Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին պաշտոնից ազատված մարդիկ հաճախ այցելում էին Արցախ, լուսանկարվում էին նախագահ Բակո Սահակյանի հետ, ներդրումային խոստումներ էին տալիս: Սա համարվում էր, այսպես ասած, համակարգային քավարանի ճանապարհ:

Բանն այն է, որ Սարգսյանը գիտեր ինչքան է քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն դեմքերի քսակի իրական պարունակությունն, այլ կերպ ասած՝ թալանի իրական չափը: Ըստ այդմ, Բակո Սահակյանը, որը Սերժ Սարգսյանի մոտ հարցեր կարգավորող էր, անհրաժեշտաբար բարեխոսում էր նախկին պաշտոնյաների համար, որոնք Արցախում համարժեք «մուծվել» էին:

Նման վարքագիծը միանգամայն բնականոն կարելի է համարել քրեաօլիգարխիկ համակարգի համար, որտեղ չգրված կանոններն ավելի կարևոր են, քան՝ լեգալ գործիքները:

Հեղափոխությունը որոշակիորեն փոխեց Արցախի էլիտայի դերը քաղաքական համակարգում: Երևանում քրեաօլիգարխիկ համակարգն ապամոնտաժված է, իսկ Արցախի իշխանությունը դարձել է յուրօրինակ մագնիս նախկին համակարգի գործիչների համար, որոնք պաշտոնական Ստեփանակերտն ու առաջիկա ընտրությունները համարում են ռևանշի հասնելու յուրօրինակ միջոց:

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գտնվում է Արցախում: Տեղեկություններ կային, որ նա հանդիպելու է Արցախի հանրապետության ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչների հետ:

«Իմ անձնական կյանքը, ինչ կարևոր է, թե ես որտեղ եմ: Այո՛, Արցախում եմ, բայց պետական մակարդակի ոչ մի հանդիպում նախատեսված չի: Արցախում եմ Պարգև Սրբազանի հրավերով՝ Արցախի թեմի 30-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար»,- լրատվամիջոցներին ասել է Արթուր Վանեցյանը:

Միանգամայն հնարավոր է, որ Վանեցյանը անկեղծ է ու ներկայացնում է Արցախ մեկնելու իրական վարկածը:

Մյուս կողմից՝ արդեն ունենք նախադեպեր, երբ Վանեցյանը, մեղմ ասած, անկեղծ չէ:

Օրինակ՝ նա կտրականապես հերքում էր իր առնչությունները Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, սակայն սոցիալական ցանցերում հայտնվեցին նրա ու Մինասյանի PR-ի պատասխանատուներից մեկի լուսանկարները:

Կամ Վանեցյանը խոսում է սպայական պատվից՝ անտեսելով հիերարխիայի սուբորդինացիայի բոլոր կանոնները:

Սակայն ավելի էական է այն հանգամանքը, որ Վանեցյանն Արցախ է մեկնում Մոսկվայից անմիջապես հետո: Իհարկե, մենք բնավ չենք ուզում ավելորդ ինտրիգ հաղորդել Վանեցյանի արցախյան օրակարգին, սակայն փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանի իշխանության ընդդիմախոսներն ամենևին էլ դրական առաքելությամբ չէ, որ մեկնում են Արցախ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...