Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքել է իր հրաժարականի հնարավորության վերաբերյալ տեղեկությունները: Դրանք մամուլում էին հայտնվել Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, երբ գրվել էր, որ հաջորդական հրաժարական են ներկայացնելու ուժային բլոկի պաշտոնյաները:
Այսպիսով, Հայաստանում տեղի է ունենում իրավապահ երկու առանցքային կառույցի՝ ԱԱԾ և ոստիկանության պետերի փոփոխություն, ինչը զուտ ոլորտային նշանակության հանգամանքների և մոտիվների շարքին զուգահեռ՝ անշուշտ ունի նաև ընդհանրապես ներքին հասարակական-քաղաքական իրավիճակն ու դրա զարգացումը բնորոշող առանցքային նշանակություն:
Կլինե՞ր Օսիպյանը ոստիկանապետ, եթե, օրինակ, չլիներ ոստիկանապետի նշանակման հարցում օրենքի դրույթը, որը բացառում էր համակարգից դուրս անձի նշանակումը: Շատ դժվար է ասել, բայց այսպես թե այնպես՝ Վալերի Օսիպյանն ու Արթուր Վանեցյանը հեղափոխությունից հետո հայտնվեցին առաջին պլանում ընդդեմ այն համակարգի, որի, այսպես ասած, տարբեր երկրորդ պլաններում ձևավորվել և աշխատել էին որպես գործիչ: Այս հանգամանքը իր մեջ պարունակում էր հեղափոխության թավշի տրամաբանությունը: Բայց հնարավո՞ր է ասել, որ Օսիպյանի և Վանեցյանի հեռանալով հեռանում է նաև այդ տրամաբանությունը: Հազիվ թե, որովհետև այստեղ նրանք խորհրդանշում էին, բայց չէին պայմանավորում այդ տրամաբանության էությունը:
Կարող ենք ասել, որ Վանեցյանի և Օսիպյանի հեռանալով հեռանում է հեղափոխությունն ինքնին՝ որպես ամենատարբեր ու հակասական կոմպրոմիսներից ծնվող կիզակետային երևույթ: Հեղափոխություններն այլ կերպ չեն լինում: Դրանք իրականանում են, երբ գտնվում է ամենատարբեր հակասական հանգամանքների և շահերի ինչ-որ բնական և հրատապ փոխզիջում: Վանեցյանի և Օսիպյանի հեռացումը նախանշում է այդ փոխզիջման ավարտը, և մենք տեսնում ենք, թե ինչպես են զուգահեռ ձևավորվում և ձևակերպվում ներքաղաքական շահի կենտրոնները: