ՍԴ-ն սկսում է Քոչարյանի դիմումի քննությունը

Այսօր՝ ժամը 11:00-ին Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կսկսի գրավոր ընթացակարգով քննել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Այսինքն՝ ՍԴ-ն պետք է որոշի՝ որպես նախագահ լինելով անձեռնմխելի՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը հակասահմանադրական է, թե՞ ոչ:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, հիշեցնենք, երեկ դատարանի երեք անդամների կողմնակալության հարցն էր բարձրացրել, որ նրանք չեն կարող նիստին մասնակցել: Այդ թվում է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Բայց ՍԴ-ն Վահե Գրիգորյանի այս միջնոդրությունը չէր քննել:

Հիշեցնենք, որ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակված էր օգոստոսի 29-ին, սակայն Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ հետաձգել էր քննությունը մինչև սեպտեմբերի 3-ը՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտության հիմնավորմամբ:

Հիշեցնենք, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված Մարտի 1-ի գործի շրջանակներում՝ սահմանադրական կարգի տապալման համար: Նա նաև առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու գործով է մեղադրյալ:

ՍԴ շենքի մոտ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են անում Քոչարյանի կողմնակիցները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...