Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք՝ 2008-ի ամռանը փաստորեն տեղի է ունեցել մարտի 1-ի հետքերը մաքրելու գործողություն:

Ըստ հաղորդագրության՝ բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ են ներգրավված եղել այդ գործընթացում: Մեղադրանք է առաջադրվել այն ժամանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:

Հետագայում իշխանությունն այսպես ասած վերաբացեց գործը, ստեղծվեց խորհրդարանական հանձնաժողով Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, որն ի վերջո հաստատեց պաշտոնական վարկածը: Ստեղծվեց նաեւ փաստահավաք խումբ, որի գործունեությունը նույնպես հետեւանք չունեցավ:

Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել ոչ 0038 գաղտնի հրամանից, ոչ էլ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության հատուկ գործողությունից: Նրա խոսնակը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես որեւէ պատասխանատվություն չի կրում մարտի 1-2-ի իրադարձությունների համար: Հնարավո՞ր է նման բան: Կամ բարձրաստիճան պաշտոնյաները նման բարդ իրավիճակում կարո՞ղ էին գնալ ինքնագլուխ քայլերի, առանց «երաշխիքների»:

Ալիկ Սարգսյանը նույնպես հայտարարել է, երեկվա հաղորդագրությունից հետո, որ ինքը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ, եւ որ մեղադրանքն անհեթեթություն է: Նույնն են կրկնում բոլոր մեղադրվողները:

Իր հերթին, ներկայիս քննությունն առայժմ չի պարզել գլխավոր հարցի պատասխանը՝ 10 մարդու սպանության հանգամանքները: Սա իրադարձությունների շղթայի առանցքային օղակն է: ՀՔԾ-ն ներկայում քննում է մյուս օղակները՝ Սահմանադրական կարգի տապալման եւ մարտի 1-2-ի իրադարձություններին վերաբերվող փաստաթղթերի ու իրեղեն ապացույցների կեղծման գործերը: Այս երկրոդ գործը ի վերջո կդառնա սպանության հանգամանքների չբացահայտման ալիբի՞, թե հակառակը՝ կբերի դրան:

Մինչ այդ, բացի իրեղեն ապացույցների անհետացումից, նոսրանում են նաեւ կարեւոր վկաների շարքերը: 2009-ին սպանվեց փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը, ով 2008-ի հուլիսին, ըստ ՀՔԾ-ի, նեգրավված է եղել հանցագործության պարտակմանը: մահացել է ԱԱԾ նախկին տնօրեն Գորի Հակոբյանը. ըստ գործի նյութերի՝ Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունը սկսել է հենց նրա ներկայացրած տվյալներից հետո:

Երկու օր առաջ, նախնական վարկածով, ինքնասպանություն է գործել մարտյան իրադարձությունների ժամանակ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Երկու առանցքային դերակատար՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը թաքնվում են Ռուսաստանում: Մի քանի տարի առաջ Վանաձորում սպանվեց ՀՀ ոստիկանությունում հաշվառված դիպուկահարը, ով, ըստ ԶԼՄ-ների, եղել է Երեւանում կրակողներից մեկը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...