Սերժ Սարգսյանի աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին հազիվ թե պետք լինի որպես պաշտպանական ռեսուրս

serzh-robert

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ուղերձ հղելով Արցախի անկախության տարեդարձի առիթով, փաստացի այդ առիթն օգտագործել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչով դիմելու համար:

Իսկ այդ կոչը առնչություն ունի ոչ թե Արցախի անկախությանը կամ անվտանգությանը, այլ գործնականում պարունակում է հենց իր՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիրքերից բխող մտահոգություն: Երկրորդ նախագահը համարում է, որ. «Արցախի ռազմաքաղաքական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղաքական վայրիվերումները որևէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջև»: Ուղերձում այդ հիշատակումը, նախ, ինքնին արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այսպես ասած, «առավելագույն ջանք չգործադրելը» այն խնդիրների հարցում, որ մատնացույց է անում Ռոբերտ Քոչարյանը:

Ստացվում է, որ նրա ուղերձն իսկ արձանագրում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առնվազն մի շոշափելի մասում աջակցություն չունենալու հանգամանքը: Ընդ որում՝ խոսքը թերևս առնչվում է առնվազն շոշափելի մի մասի, հակառակ դեպքում երկրորդ նախագահը չէր զգա ուղերձում այդ հանգամանքին անդրադառնալու և կոչի անհրաժեշտություն, ավելորդ ուշադրություն բևեռելով դրա վրա: Այստեղ ամբողջ հարցն այն է, որ հատկապես ի՞նչ տողատակով է արտահայտվում երկրորդ նախագահի մտահոգությունը: Այսինքն՝ նրա համար խնդիրն այն է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պայմանավորվե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, որը ունեցավ օգոստոսի 5-ի ելույթը հենց այդ ղեկավարության ներկայությամբ, թե՞ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է նաև այլ խնդիր, գուցե Փաշինյանի հետ պայմանավորվելուն զուգահեռ:
Խոսքը տվյալ դեպքում այն մասին է, որ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է այդ ղեկավարության՝ ավելի շատ Սերժ Սարգսյանի քաղաքական մարտավարության ու ռազմավարության ենթակայությունը, քան իր: Ու, թեև Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ աջակցում է Ռոբերտ Քոչարյանին և ակնկալում արդարադատության հաղթանակ, այդուհանդերձ, աջակցությունն իսկ նշանակում է, որ կան, այդուհանդերձ, սկզբունքային տարբեր մոտեցումներ:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական ծրագրերի և հավակնությունների տրամաբանության մեջ՝ համենայնդեպս, որը շարադրել է առայժմ իր տարբեր հարցազրույցների, ելույթների, նաև համախոհների տարբեր տեքստերի միջոցով, իր քաղաքական ճանապարհը կամ ծրագիրը դիտարկում է ընդդիմության տիրույթում գերակա: Երբ Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահի կարգավիճակում հայտարարում է իր և կուսակցության աջակցության մասին, որ պատրաստակամ են ցուցաբերել Ռոբերտ Քոչարյանին, դրանով վկայում է, որ քաղաքական-ծրագրային առումով այդուհանդերձ ունեն տարբեր ճանապարհներ և նպատակներ, տարբեր առաքելություններ: Իսկ Սերժ Սարգսյանի աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին հազիվ թե պետք լինի որպես պաշտպանական ռեսուրս: Առավել ևս, որ կա քաղաքական ծրագրային գծերի կամ ճանապարհների տարբերություն և բարդ է ասել, թե Սերժ Սարգսյանը հատկապես ինչի՞ համար է որոշել իր աջակցությունը հայտնել երկրորդ նախագահին, դա իր քաղաքական ծրագրի ո՞ր դրվագի համար է այսպես ասած՝ հաշվարկել: Իսկ ով ով, սակայն Ռոբերտ Քոչարյանը, թերևս, ամենից լավատեղյակ է Սարգսյանի հաշվարկային այդ կարողությանը, որովհետև նախորդ տասնամյակում բավականին հաճախ է բախվել դրա հարուցած խնդիրներին, երբ իր հերթին ձգտում էր լուրջ խնդիրներ առաջացնել Սերժ Սարգսյանի նախագահության համար: Ահա այս իրավիճակը, թերևս, ուրվագծում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ Ռոբերտ Քոչարյանի «ուղերձային խոսակցության» նուրբ տողատակեր, հատկապես, երբ այդ «խոսակցությունը» համեմատում ենք նույն ռազմաքաղաքական ղեկավարությանը հղված Սերժ Սարգսյանի շնորհավորական «ուղերձ-խոսակցության»՝ արմատապես տարբերվող թե՛ բովանդակության, թե՛ տոնայնության հետ: