Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը քաղաքական հետապնդում է գնահատել իրեն քրեական գործով մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, որի վերաբերյալ ՀՔԾ-ն տեղեկություն էր տարածել նախօրեին: Խոսքը վերաբերում է ՊՆ-ում բնակարանների բաշխման գործընթացին: Վիգեն Սարգսյանը հերքել է մեղադրանքը՝ ասելով, որ գործընթացը տեղի է ունեցել հսկող հանձնաժողովի առկայությամբ:

Նախօրեին իրավապահները հայտնել են նախկին երկու բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մեղադրանքի մասին: Մեկն իհարկե ներկայացվել է ուղղակի՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ մարտիմեկյան գործի շրջանակում ապացույց կեղծելու գործով, իսկ Վիգեն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ բնակարանների բաշխման հիշատակված գործով: Երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ իրավապահների այդ գործողությունները հաջորդում են նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան աղմկոտ դեպքին՝ ինքնասպանության նախնական վարկածով, և ԱԱԾ պետի ու ոստիկանության պետի պաշտոնանկության մասին որոշումներին:

Զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայտարարեց, որ այդ պաշտոնանկությունները եղել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցում արդյունավետությունից ունեցած դժգոհության պատճառով: Արդյոք Ալիկ Սարգսյանի և Վիգեն Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթացները պայմանավորվա՞ծ են փոփոխություններով, թե՞ պարզապես քաղաքական իշխանությունը, ի պատասխան նախկին իշխող համակարգի քարոզչատեղեկատվական և քաղաքական ակտիվության նկատելի աճի, փորձում է ավելացնել ճնշումը այդ ակտիվությունը զսպելու համար:

Հատկանշական է, որ խնդիրը վարչապետ Փաշինյանը բարձրացրել է ընդհուպ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի ամբիոն՝ դրա ընթացքում ունեցած իր ելույթի մեջ անդրադառնալով այն հանգամանքին, որ նախկին համակարգը փորձում է մեծ դիմադրություն ցույց տալ, խոչընդոտել արդարադատությանը: Եթե Նիկոլ Փաշինյանն այդ հարցը բարձրացնում է ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի ամբիոն, ապա պետք է ենթադրել, որ նա խնդրի համատեքստը դիտարկում է ավելի մեծ, քան Հայաստանի ներքաղաքական կյանքի շրջանակն է: Այլապես կարող է ստացվել, որ ՄԱԿ ամբիոնից իր ելույթում նախկին համակարգի դիմադրության հիշատակումը պարզապես Հայաստանում նոր իշխանության գործունեության համար որոշակի «ալիբի» ապահովելու նպատակ ունի, թեկուզ, այսպես ասած, ավանսով:

Իրականում ո՞ր դեպքի հետ գործ ունենք՝ վարչապետը ներքին դիմադրությունը դիտարկում է ավելի լայն արտաքին տողատակո՞վ՝ ըստ այդմ, ՄԱԿ ամբիոնից ազդարարելով, փորձում է նաև դաշնակիցներ գտնել արտաքին տիրույթում դիմադրությանը դիմակայելու համար, թե՞ կա մեկ այլ խնդիր էլ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում էր միջազգային ամբիոնում որոշակիորեն ուրվագծել մի իրավիճակ, որով ձևավորելու է Հայաստանի իշխանության ներքին քաղաքականության՝ անհրաժեշտության դեպքում որոշակի կոշտացման ըմբռնողության նախնական բազան:

Հնարավոր է, որ վարչապետ Փաշինյանն այդ իմաստով հարցը դիտարկելով ՄԱԿ ամբիոնում՝ փորձում էր նաև շոշափել տրամադրություններ այդ ասպարեզում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...