Ռուսաստանի հայկական կապիտալը միավորվում է. որն է նպատակը

Samvel Karapetyan

Տեղեկություն է տարածվել, որ Ռուսաստանում հայկական ծագումով խոշոր գործարարները ստեղծում են Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն ՀԿ:

http://lragir.amԱյն գրանցվել է Մոսկվայում եւ դրա նախաձեռնողներն են ըստ Ֆորբսի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը, Քոմեդի Քլաբի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, Լուդինգ ընկերության սեփականատերը, այլ հայ մեծահարուստներ:

Որն է նոր ընկերակցության նպատակը, առայժմ մանրամասնված չէ: Հայկական կապիտալը միավորվում է ձեռնարկատիրակա՞ն, թե՞ պաշտպանական էֆեկտիվությունը բարձրացնելու համար: Բանն այն է, որ հայկական կապիտալը Ռուսաստանում ունի նաեւ երկրորդի անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն տնտեսա-քաղաքական եւ հասարակական վերափոխումների բարդ շրջափուլը, որում օբյեկտիվորեն հայտնվել է Ռուսաստանը արտաքին ու ներքին քաղաքական մի շարք հանգամանքների բերումով:

Իսկ դրանք առաջացնում են ռիսկեր, այդ թվում նաեւ այսպես ասած «օտար» կապիտալի համար, ինչը արտահայտվել է օրինակ հայ գործարարների նկատմամբ մի քանի աղմկոտ գործերով: Ընդ որում, հայկական կապիտալն այստեղ ունի առանձնահատկություն, ելնելով ոչ միայն զուտ ֆինանսական հանգամանքներից, այլ գործնականում ընդհուպ քաղաքակրթական՝ որ ռուսական պետականության պատմական շրջանագծում ունեցել է հայկական գործոնը, եւ ունի թերեւս այսօր՝ նաեւ ապագայի հեռանկարով:

Հայաստանն ու հայկական գործոնը Ռուսաստանի համար ունեն ընդհուպ պետականաստեղծ եւ պետականապաշտպան նշանակություն: Այդ հանգամանքը միաժամանակ բարձրացնում է թե հնարավորությունները, կշիռը, թե բնականաբար ռիսկերը, որովհետեւ հայկական գործոնն է դարձնում ռուսական պետականության ապագայի եւ իշխանության համար մղվող՝ թե ներքին, թե արտաքին որոշակի մասնակիցների միջեւ պայքարում:

Խոշոր հաշվով այդ պայքարի «դիլեման» ինքնիշխան եւ վասալ Հայաստանի միջեւ է: Ռուսական պետականության շահի համար ներկայում հրամայական է ինքնիշխան Հայաստանն ու այդ Հայաստանի հետ միջպետական հարաբերության կառուցումը: Մյուս կողմից, ակնառու է, որ այդ հայեցակարգի դեմ ինտենսիվ աշխատել եւ աշխատում են շրջանակներ, որոնց համար ռուսական պետականությունը թուրքական ու ադրբեջանական «ենթակայության» տակ պահելն ու այդ համատեքստում Հայաստանն օգտագործելը դիրք է եւ շատ փող:

Այդ լայն համատեքստում է նաեւ հայ-ռուսական միջպետական հարաբերության որակական եւ բովանդակային տրանսֆորմացիայի ներկայիս բախտորոշ շրջափուլը: Լայն համատեքստում մի կողմից էական հնարավորություններ, մյուս կողմից էական մարտահրավերներ ունի նաեւ ռուսաստանահայ կապիտալը, եւ դրա կրողները գիտակցում են այդ խնդիրը:

Միեւնույն ժամանակ, այդ կապիտալը մինչեւ թավշյա հեղափոխություն մտել էր Հայաստանի պետական կառավարման ղեկի համար ներհայաստանյան մրցակցության մեջ, օգտագործելով նաեւ ներռուսական շրջանակների հետ կապերը: Նույն Սամվել Կարապետյանը եւ մի շարք խոշոր գործարարներ Հայաստանի ներդրողների ակումբի ստեղծումով Սերժ Սարգսյանին փորձում էին բերել իշխանությունը շահավետ փոխանցելու որոշման: Դա չստացվեց: Իսկ երբ Սարգսյանը փորձում էր իշխանությունը փոխանցել Նիկոլ Փաշինյանին, հայկական այդ կապիտալը ձգտում էր կանխել այդ փոխանցումը, ներգրավելով ռուսական կապերը: Չստացվեց նաեւ դա:

Մի քանի շաբաթ առաջ Երեւանում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի հանդիպումը, որի ընթացքում, ըստ տարածված տեղեկությունների, եղել են ներդրումային ծրագրերի շուրջ պայմանավորվածություններ:

Արդյոք այդ հանդիպումը ենթադրում էր Հայաստանում նոր իշխանության եւ այդ իշխանության համար թե հին, թե նոր իշխանության հետ մրցակցած ռուսաստանահայ կապիտալի խոշոր պայմանավորվածություն՝ համահայկական համատեքստում, որին շաբաթներ անց հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտի հրապարակում՝ ինքնիշխանության եւ հայկական պետականության անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող Արցախի հաղթանակի արդյունքի պաշտպանության հարցի շուրջ համահայկական կոնսենսուսի վերաբերյալ:

Արդյոք հայկական կապիտալը Ռուսաստանում ձեւավորում է համահայկական պաշտպանական շղթայի օղակներից մեկը, հայկական ինքնիշխան եւ անվտանգ պետականության գոյության համատեքստում դիտարկելով նաեւ իր զուտ կապիտալի պաշտպանության հնարավորությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան