Դատարանը երեկ բավարարել է Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունները:

Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղութամբ: Երկու անձ ձերբակալվել էր:

Ուրբաթ օրը Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել էր Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին և հետապնդելով հարցրել նրան «արդյոք վնգստացող դատավորների թվին է պատկանում»: Տեսանյութը հրապարակվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարել էր այն մասին, որ այսօր դատարաններում կան «վնգստացող դատավորներ». «Տերեր են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, այն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում, բա հիմա մենք մնացել ենք անտեր»:

Ահա այս համատեսքստում նախկին համակարգի ներկայացուցիչները վայնասուն են բարձրացրել, թե իբրև երեկ կալանավորվածները քաղաքական հալածյալներ են, որովհետև ընդամենը կրկնել են Նիկոլ Փաշինյանի բառերը։

Բացարձակապես անհեթեթ պնդում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ինչպես տեսնում ենք մեջբերված նախադասությունից, հանդես է եկել բացառապես քաղաքական գնահատականով՝ չթիրախավորելով կոնկրետ դատավորի ու ընդհանրական կարծիք հայտնելով դատական համակարգի վերաբերյալ, որը երկու տասնամյակից ավելի սպասարկել է քրեաօլիգարխիկ հանցավոր ռեժիմի շահերը։

Վարչապետը տվել է դատական համակարգի ինստիտուցիոնալ էպիկրիզը ու նրա խոսքերի տարատեսակ մեկնաբանությունները պարզունակ մանիպուլյացիա են՝ նպատակ ունենալով արդարացնել երիտասարդների կատարած հանցագործությունը, որում չափազանց մեծ է ցինիզմի բաղադրիչը։

Ի դեպ, դատարանում նույն մանիպուլյացիան իրեն թույլ տվեց նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, սակայն նրա պարագայում դատարանն անգամ սանկցիա չկիրառեց՝ համարելով, որ պաշտպանական խումբը՝ թեկուզև անթույլատրելի հնարքով, կիրառում է որոշակի մարտավարություն՝ մնալով օրենսդրության շրջանակներում։

Այն, ինչը պաշտպանական խումբը կարողանում էր մատուցել՝ որպես մարտավարություն, ամբողջովին շանտաժի ու սպառնալիքի բաղադիչներ ստացավ երիտասարդների կատարմամբ, որոնց առաջադրված մեղադրանքը նույնիսկ մեղմ է, որովհետև նրանք ակնհայտորեն նպատակ են ունեցել ահաբեկել դատավորին, հանրությանը ներշնչել, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմն անպատժելի են ու, ըստ էության, սերմանել վախի այն մթնոլորտը, որը երկրում արմատավորվել է Հայկ Հարությունյանի սպանությունից հետո։

Այսքանից հետո ինչպե՞ս չկասկածել, որ գեներալի մահվան շահառուն հենց նույն գլխավոր ամբաստանյալն է, որը թիրախավորում է բառացիորեն բոլորին, որոնք կարող են իրենց գործողություններով կամ քայլերով կամա թե ակամա հավերժացնել կալանավորի նրա կարգավիճակը։

Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը քաղկալանավոր չեն, որովհետև նրանց ազատությունից զրկումը տեղի չի ունեցել քաղաքական դրդապատճառով, հետևաբար՝ նրանց վրա չի տարածվում ԵԽԽՎ հայտնի բանաձևի չափանիշները։ Այս երկու երիտասարդները ոչ թե քաղաքական կարծիք կամ դիրքորոշում են հնչեցրել, այլ հետապնդել են դատավորի՝ նրան ահաբեկելու, նվաստացնելու նպատակով։ Կալանավորի կարգավիճակում հայտնվել են մարդիկ, որոնց իրավամբ կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանի «քաղաքական թրաֆիքինգի» զոհերը։

Ռոբերտ Քոչարյանի համար մարդն արժեք չէ․ նա կարող է օգտագործվել տարբեր քստմնելի արարքների համար, անգամ՝ խոշտանգվել, սպանվել ու պատահական չէ, որ երկրորդ նախագահի կառավարման շրջանը համարվում է արյունոտ տասնամյակ։

Ի դեպ, նախկին համակարգի ներկայացուցիչները քաղկալանավոր են համարում մի երիտասարդի, որն ակնհայտ քրեական հետագիծ ունի ու դատապարտվել է «նարկոբարիգի» հոդվածով։ Չի կարելի այսքան նսեմացնել, վարկաբեկել քաղաքականությունը։ Չնայած՝ քաղաքականությունը ոչնչանում է հենց այն ժամանակ, երբ դրվում է Ռոբերտ Քոչարյանի անվան կողքին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...