Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցն արժանացավ ամենատարբեր գնահատականների, «ոչինչ չասող այց»-ից մինչեւ «ահռելի կարեւորություն» բնորոշումը:

Ինչպիսի՞ն էր այցն իրականում: Մի բան ակնհայտ է, որ ՄԱԿ ԳԱ առիթով ԱՄՆ կատարած այցը ամենեւին չէր հավակնում լինել վճռորոշ կամ առավել եւս ճակատագրական: Մյուս կողմից, ԱՄՆ այցերը Հայաստանի ղեկավարների համար ինքնաբերաբար ունեն մի քանի թիրախային ուղղություն՝ միջազգային հարթակներ, հայ-ամերիկյան հարթակ, ներհայկական կամ համահայկական հարթակ՝ հաշվի առնելով ԱՄՆ հայկական համայնքի ներուժը թե տնտեսական, թե քաղաքական առումով:

Վարչապետի ամերիկյան այցի շրջանակում գերակայում էր վերջինը՝ համահայկական հարթակը: Միջազգային եւ հայ-ամերիկյան միջպետական հարթակների առումով չեղավ տպավորիչ անցուդարձ, թեեւ այդ մասին ամենեւին էլ ազդարարված չէր:

Հենց սկզբից էլ նշվում էր, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպում չի սպասվում, թեեւ դրա վերաբերյալ որոշակի «սպասումներ» նրբորեն գեներացնում էր այսպես ասած ընդդիմադիր կամ նախկին իշխանության մամուլը, ակնհայտորեն հետո այդ հանդիպումների չլինելը որպես անհաջողություն կամ անարդյունավետություն գնահատալու համար:

Գործնականում, Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցը առերեւույթ սովորական այց էր, որտեղ տպավորիչը շփումն էր ամերիկահայ շրջանակների հետ եւ հանրահավաքը Գլենդեյլում:

Մյուս կողմից, սակայն, երբ խոսվում է հայկական համայնքի մասին, այստեղ ներկա է նաեւ հայ-ամերիկյան հարթակը: Հայաստանում ԱՄՆ դեսպանները տարբեր տարիների ու տարբեր առիթներով հայտարարել են, որ հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարի հարցում էական դեր ունի Հայաստանի առաջընթացի, Հայաստանում փոփոխությունների գործում ամերիկահայ համայնքի ներգրավվածությունը:

Այլ կերպ ասած, պաշտոնական Վաշինգտոնը հայ համայնքը դիտարկում է հայ-ամերիկյան միջպետական հարաբերության հաղորդուղի, կարեւոր սուբյեկտ, ինչի մասին վկայել են ոչ միայն ԱՄՆ տարբեր դեսպանների հայտարարությունները, այլ նաեւ հանգամանքը, որ նրանք այցելել են ԱՄՆ հենց հայկական կազմակերպությունների հետ հանդիպումների համար, եւ դեսպանատները տարածել են այդ մասին պաշտոնական հաղորդագրություններ:

Այդպիսով, ամերիկահայ կազմակերպությունների հետ հանդիպումները նաեւ որոշակի իմաստով «եռակողմ»՝ Հայաստան-ամերիկահայություն-ԱՄՆ հանդիպումներ են, եւ այդ ոչ պաշտոնական «ֆորմատը» դե ֆակտո ճանաչել է նաեւ պաշտոնական Վաշինգտոնը:

Խոշոր հաշվով, դա հայ-ամերիկյան հարաբերության որոշակի առանձնահատկություն է, որ դրսեւորվել է նաեւ նախկինում եւ պայմանավորված է մի կողմից ամերիկյան քաղաքականության «կառուցվածքային» առանձնահատկությամբ, մյուս կողմից Հայաստանի շուրջ աշխարհքաղաքական որոշակի իրողություններով:

Ըստ այդմ, ամերիկյան այցն այդ առումով եղել է բավական հագեցած, երբ դուրս ենք բերում արհեստականորեն գեներացված աստիճանակարգային սպասումներն ու դիտարկում իրական քաղաքականության հողի վրա: Հարցը տվյալ պարագայում այն է, թե ինչպիսի արդյունավետության մասին կարող է լինել խոսքը արդեն հեռանկարի իմաստով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...