Ռոբերտ Քոչարյանի գործը վերջապես սկսվում է

- in Հրապարակ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այդպես է որոշել Ընդհանուր իրավասության դատարանը, մերժելով նրան գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը:

Այդպիսով, ենթադրվում է, որ ի վերջո մեկնարկելու է «դարի դատավարությունը», որի ընթացքում Հայաստանի հանրությունը պետք է ստանա թե՛ Մարտի 1-ի ողբերգության, թե՛ ընդհանրապես Հայաստանում հետանկախական գրեթե ամբողջ շրջանում ձևավորված և իշխած համակարգի գործունեության բոլոր, այսպես ասած, աղմկոտ և ողբերգական դրվագների առաջ բերած հարցերը: Հարցեր, որոնք հանրությանը հուզել են տարիներ շարունակ, հարցեր, որոնք կապված են հանրությանը արցախյան հաղթական շարժմամբ և հաղթանակով ձևավորված պետականության տիրոջ կարգավիճակից, այսպես ասած, մուրացիկի կարգավիճակի հասցնելու հետ, որոնք կապված են հաղթանակած պետության քաղաքացուն գոյատևման ռեժիմի մեջ մտցնելու հետ:

Ներկայումս եկել է այդ հարցերի պատասխանը ստանալու ժամանակը, և Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն այդ հնարավորությունն է:

Ընդգծենք՝ հնարավորությունը հարցերի պատասխան ստանալ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանից, այլ անցնող գրեթե երեք տասնամյակի բոլոր դերակատարներից՝ նախագահներից մինչև նախարարներ, զինվորական և քաղաքական գործիչներ: Ի վերջո, հետանկախական ամբողջ շրջանը անցել է նրանց հավաքական ներգրավվածությամբ, և այդ ներգրավվածությունը պետք է լինի նաև դատավարության ընթացքում, որպեսզի ոչ մի հարց չմնա անպատասխան, և որևէ մեկը չկարողանա խուսափել իր բաժին պատասխանատվությունից, իր արարքներից, կարգավիճակից բխող պատասխանատվությունից:

Դատավարությունը լինելու է այդ համակարգի առերեսումը հանրության հետ: Եվ, իհարկե, համակարգի տարբեր դերակատարները հարցեր են տալու միմյանց, միմյանց են փորձելու մերկացնել, կամ թեկուզ պաշտպանել, փորձելու են դիմել տարաբնույթ մանիպուլյացիաների՝ թե՛ ներսում, թե՛ դրսում: Բայց նաև այդ ճանապարհով է, որ հանրության առաջ նրանք բացվելու են, բացվելու է այն փակ համակարգը, որը թեև հեռացվել է իշխանության կարգավիճակից 2018-ի ապրիլ-մայիսին, այդուհանդերձ շարունակում է հանրության համար մնալ զգալիորեն փակ: Այս իմաստով խիստ խորհրդանշական է, որ երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ հերթական վճիռը դատարանը կայացնում է Անկախության տոնի նախօրեին: Բանն այն է, որ դատավարությունը, որ պետք է ի վերջո մեկնարկի, մեծ հաշվով՝ Անկախության դատավարությունն է, կամ, այլ կերպ ասած՝ միջոցն է պարզելու այն հարցի, թե ո՞վ էր «կալանքը» ընտրել, որպես Հայաստանի Անկախության խափանման միջոց, ովքե՞ր էին խափանել Հայաստանի թանկ գնով ձեռք բերած անկախությունը, ինչու, ինչպես, ինչ մոտիվացիայով կամ պատճառով: Սա հաշվեհարդար չէ, սա անցած մոտ երեսնամյա ուղին վերից վար հասկանալու մի հնարավորություն է, գուցե արտառոց հնարավորություն, որի առիթը ցանկալի է, որ չլիներ, բայց, ի վերջո, այդ առիթը տվել է հենց նույն համակարգը:

Ըստ այդմ, որպեսզի այլևս չկանգնի այդպիսի առիթների անհրաժեշտության առաջ, հանրությունը պետք է կարողանա օգտագործել այս արտառոց հնարավորությունը: Դա ճանապարհ է դեպի իրական Անկախություն, կամ առավելագույնս ամբողջական Անկախություն, երբ պետությունը կախված է միայն ու միայն սեփական քաղաքացու կամքից: Իսկ ահա թե ինչից է կախված այդ կամքը, սա արդեն այլ խոսակցության առարկա է, իհարկե, ոչ պակաս, գուցե ավելի կարևոր, ինչի մասին՝ հաջորդիվ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...