Erkatuxi

RTVI հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, թե Ռուսաստանի երկաթուղիներ ընկերությունը, որը կոնցեսիոն պայմանագրով կառավարում է Հայաստանի երկաթուղին, պատրաստվում է խզել Հայաստանի կառավարության հետ պայմանագիրը:

Տեղեկությունը փաստացի հաստատել են ՌԴ Տրանսպորտի նախարարությունում: Հայաստանի երկաթուղիներ ընկերության մամուլի քարտուղարը չի մեկնաբանել տեղեկությունը:

Հայաստանի կառավարության եւ Ռուսական երկաթուղիների հարաբերությունները սրվել են քրեական գործի եւ խուզարկությունների պատճառով: Հայաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ հետաքննում են Հարավկովկասյան երկաթուղու 10-ամյա գործունեությունը եւ ավելի քան 220 մլն դոլարի ներդրումների հանգամանքը: RTVI-իաղբյուրի տեղեկացմամբ, հարուցվել է 7 քրեական գործ, որոնք միավորվել են մեկ գործում: Խուզարկությունների ընթացքում ընկերությունից առգրավել են ողջ արխիվը:

Ըստ աղբյուրի, Մոսկվան առաջարկել է փակել քրեական գործը, փոխարենը խոստանալով ներդրումներ: Սակայն Երեւանը մերժել է առաջարկը:

ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալը հաստատել է, որ ռուսական կողմը սկսել է լրջորեն քննարկել հայկական երկաթուղու կառավարման պայմանագիրը ժամկետից շուտ խզելու հարցը:

Հարավ-կովկասյան երկաթուղի ընկերությունը Հայաստանում հայտնվել է 2008 թ, երբ Երեւանը հայկական երկաթուղին 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնել Ռուսական երկաթուղիներին: Եթե Ռուսական երկաթուղիներ ընկերությունը հեռանա Հայաստանից, կդառնա երկրորդ պետական կորպորացիան, որը հեռացել է, ՌԱՕ ԵԷՍ-ից հետո, որը ՀԷՑ-ը փոխանցեց Տաշիր ընկերությանը:

Վերջերս Տաշիրի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց Հայ ձեռնարկատերերի ասոցիացիա ստեղծելու մասին: Այն կարող է հարմար խողովակ դառնալ Հայաստանի ռուսական ընկերությունների կապիտալի տրանզիտի համար: Սամվել Կարապետյանը հայտարարել է ներդրումային նոր ծրագրերի հնարավորության մասին:

Երկար տարիներ նման դեր էին կատարում Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ընկերությունները: Քոչարյանը ներկայում, ըստ ամենայնի, կորցրել է այդ դերը Ռուսաստանի համար: Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրապարակավ «ուրացել է» հայ-ռուսական հարաբերությունների վրա Քոչարյանի ազդեցությունը:

Ռուսաստանը «նահանջո՞ւմ» է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...