Ռոբերտ Քոչարյանը՝ ՍԴ – դատական համակարգ յուրօրինակ «ճոճանակում»

- in Կարծիք

Գլխավոր դատախազությունը տարածել է տեղեկություն, որ Սահմանադրական դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի առնչությամբ, չի ենթադրում երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքի փոփոխություն, քանի որ նրան ներկայացված չէ իր կարգավիճակից բխող գործողության համար մեղադրանք:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են նրա խափանման միջոցի փոփոխություն՝ ՍԴ որոշման հիմքով: Այդ որոշումը ինչպես և սպասելի էր, առաջացրել է երկակի մեկնաբանություն:

Պաշտպանները բնականաբար մեկնաբանում են, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը պետք է փոխվի: Դատախազությունը հայտնում է, որ այն չի փոխվելու: Ի՞նչ կորոշի դատարանը, որը պետք է քննի խափանման միջոցի փոփոխության հարցը, կամ մերժի այդ հարցի քննարկումը:

Ինչպես հայտնի է, Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նշանակել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 12:

Ընդ որում, դատավորը, որին Դավիթ Գրիգորյանի հայտնի պատմությունից հետո տրվել է գործը, դատավարության մեկնարկ է նշանակել առանց խափանման միջոցի փոփոխության հարցի քննարկման: Դա իհարկե ՍԴ որոշումից առաջ էր, գրեթե զուգահեռ: Կփոխվի՞ դատավորի մոտեցումն այդ իմաստով, դժվար է ասել: Միևնույն ժամանակ հատկանշական է, որ գործադիր իշխանությունը ՍԴ որոշումն ընդունել է բավականին զուսպ, և գլխավորը՝ կարծես թե ճանաչել է այն: Այստեղ էական չէ, թե ինչ որոշում է ճանաչվել: Էականն այս դեպքում այն է, որ գործադիր իշխանությունը փաստորեն ճանաչել է ՍԴ որոշումը: Իսկ դա հետաքրքիր է դառնում այն իմաստով, որ Սահմանադրական դատարանում է նաև Ռոբերտ Քոչարյանի՝ ընդհանրապես անձեռնմխելիության հարցը, որի վերաբերյալ ՍԴ-ն խորհրդատվության համար նույնիսկ դիմել է Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ:

Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին որոշումը գործնականում ոչ թե իր այսպես ասած բովանդակությամբ է առավել հետաքրքիր, որքան «նախադեպային» հատկանիշով: Այսինքն, բավականին տարօրինակ կլինի, եթե այս գործում որոշումը հանգիստ ընդունելով, գործադիր իշխանությունը չընդունի անձեռնմխելիության գործում արդեն անցանկալի որոշումը: Միևնույն ժամանակ այստեղ իհարկե էական է դառնում նաև այն, թե ինչպես է գործելու դատարանը՝ ՍԴ որոշման պարագայում: Մի կողմից դատարանը չի կարող անտեսել ՍԴ որոշումը: Մյուս կողմից, եթե այն տա մեկնաբանությունների տեղիք, ապա կստացվի մի պատկեր, երբ Սահմանադրական դատարանը այսպես ասած «հակակշռվում» է Ընդհանուր իրավասության դատարանով: Սա նոր իրավիճակ է, որը տարբերվում է դատական համակարգի շուրջ Ռոբերտ Քոչարյանի մայիսի 18-ի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակից, երբ գործադիր իշխանությունը գնաց դատական համակարգի ուղղությամբ անմիջական հակազդեցության: Այս դեպքում հակազդեցության տիրույթը գործադիրից, առնվազն ֆորմալ իմաստով տեղափոխվում է դատական համակարգ: Եվ այստեղ հատկանշական է այն, որ մայիսի 18-ին հաջորդած իրավիճակում գործնականում լուծվեց ԲԴԽ հարցը, փոխվեց ԲԴԽ ղեկավարն ու կազմը, առերևույթ ստեղծելով փաստորեն հակակշիռների իրադրություն ենց դատական համակարգում: Երկրորդ նախագահի գործը այժմ հայտնվել է այդ մեխանիզմների միջև, ՍԴ-դատական համակարգ յուրօրինակ «ճոճանակում»: