Ռուսաստանը խտրական օրենք է ընդունել Հայաստանի նկատմամբ

- in Սոցիալական

Ռուսաստանում հայերի վարորդական իրավունքի հարցում Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը Հայաստանը դրել է խտրական վիճակում:

Այս մասին այսօր Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Նա նշեց, որ այնպես է ստացվել, որ այս հարցում մեկ պետության ներքին օրենսդրությունը հակասում է ԵՏՄ պայմանագրին: Այսինքն՝ Ռուսաստանի կողմից համապատասխան օրենքի ընդունումը, որով այդ երկրում չեն ճանաչվում հայկական վարորդական իրավունքի վկայականները, ըստ էության հակասում է ԵՏՄ պայմանագրին. Ի սկզբանե դա ակնհայտ էր, ավելին, այդ հարցը քննարկվել է ԵՏՄ-ում: Դրա համար իրենք տանում են մի ուրիշ ճանապարհով, ասում են՝ եկեք բոլորս միասին այդ ոլորտի շուրջ մի հատ համաձայնագիր կնքենք, բայց դա շատ երկար ճանապարհ է, մինչև մենք դրան հասնենք, դա տարիներ է պահանջում: Իսկ մեր վարորդներն այսօր խնդիր ունեն: Երկրորդ ճանապարհը դա այն է, որ այն օրենքը, որն ընդունվել է, ըստ էության, ես չեմ վախենում այդ խոսքից, խտրական է Հայաստանի նկատմամբ: Այնպես է ստացվել, որ ԵՏՄ անդամ բոլոր պետությունների վրա այդ պահանջը չկա, բացի Հայաստանից:

Ըստ Քոչարյանի՝ Բելառուսի, Ղազախստանի հետ հարցերը կարգավորվել էին, այդ երկրների անունները ներառվել են օրենքի մեջ. Ղրղըզները վերջին պահին իմանալով՝ հասցրեցին, որ այնտեղ գրվի՝ Казахстан и Киргизия. Ի՞նչ է պահանջվում, պահանջվում է ընդամենն այդ օրենքում Казахстан, Киргизия, դրանից հետո и Армения ավելացնել: Էդ անում ես, հարցերը լուծվում են, և արդեն երեք տարի է, այս հարցն ըստ էության տարբեր ձևի փորձում են տորպեդահարել: Մեկ ասում են՝ հարցը Դումայում է, մեկ ասում են՝ Դումայում չէ, հետո արդեն խնդիրը տանում են բազմակողմ հարթակ՝ լավ գիտակցելով, որ դա ժամանակ է պահանջում: Այսինքն՝ սա ԵՏՄ որոշում չէ, եթե ԵՏՄ որոշում լիներ, մենք նման բան թույլ չէինք տա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...