Հեղափոխության հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իր իշխանության ներկայացուցիչները չպետք է պաշտոնական դիրքն օգտագործեն հարստանալու նպատակով:

Նման պահանջը նույնիսկ հեղափոխական անվանել չի կարելի, որովհետև աշխարհի ցանկացած օրինակարգ իշխանություն բարեվարքության կանոնների պահպանումը համարում է իր սրբազան պարտականությունը:

Չգիտեմ՝ «քայլող» թիմի անդամներն ինչքանով են հետևել Փաշինյանի հորդորին, սակայն ԶԼՄ-ների հրապարակումներից դատելով՝ առնվազն ուժային կառույցների ղեկավարները շարունակել են հավատարիմ մնալ հին համակարգի կանոններին:

Օրինակ՝ մամուլը գրում է, թե ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վալերի Օսիպյանը պաշտոնավարման 1 տարի 4 ամսվա ընթացքում դարձել է 3 բնակարանի և 1 թանկարժեք ավտոմեքենայի սեփականատեր և ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս անց Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից բնակության է տեղափոխվել Կենտրոն համայնք։

Ասում են՝ Վալերի Օսիպյանը սերտ կապեր ունի մոսկվայաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի (հայտնի որպես Մանախի Արմեն) հետ, որը Վալերի Օսիպյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուն պես նրան սպիտակ «Lexus GX470» է նվիրել։

Այս տեղեկություններն Օսիպյանը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել: Փաստն այն է, որ մինչև հեղափոխությունը ցուցարարներ ծեծելու «հռչակ» ունեցող Օսիպյանը հեղափոխության թիմի շնորհիվ «սրբագործվեց»՝ դառնալով գեներալ, որն օր ու գիշեր բացահայտում էր նախկինում տեղի ունեցած հանցագործությունները, օրինակ՝ մի քանի հավերի գողությունը:

Օսիպյանի նշանակումը հեղափոխության թիմի քաղաքական անմեղսունակության դասական օրինակ էր, որովհետև նախորդ համակարգի վերնախավի դեմ անհանդուրժողականություն դրսևորած թիմը գերադասեց բարձր պաշտոնում նշանակել հների կատարողին՝ անտեսելով այն հանգամանքները, որ Օսիպյանը չունի գեներալ-հրամանատարական խարիզմա ու օբյեկտիվորեն չի կարող ազատվել նախկին համակարգի ստվերից:

Երբ խոսում ենք նախկին համակարգի ու, ենթադրենք, Օսիպյանի հոգեհարազատության մասին, պարտադիր չէ ենթադրել, որ նախկին ոստիկանապետն իր պաշտոնավարման ընթացքում ուղղակի առնչություններ է ունեցել Քոչարյան-Սարգսյան զույգի կամ նրանց շրջապատի հետ: Ավելի կարևոր է այսպես ասած՝ մենթալիտետային հոգեհարազատությունը, որը փաստացի հանգեցրել է Օսիպյանի ու քրեական հետագիծ ունեցող գործարարի համագործակցությանը:

Կամ արժե՞ր Արթուր Վանեցյանին նշանակել ԱԱԾ տնօրեն՝ միայն այն բանի համար, երբ հեղափոխության օրերին նա որոշակի ինֆորմացիա է փոխանցել Փաշինյանի թիմին: Ի վերջո, հեղափոխությունը հաղթել է ոչ թե այդ կասկածելի ինֆորմացիաների, այլ հասարակության միանշանակ կամքի շնորհիվ:

Մյուս կողմից՝ ո՞րն է երաշխիքը, որ մի անգամ համակարգին դավաճանած Վանեցյանը չէր դավաճանելու նաև Նիկոլ Փաշինյանին, մանավանդ որ գաղտնալսումների սկանդալային պատմությունը ու ԱԱԾ-ից նյութերի անհետացման առեղծվածը խիստ կասկածելի են ու իրավունք ունենք մտածել, որ Վանեցյանը հերթական անգամ «հավատարիմ» է մնացել:

Պաշտոնանկ արված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Կրեմլի վարձկաններից և Հայաստանում գործող հինգերորդ շարասյան ներկայացուցիչներից է․ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Այս պարագայում Սեֆիլյանը միանշանակ ճիշտ է, սակայն ճշմարտությունն այն է, որ Վանեցյանին նման «կարգավիճակ» նվիրել է Նիկոլ Փաշինյանը, հակառակ պարագայում ՊՊԾ գնդի իրադարձությունների կադրերի լուսանցքում երևացող Արթուր Վանեցյանը մնալու է Սերժ Սարգսյանի «տան տղու» դերում՝ չձգելով գլոբալ դերակատարության:

Օսիպյանը վատ է աշխատել ոստիկանապետի պաշտոնում և չպետք է հանդուրժվի վարչապետի խորհրդականի կարգավիճակում՝ այդպիսով ծաղրի ենթարկելով մեր հասարակությանը: Ինչ վերաբերում է «պուտչիստ» Վանեցյանին, ապա նրանով պետք է զբաղվի ոչ թե վարչապետը, այլ իրավապահ մարմինները, եթե, իհարկե, ԱԱԾ նախկին տնօրենը շարունակի շանտաժը՝ սպառնալով ազգային անվտանգությանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...