ՍԴ որոշումից կախված է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը

- in Կարծիք

Այսօր Սահմանադրական դատարանը կհրապարակի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի պատասխանը, որի քննությունը սկսել էր նախօրեին: ՍԴ որոշումից կախված է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Դատարանը պետք է որոշի Քրեական օրենսգրքի հոդվածների սահմանադրականությունը, որոնք առնչվում են Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ կա խնդիր, ապա փաստորեն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է սեպտեմբերի 12-ին մեկնարկելիք իր գործով դատավարությունը դիմավորի ազատության մեջ: Դա իր հերթին կնշանակի քաղաքական նոր իրավիճակ, որում գործող իշխանությունը կարող է կորցնել ռադիկալ տրամադրված հանրային շերտերի որոշակի վստահություն: Թե որքան են այդ շերտերը, ում համար Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը կամ կալանքը ցուցիչ է կամ իշխանության հանդեպ վերաբերմունքի էական չափիչ, բարդ է ասել, որովհետև չկան այդ առումով սոցիոլոգիական տվյալներ, համենայնդեպս հրապարակված: Ըստ այդմ՝ այդ մասին հնարավոր է դատել խիստ սուբյեկտիվ շփումների և դիտարկումների միջոցով, որոնք, իհարկե, չեն կարող բերել ճշգրիտ եզրահանգման:

Մինչդեռ, այստեղ կան էական խնդիրներ, որովհետև քաղաքական շերտերը իսկապես բազմազան են, և ներկայումս ՍԴ-ում տեղի ունեցածն ու սպասվող վճիռը անկասկած պետք է գնահատել ավելի լայն քաղաքական խնդիրների համատեքստում, որ հնարավոր է լուծվում են Հայաստանում և Հայաստանի շուրջ: Մի կողմից առկա է Հայաստանի ներքաղաքական կյանքը բավականին թեժացրած կամ դրան տանող լիցքեր կուտակած Ամուլսարի հարցը, որն ակնհայտորեն շոշափում է ոչ միայն բնապահպանական և ներքաղաքական, այլ նաև աշխարհաքաղաքական շերտեր, ինչի մասին վկայեցին Ջերմուկում զբոսաշրջության մասին ՌԴ դեսպանի լուսանկար-գրառմանը հաջորդած Հայաստանում Ամերիկյան Առևտրի պալատի զգուշացնող հայտարարությունները: Ի դեպ հետաքրքիր է, որ այսօր նաև հայտնի կդառնա, թե արդյոք Ամուլսարի հարցում պե՞տք է նոր ՇՄԱԳ, թե՞ չկա դրա անհրաժեշտությունը: Այդ ֆոնին Հայաստանում սպասվում է ԵՏՄ Վեհաժողովը, որին մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Պուտինը, և այդ մասնակցության առումով տարածվում են իրարամերժ տեղեկություններ, նրա հնարավոր չգալու, Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու պարագայում Պուտինի հնարավոր բոյկոտի մասին:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ Վեհաժողովի օրերին Հայաստան է հրավիրել Իրանի նախագահին: Իրանի դեսպանը խոսել է Հասան Ռոհանիի մոտալուտ այցի մասին, բայց էական է՝ դա կլինի ԵՏՄ Վեհաժողովի՞ օրերին, թե՞ ոչ: Միևնույն ժամանակ, արցախյան հարցում Երևանը ամառը փաստորեն օգտագործեց դիրքորոշումները բավականին կոշտացնելու համար, և այդ ֆոնին է տեղի ունենալու արտգործնախարարների հնարավոր նոր հանդիպումը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ընթացքում, ու նաև այդ առիթով Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ, որտեղ կա նաև ինտրիգը, թե հայկական շրջանակների հետ հանդիպումից բացի՝ ԱՄՆ կառավարության ինչ մակարդակով է ընդունելության արժանանալու Հայաստանի վարչապետը:

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը կասկածից վեր է, որ տեղավորվելու է այս շղթայում և այն ամենևին առանձին գործով կայացվելիք առանձին, այսպես ասած, «հակահեղափոխական» որոշում չէ, որ պետք է լինի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...