Փաշինյանը հանդիպել է խմբակցության որոշ անդամների

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության անդամ էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խմբակցության այն պատգամավորների հետ, որոնք, իր կարծիքով դժգոհություններ ունեն կառավարության կողմից վարվող քաղաքականությունից:

Վարչապետը հորդորել է նրանց չհետեւել Առաքելյանի օրինակին, ոչ միայն մանդատը վայր չդնելու, այլ նաեւ խմբակցությունից դուրս չգալու հարցում, հավաստիացնելով, որ կառավարության կողմից վարվող քաղաքականությունը շատ ճիշտ է, ուղղակի ինքը չի կարող որոշ նրբություններ բացահայտել»:

Հրապարակ թերթը գրում է. Իմքայլականների հետ վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել` արագացնել ընտրական եւ կուսակցությունների մասին օրենքների փոփոխությունների մշակումը:

«Հանձնարարվել է Համազասպ Դանիելյանին հնարավորինս արագ` մինչեւ տարեվերջ, օրենքների հետ կապված աշխատանքն ավարտել։ Խնդիրը ոչ միայն Գյումրիում գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններն են, այլեւ բուն Երեւանը. ֆրակցիայում մտահոգություն կա, որ Երեւանի դեպքում ամեն րոպե հնարավոր են ֆորսմաժորային զարգացումներ:
Ի դեպ, ընթացքի մեջ է նաեւ տեղական անցանկալի ղեկավարների նկատմամբ օրենքի փոփոխությունների հարցը՝ օրենքի նորմով իքս քանակի ստորագրություններով, հարցը դնել հարաքվեի եւ համայնքապետին անվստահություն հայտնել։ Սակայն մտավախություն կա, որ այն կարող է տարածվել նաեւ Երեւանի քաղաքապետի վրա, ուստի դեռ ոտներս կախ ենք գցում: Կուսակցությունների մասով խստացվելու է գրանցման, մանավանդ՝ համագումարներ չանցկացնելու հարցը, ընդհուպ մինչեւ կուսակցության փակման դրույթ»,- ասաց իմքայլականը:

Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ «Իմ քայլը» ընդդիմությանը հակադրվելիք լուրջ թեկնածու չունի Գյումրիում, ուստի որոշել եք «քամ բաք» անել Ֆելիքս Ցոլակյանին։ «Այս պահին դեռ վաղ է այդ մասին խոսելը. մեր ուշադրությունն այս պահին սեւեռված է Ամուլսարի վրա»: Իսկ հանդիպման ժամանակ իսկապե՞ս Փաշինյանը խստիվ զգուշացրել է, որ որեւէ մեկը հույս չունենա, որ Ամուլսարի կամ մեկ այլ պատճառով ֆրակցիայից դուրս գալով՝ կարող է անկախ պատգամավոր դառնալ՝ մանդատն անպայման վայր եք դնելու։ «Նո քոմենթ»։

Հրապարակ թերթը գրում է. Երեկ լուր տարածվեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ապա Փաշինյանի հորդորով հրաժարվել։

Լուրն արագությամբ հերքեցին պատկան մարմինները, բայց Հայաստանը փոքր երկիր է, եւ նման տեղեկությունները, որոնք, որպես կանոն, իրական են լինում, արագ են տարածվում։ Մենք փորձեցինք լրացուցիչ տեղեկություններ ստանալ այդ հրաժարականից, կառավարությանը մերձ շրջանակից մեզ ուշագրավ տեղեկություններ հաղորդեցին։

Ասացին, որ ոչ միայն Վանեցյանը, կառավարության գրեթե բոլոր անդամները պարբերաբար դիմումներ են գրում, ապա դրանք պատռվում են վարչապետի կամ հենց դիմումատուների կողմից։ Նման դիմումներ գրել են ե՛ւ փոխվարչապետերը, ե՛ւ նախարարները, ե՛ւ քաղաքապետը։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը հեշտ չէ՝ նա բռնկվող է, անհավասարակշիռ, զայրանալիս կարող է մարդուն վիրավորել, ասել՝ դիմում գրի, գնա։ Հետո պաղում է, երբեմն՝ փոշմանում, բայց դիմացինները ծանր են տանում այդ պահվածքը եւ փորձում են թողնել հեռանալ։