրկնում է արտահայտություններ, որոնք բնորոշ են Ռիժկովին Ազգային հերոսի կոչում շնորհած Սերժ Սարգսյանին:

Սարգսյանը ռուսական վասալության ռեժիմի ներկայացուցիչ էր ու թերևս կարող էր Ռիժկովի նման մեկին Ազգային հերոսի կոչում շնորհելու խայտառակ հրամանագիր ստորագրել: Բացի այդ, Հայաստանի Երրորդ նախագահը դա արել է 2008-ի դեկտեմբերի 5-ին, երբ խայտառակ ընտրություններից ու Մարտի 1-ից հետո ամբողջովին հանձնված էր Վլադիմիր Պուտինի ողորմածությանը:

Եթե Հայաստանում իրապես հեղափոխություն է տեղի ունեցել, ապա պետք է վերանայվեր Ռիժկովին հերոսացնելու հրամանագիրը: Ինքնիշխան օրակարգ ունեցող երկիրը չի կարող հանդուրժել նման ստորաքարշություն և հարմարվել նրան, որ Հայաստանն օկուպացրած երկրի վարչապետը կարող է լինել Երրորդ հանրապետության Ազգային հերոս:

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, կրկրնում է Սերժ Սարգսյանի հնչեցրած կեղծիքը: Եթե 88-ի երկրաշարժի հետևանքների վերացման գործում իսկապես Ռիժկովը մեծ ջանքեր գործադրած լիներ, ապա «աղետի գոտի» հասկացությունը վերացած կլիներ դեռ ԽՍՀՄ գոյության տարիներին:

Հետևաբար, պետք է դուրս գալ միֆերից ու ցավով արձանագրել, որ անգամ հեղափոխությունը չկարողացավ հաղթահարել ռուսական վասալության ռեժիմը՝ խոչընդոտելով Հայաստանի ինքնիշխան օրակարգի ձևավորմանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...