Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ժիրայր Սէֆիլյանը հայտարարում է, որ արտահերթ ընտրության մասին

JIRAYR SEFILYAN

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի հետ հանդիպման ժամանակ լսել է ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ վերջիններիս կարծիքները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

Այս մասին «Արմենպրես» – ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուքասզյանի միջև հանդիպումը տեղի է ունեցել վերջիններիս նախաձեռնությամբ, որոնք դիմել էին վարչապետին՝ հանդիպման խնդրանքով: Հանդիպման ընթացքում վարչապետը լսել է ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ վերջիններիս կարծիքները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Հանդիպումից հետո Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի արտահայտած մտքերին անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ այդ մեկնաբանություններում նրանք արտահայտել են իրենց անձնական տեսակետներն ու ընկալումները»,- ասաց նա:

Սասնա ծռեր կուսակցության առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում արտահայտել է տարօրինակ եւ ինտրիգային մտքեր:

Սէֆիլյանը հայտարարել է, որ «եթե չլինի ֆորս մաժոր, ապա իրենց կարծիքով հաջորդ տարի կլինի արտահերթ ընտրություն»: Նա միաժամանակ ասել է, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իրականում չունի մեծամասնություն, եւ այդ մեծամասնությունը հատուկ ծառայությունների ճնշման տակ կարող է քվեարկել Փաշինյանի պաշտոնանկության օգտին: Ըստ Սէֆիլյանի՝ «հինգերորդ շարասյան» նպատակը հենց արտահերթ ընտրություն կանխելն է, որովհետեւ նոր խորհրդարանը լինելու է ավելի լավը:

Սասնա ծռերն արտահերթ ընտրության մասին խոսել են դեռեւս դեկտեմբերի արտահերթ ընտրության քարոզարշավի ընթացքում, ինչին Նիկոլ Փաշինյանը տվել է բավականին կոշտ պատասխան:

Փաստորեն, Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ժիրայր Սէֆիլյանը հայտարարում է, որ արտահերթ ընտրության մասին իրենց «քաղաքագիտական կանխատեսումը» ճիշտ է: Ի՞նչ է դա նշանակում՝ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը Սէֆիլյանին եւ Չուքասզյանին ասել է՝ դուք ճիշտ էիք, ես սխալվեցի՞, թե՞ հակառակը՝ Փաշինյանը եւ ծռերը հանդիպման արդյունքում չեն եկել որեւէ ընդհանուր հայտարարի, ինչին հետեւում է արտահերթի թեմայի «թարմացումը», ընդ որում քաղաքական շանտաժի որոշակի տրամաբանություն եւ ազդակ պարունակող սխեմայի գործադրմամբ:

Համենայն դեպս, Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել է, որ, եթե չլինի արտահերթ ընտրություն, ապա «հինգերորդ շարասյունն» անելու է ամեն ինչ, որ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում տեղի ունենա բախում եւ արյուն, իսկ հետո ներկայիս մեծամասնության ձեռքով պաշտոնանկ են անելու բախման հետեւանքով վարկանիշ կորցրած Փաշինյանին:

Որքանով է այդ սցենարը հավանական կամ իրատեսական: Բայց, հետաքրքիր է տրամաբանությունը, հատկապես նկատի ունենալով այն, որ Սասնա ծռերը հայտարարում են, որ իրենք էլ միարժեք դեմ են լինելու Ամուլսարի շահագործմանը: Դա նշանակում է, որ մի կողմից զգուշացնելով «հինգերորդ շարասյան» մտադրության մասին, մյուս կողմից Ժիրայր Սէֆիլյանն անուղղակի հայտարարում է, որ այդուհանդերձ փաստորեն լինելու են իրենց նշած այդ «շարասյան» հետ նույն դիմադրության դիրքում՝ Ամուլսարի հարցում, եթե հանքը շահագործվի:

Իհարկե, նա տարբերակում է՝ իրենք Ամուլսարին դեմ են ազնիվ, «շարասյունը»՝ անազնիվ նպատակով, բայց ի վերջո երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ եւ Ամուլսարի հարցում որոշման պատասխանատու կանգնում է նույն խնդրի առաջ, որից խուսափելու համար նա պետք է կայացնի Ամուլսարը չշահագործելու որոշում:

Այդ դեպքում ստացվում է, որ ծռերն ու «շարասյունը» կամա թե ակամա համատեղ արգելափակում են հանքի շահագործումը, հակառակ պարագայում զգուշացնելով քաղաքական ուժգին դիմադրության մասին, որը կբերի բախման ու արյան:

Ի դեպ, հետաքրքիր է, որ մի քանի շաբաթ առաջ արյան թեման շոշափել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Նիկոլ Փաշինյանին հորդորելով ձերբակալել Սերժ Սարգսյանին, որն ըստ Աշոտյանի պատրաստ է հարվածն իր վրա վերցնել՝ Ամուլսարի հարցում անխուսափելի թվացող բախման արյունից խուսափելու համար:

«Ձերբակալեք նրան, որ կրկին արյուն չթափվի: Սերժը սովոր է պետությանը հասցվող հարվածներն ընդունել իր վրա: Նա ուդառ պահող է», գրում էր Արմեն Աշոտյանը: Նախկինում էլ արյուն թափելու ո՞ր դեպքը նկատի ուներ նա, խոսելով «կրկին արյուն» թույլ չտալու մասին: