Sasun Mikayelyan

«Ես կարծում եմ՝ Սասուն Միքայելյանը սթափվելու կոչ է արել առաջին հերթին ԱԱԾ նախկին ղեկավարին, որովհետև ըստ էության քաղաքական հայտարարություն արել է նախկին պաշտոնյան, որի իրավունքը չուներ»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով ԵԿՄ նոր նախագահի և նոր վարչության անհրաժեշտության վերաբերյալ խոսակցություններին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «ԵԿՄ վարչությունում այդպիսի տեսակետ օրակարգում չկա և չի եղել: Հազար ու մի խոսակցություն է գնում. Անժելա Թովմասյանն էլ ասում է, որ Հայկ Հարությունյանից նամակ է ստացել. չգիտեմ: Իր կայքում ինչ-որ բաներ էին գրել, որ հերքվեց, չէ՞»:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ պետությունը Մարտի 1-ի գործով առանցքային բոլոր վկաներին պետք է վերցնի հսկողության տակ. «Նրանց որևէ վտանգ չպետք է սպառնա: Դատաքննական պրոցեսը այնքան ձգձգեցին Ռոբերտ Քոչարյանն ու իր պաշտպանական թիմը, որոնց տակտիկական քայլը դատաքննությունը հեռացնելն էր, որ մենք առանցքային վկաներից մեկն արդեն չունենք, ինչի համար շատ ափսոսում եմ: Եվ այժմ պետք է պաշտպանված լինի առաջին հերթին Աղվան Հովսեփյանը»:

«Աստված մի արասցե, բայց եթե ոտնձգություն լինի, 7000 մարդ կկանգնի մեր զինվորի կողքին առաջնագծում, իսկ դա մեծ ուժ է», հայտարարել է ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խորհրդարանական կառավարող կուսակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Հայաստանում սեպտեմբերի 24-ին մեկնարկած զորավարժության մասին: Նրա խոսքերով՝ զորավարժությանը մասնակցել է ավելի քան 6500 ԵԿՄ-ական: Առաջին հայացքից Սասուն Միքայելյանը ներկայացնում է սովորական զորահավաքային վիճակագրություն, ինչը նաև մտնում է գործնականում այդօրինակ զորավարժությունների նպատակների մեջ: Սակայն Միքայելյանը հաջորդիվ, ի պատասխան լրագրողների, անդրադարձել է Արթուր Վանեցյանի շուրջ ստեղծված վիճակին, վարչապետի և Վանեցյանի հայտարարություններին: Եվ երբ նրա զորահավաքային «սովորական» վիճակագրությունը համադրում ենք այդ խոսքերին, ապա ստացվում է ուշագրավ տողատակ:

Իսկ բանն այն է, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը փաստացի իր աջակցությունն է հայտնել Արթուր Վանեցյանին՝ ասելով, որ «ոչ ոք իրավունք չունի ասելու, թե Վանեցյանը ուսադիրները նետել է աղբամանը»: Մինչդեռ, այդ գնահատականը կամ բնորոշումը Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին տվել էր վարչապետ Փաշինյանը: Փաստացի, պատգամավոր Սասուն Միքայելյանը արձանագրում է, որ վարչապետը չուներ այդպես ասելու իրավունք: «Բոլորս պետք է սթափվենք», սթափվելու մասին Վանեցյանի կոչի վերաբերյալ ասում է Սասուն Միքայելյանը՝ խոսելով, որ ինքն էլ ուսադիրներ է կրել: Այդ հիշատակմամբ էլ Միքայելյանը թերևս ակնարկում է այն, ինչ Վանեցյանը ասել էր օրերս բաց տեքստով, որ Նիկոլ Փաշինյանը, կապ չունենալով զինվորականության հետ, չգիտե ուսադրի արժեքը: Այդպիսով, ԵԿՄ նախագահը իրեն, այսպես ասած, քաղաքականապես ավելի նույնացնում է Արթուր Վանեցյանի, քան վարչապետի՝ այն քաղաքական թիմի առաջնորդի հետ, որի անդամ է: Մյուս կողմից, իսկ արդյո՞ք Սասուն Միքայելյանի պարագայում արդեն ժամանակավրեպ չէ, այսպես ասած, ներկա ժամանակով խոսելը՝ քաղաքական թիմի անդամության առումով:

Բանն այն է, որ դեռևս ՔՊ վերջին համագումարից բավական խոսակցություններ եղան Միքայելյանի և ՔՊ հարաբերության սառեցման մասին, երբ նա չհայտնվեց կուսակցության վարչության կազմում: Ամիսների ընթացքում եղել են մի շատ այլ առիթներ, որոնք մեդիափորձագիտական դաշտի համար տվել են Միքայելյանի և ՔՊ, այսպես ասած, երիտասարդ թիմի միջև որոշակի սառնության մասին խոսելու առիթներ կամ հիմքեր: Խոշոր հաշվով, այդ տարբերակումը կամ գիծը անակնկալ էլ չէ, եթե հաշվի առնենք այն, որ Սասուն Միքայելյանը 2008-ին իհարկե հեռացել է ՀՀԿ-ից և սկսել պայքարը իշխող համակարգի դեմ, հետո հայտնվել բանտում, սակայն, խոշոր հաշվով, նա իր քաղաքական արմատներով անկասկած ՔՊ թիմակիցը չէ, որքան էլ գտնվում է այդ միավորի նախաձեռնության ակունքում: Սասուն Միքայելյանը «սերում» է այն համակարգից, որի դեմ հետո, իհարկե, սկսել է պայքարել, և այդ իմաստով կա ՔՊ հետ քաղաքական խորքային ներդաշնակության հարց, որն ինչ-որ պահի դրսևորվելու էր: Եվ այստեղ հարցը բացարձակապես լավ ու վատի կամ սևի և սպիտակի տիրույթում չէ: Պարզապես նախկին իշխող համակարգը իշխանությունից հեռացնելու խնդիր լուծելուց հետո, առավել ևս հեղափոխական ճանապարհով, ի հայտ էին գալու արդեն այն խնդիրները, որոնք մնացել էին պայքարի հեղափոխականության ստվերում:

Սասուն Միքայելյանն ու Արթուր Վանեցյանը կհայտնվե՞ն միևնույն քաղաքական ճամբարում, իրենց հետ տանելով նաև ՔՊ ճամբարում գտնվող որոշակի այլ անձանց, որպիսիք, անշուշտ, կան: Համենայնդեպս, Արթուր Վանեցյանի շուրջ ստեղծված իրավիճակին Միքայելյանի արձագանքը ստեղծում է այդպիսի դիտարկումների հիմք: Այդ համատեքստում էլ նրա վիճակագրական հիշատակումը՝ 7000 ԵԿՄ-ականի մասին, գործնականում ստանում է քաղաքական «հիմնադիր կապիտալի» մասին ակնարկի իմաստ: Միևնույն ժամանակ, դա հետհեղափոխական բնականոն գործընթացի հատկանիշ է և դրվագ, ու այստեղ կարևոր է, որ Միքայելյանը այդպիսի հավակնության պարագայում ստանձնի քաղաքական պատասխանատվություն և չզբաղվի «պարտիզանությամբ», բայց միևնույն ժամանակ նաև ԵԿՄ-ով, որովհետև Երկրապահը քաղաքականությունից դուրս բերելը Հայաստանի Հանրապետության համար ինստիտուցիոնալ հրամայական է:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...