Թուրքիան Հայաստանի եւ Արցախի դեմ աջակցելով Ադրբեջանին, շարունակում է սպառնալիք լինել Հայաստանի համար, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի համար գնահատելով սպառնալիք, Նիկոլ Փաշինյանը թերեւս շոշափել է երկու տողատակ՝ մերձավորարեւելյան եւ հայ-ռուսական: Վարչապետի ելույթում հնչած շեշտադրումը անշուշտ պարունակում է Հայաստանի որոշակի վերաբերմունքը Սիրիայի հարցում Թուրքիայի քաղաքականության եւ մտադրությունների նկատմամբ: Այդ իմաստով, Փաշինյանի հիշատակումը հետաքրքիր է օրեր առաջ՝ սեպտեմբերի 16-ին Անկարայում տեղի ունեցած Էրդողան-Պուտին-Ռոհանի հանդիպմանը հաջորդելու առումով: Այդ հանդիպմանը Աստանայի ձեւաչափով քննարկվել է Սիրիայի հարցը, անկասկած ռեգիոնալ լայն համատեքստում:

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում իր ելույթում Երեւանի վերաբերմունքն է հայտնում Հայաստան ՌԴ նախագահ Պուտինի եւ Իրանի նախագահ Ռոհանիի սպասվող այցին ընդառաջ: Միաժամանակ այդ ընդգծումը հատկանշական է Իսրայելում դեսպանատուն բացելու Երեւանի որոշման ֆոնին, որ կայացվեց մինչեւ Փաշինյանի ԱՄՆ մեկնելը:

Թուրքիան եւ Իսրայելը ներկայում միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանության մեջ են: Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, որը կանգնած է հերթական արտահերթ ընտրությունից հետո կոալիցիոն կառավարություն ձեւավորելու մարտահրավերի առաջ, թվիթերյան գրառումով Թուրքիային հիշեցրել էր հայերի կոտորածները: Նա ասել էր, թե դրա պատասխանատվության տակ գտնվող երկիրն իրավունք չունի ասել Իսրայելին, թե ինչ անել:

Հայերի ցեղասպանության հարցն Իսրայելի համար իհարկե Թուրքիային «նյարդայնացնելու» միջոց է, որին առաջին անգամ չէ, որ դիմում է այդ երկիրը՝ ինքը ճանաչած չլինելով հայերի ցեղասպանությունը: Այդ իմաստով Երեւանն անշուշտ չունի ոգեւորության առիթ, սակայն թուրք-իսրայելական հարաբերությունն օգտագործելու հնարավորությունը միշտ պետք է լինի Երեւանի ուշադրության կենտրոնում:

Միաժամանակ, ՄԱԿ ամբիոնից Փաշինյանի ելույթում Թուրքիային տրված գնահատականը բավական սուր ակնարկ է նաեւ ՌԴ հասցեին: Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակում է լինել Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու գործընկերը: Միաժամանակ, հայտարարելով, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի համար լինել սպառնալիք, Նիկոլ Փաշինյանը բավականին թափանցիկ ակնարկում է, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը շարունակում է «սնուցել» այդ սպառնալիքը, այն դեպքում, երբ Հայաստանը որեւէ կերպ կասկածի տակ չի դնում դաշնակցային պարտավորությունները:

Ռուս-թուրքական ռազմա-տեխնիկական գործակցության մասին հայտարարություններում արդեն խոսվում է ոչ միայն C 400 ՀՕՊ համակարգերի, այլ նաեւ SU 35 բազմաֆունկցիոնալ կործանիչների շուրջ գործարքի մասին: Ավելին, Էրդողանն օրերս հայտարարել էր Թուրքիայի միջուկային սպառազինություն ունենալու իրավունքի մասին: Հաշվի առնելով աշխարհքաղաքական իրողություններում ռուս-թուրքական ռազմա-տեխնիկական գործակցության դինամիկան, ամենեւին անհիմն չի կարող լինել կանխավարկածը, որ Մոսկվան Թուրքիային կարող է աջակցել անգամ այդ հարցում: Առավել եւս, որ, օրինակ արդեն իսկ հավաստիացումներ են հնչում տիեզերական տեխնոլոգիաների հարցում աջակցության պատրաստակամության մասին:

Անշուշտ, ռուս-թուրքական գործակցությունը ամենեւին ենթակա չէ միարժեք գնահատման, սակայն Երեւանը պետք է առաջնորդվի «վատթարագույնին պատրաստ լինելու» տրամաբանությամբ եւ ձեռնարկի դրանից երաշխավորվելու կանխարգելիչ քայլեր: ՄԱԿ ամբիոնից հնչած ակնարկը թերեւս այդ տրամաբանության համատեքստում է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...