Ռոբերտ Քոչարյանի կողմնակից, փաստաբան Վահե Եփրիկյանն այսօր ֆեյբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է, թե ինչ միջադեպ է երեկ տեղի ունեցել դատավոր Աննա Դանիբեկյանի հետ:

Նա ասել է, որ իր ընկեր Նարեկ Մութաֆյանը Կոմիտասի անվան պանթեոնում պատահաբար հանդիպել է դատավոր Աննա Դանիբեկյանին, և որոշել է նրան հարցնել, թե վարչապետ Փաշինյանի՝ «վնգստացող դատավորներ» արտահայտությունն իրեն վերաբերում է, թե ոչ:

Այս վարկածին, իհարկե, որևէ բանական մարդ չի հավատա, որովհետև Նարեկ Մութաֆյանն ու նրան ուղեկցող մարդիկ ակնհայտորեն հետապնդել են դատավորին՝ գուցե օրեր շարունակ, ու ավելին՝ կազմակերպված սադրանքի հեղինակ են: Ամբողջ խնդիրն այն է, որ Քոչարյանի կողմնակիցները հենց իրենք են հանրայնացրել իրենց արարքը՝ նպատակ ունենալով հասարակությանն ահաբեկել իրենց թիմի «ամենակարողությամբ» և ակնհայտորեն չեն կանխատեսել, որ ոստիկանությունն օպերատիվ ու համարժեք պատասխան է տալու:

Այս ամենի արդյունքում է ծնվել «պատահաբար հանդիպան» վարկածը, որը, սակայն, բնորոշ հատկանիշ, վարքագիծ է ոչ այնքան երկրորդ նախագահին շրջապատող երիտասարդների, որքան՝ հենց Ռոբերտ Քոչարյանի համար:

Ընթացող դատավարության ընթացքում Քոչարյանը փորձում է կատարվածից «չոր» դուրս գալ՝ ամեն բան բարդելով իր շրջապատի կենդանի կամ հանգուցյալ պաշտոնյաների վրա:

Եթե հավատանք Քոչարյանի վարկածին, ապա նա Ստեփանակերտից Երևան է եկել ոչ թե իր կամքով, այլ՝ «պատահաբար» կամ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Սարգսյանի ճնշմամբ:

Ռոբերտ Քոչարյանը չուզելով կամ «պատահաբար» է նպաստել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպմանը՝ չնայած այն հանգամանքին, որ դրանից հետո նա «անգլիական թագուհուց» վերածվեց ասիական դիկտատորի:

Ռոբերտ Քոչարյանը «պատահաբար» իր ենթականերից տեղեկացել է, որ իր նախագահության շրջանում մի քանի աղմկահարույց սպանություններ են տեղի ունեցել:

Քոչարյանի ընտանիքը «պատահաբար» դարձել է միլիարդատեր, որովհետև երկրորդ նախագահը նույնիսկ տեղյակ չի եղել, որ իր որդու հաշվեհամարին միլիոնավոր դոլարների փոխանցումներ են եղել:

Քոչարյանը «պատահաբար» տեղեկացել է, որ ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը 2008-ին արձակել է թիվ 0038 հրամանը ու հենց այդ նպատակով էլ իր ընկեր Պուտինին խնդրել է՝ «ինքանագլուխ» գեներալին «կորցնել» Ռուսաստանում:

Հայկ Հարությունյանի գործողություններից «պատահաբար» տեղկացած Քոչարյանը նախկին ոստիկանապետի երեսը տեսնելու ցանկություն չուներ ու երևի այդ դարդից Հարությունյանը վերջ տվեց իր կյանքին:

Ասում են՝ «պատահաբար» վտանգ է սպառնում նաև Աղվան Հովսեփյանի ու Շերիֆի կյանքին:

Այսքան բան «պատահաբար» չէր լինի, եթե իրապես պատահաբար ու հայտնի հեքիաթի մոտիվներով Արցախից Հայաստան «խոպան» չգար Քոչարյանը՝ արյունի վրա դիզելով իր հարստությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...