ՍԴ որևէ որոշում լինելու է ներքաղաքական իրավիճակի առնվազն նոր էջ

- in Կեղտոտ լվացք

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 3-ին կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանքի սահմանադրականությանն առնչվող նրա պաշտպանների գործը, եթե, իհարկե, վերջին պահին դատարանը դարձյալ չկայացնի այն հետաձգելու որոշում, ինչպես կայացրեց օգոստոսի 29-ին նախատեսված քննարկման համար:

ՍԴ-ն քննելու է այն հոդվածների սահմանադրականությունը, որոնցով որոշվել է երկրորդ նախագահի խափանման միջոցը: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ կա այդ հոդվածների սահմանադրականության հարց, ապա, մեծ հավանականությամբ, ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Կամ իշխանությունը պետք է սահմանի ՍԴ «խափանման միջոց»՝ հայտարարելով ՍԴ որոշումը չճանաչելու մասին: Հնարավոր է դիտարկել, իհարկե, իրադարձությունների զարգացման մի շարք սցենարներ, սակայն մի բան աներկբա է, որ բոլոր դեպքերում ՍԴ որևէ որոշում լինելու է ներքաղաքական իրավիճակի առնվազն նոր էջ: Ով է գրելու այդ էջը՝ սա է հարցը:

Շատ են իհարկե նաև ենթահարցեր՝ սկսած այն հանգամանքից, թե ՍԴ-ն, այդուհանդերձ, ինչո՞ւ որոշեց հետաձգել քննարկման մեկնարկը՝ օգոստոսի 29-ից տեղափոխել այն սեպտեմբերի 3: Մեծ է հավանականությունը, որ պատճառը քաղաքական հանգամանքներն էին, այլապես, եթե խնդիրը զուտ մասնագիտական-իրավական էր, ապա ուսումնասիրություններ կարող էին արվել նաև քննարկման ընթացքում: Կամ՝ նշանակո՞ւմ է արդյոք, որ ՍԴ-ն նախատեսում է կայացնել շատ արագ որոշում, չձգել քննարկումը հանրային դժգոհության և բողոքի ակցիաների առիթ չտալու համար, քանի որ ենթադրվում է, որ կլինեն Սահմանադրական դատարանի դեմ ակցիաներ, որոնց մասին ազդարարվել է ֆեյսբուքյան տարբեր հարթակներում: Մյուս կողմից, այդ մտահոգության պարագայում, ՍԴ-ն հարցը չպետք է քններ ընդհանրապես, և, ըստ այդմ, խնդիրը թերևս այլ է և գտնվում է իսկապես քաղաքական հանգամանքների հարթության վրա:

Ի՞նչ է տեղի ունեցել անցնող օրերի ընթացքում, և արդյո՞ք օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են բաներ, որոնք էական ազդեցություն են ունեցել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը քննելու ՍԴ տրամադրության հարցում:

Արդյո՞ք այդ շարքում կարող է լինել այն, որ ՍԴ-ն սպասում էր երկրորդ նախագահի ծննդյան տարեդարձի առիթով ՌԴ նախագահի շնորհավորանքին և դրա համատեքստին: Միևնույն ժամանակ, օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ մեկ այլ հետաքրքիր բան՝ Ամուլսարի թեժ հարցում «բացվեց» ՌԴ դեսպանը, որն օգոստոսի 30-ին լուսանկար հրապարակեց Ջերմուկում իր հանգստից, անշուշտ, հիանալի պատկերացնելով ամուլսարյան թնջուկի համատեքստում դրա ընկալման հնարավոր տոնայնությունը: Իսկ մեկ այլ հետաքրքիր հանգամանք է և այն, որ մինչև սեպտեմբերի 4-ը շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունն էլ պետք է պատասխանի վարչապետին՝ կա՞ Ամուլսարի հարցում նոր ՇՄԱԳ անհրաժեշտություն, թե՞ ոչ: Ի դեպ, սեպտեմբերի 2-ին Ամուլսարի և «Լիդիան»-ի շուրջ ստեղծված իրավիճակի առիթով իր մտահոգությունն է հայտնել հայ-ամերիկյան Առևտրի պալատը՝ խոսելով այն մասին, որ կառավարությունը պետք է բացահայտի, թե ինչ հանքարդյունաբերող ընկերություններ են կանգնած հարցում «Լիդիան»-ի դեմ արշավում:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...