Ակնառու է, որ իշխող նախկին համակարգի ամենատարբեր թևեր ու խմբեր փորձում են Հայաստանում ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնանկությունը տեղեկատվա-քարոզչական դաշտում մատուցել որպես իշխանության բուրգի փլուզում:

Այս դեպքում, անշուշտ, իշխանության բուրգ ասվածի ներքո դիտարկվում է թերևս հեղափոխության արդյունքը ընդհանրապես: Այդ ալիքը զարմանալի կամ անսպասելի չէ, նկատի ունենալով այն, որ նախկին իշխանությունը հասկանալիորեն փորձում է իր օգտին ծառայեցնել ամենափոքր առիթներն անգամ, և օգտագործել դրանք նոր իշխանության դեմ: Դա այլ բան չէ, քան քաղաքականության «ոսկե կանոններից» մեկը:

Ինչ այլ շարժառիթներ կան դրա տակ, կարող ենք դիտարկել, և այստեղ կա մի հետաքրքիր հանգամանք: Հնարավոր է, որ տեղեկատվական այդ ալիքը ոչ թե հանրությանն է ուղղված, այլ սեփական համակիրներին, այսպես ասած, նրանց ոգևորելու համար:

Որովհետև գործնականում այդ քարոզվող ոգևորությունը իրականում կարող է թաքցնել խուճապը, որ տեղի ունեցող պաշտոնանկություններից հետո առկա է նախկին իշխանության շրջանում:

Այս մասին մեկ այլ առիթով: Այժմ մեկ այլ շերտի մասին, որը շատ ավելի քաղաքական է: Սեպտեմբերի 22-ին վարչապետ Փաշինյանը մեկնում է Միացյալ Նահանգներ: Այդ այցը չի նշանավորվում Վաշինգտոնում բարձրաստիճան հանդիպումների ժամանակացույցով, սակայն այցի հանդեպ ուշադրությունը բավական մեծ է և, մեծ հավանականությամբ, սպասվում են ոչ պաշտոնական շփումներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հետագա ներքին ու արտաքին զարգացումների տրամաբանության տեսանկյունից: Եվ ահա, ԱՄՆ այցից առաջ Նիկոլ Փաշինյանը փաստորեն փոխում է երկու առանցքային դիրքերում գտնվող պաշտոնյաներին, երկու էական դիրքերի պատասխանատուներին՝ ոստիկանություն և ԱԱԾ պետ:
Կլինի՞ նոր նշանակում այդ պաշտոններում մինչև ԱՄՆ այց, թե՞ այստեղ էլ այցն ունի իր որոշակի նշանակալիությունը, այդ մասին հնարավոր է, իհարկե, միայն ենթադրել: Սակայն ակնառու է, որ Փաշինյանն անդրօվկիանոսյան այցից առաջ կատարում է կադրային երկու առանցքային փոփոխություն: Սրան զուգահեռ, նկատելի է, որ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից առաջ նախկին իշխանության ձեռքի տակ գտնվող տեղեկատվական ռեսուրսներով ուժգնացել է մի մտայնության գեներացիա, որ իշխանությունը քանդվում է, Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին:

Այդ հանգամանքը հուշում է, որ չնայած բարձր մակարդակի հանդիպումների մասին պայմանավորվածությունների բացակայությանը, Փաշինյանի՝ Նահանգներ կատարելիք այցը, այդուհանդերձ, քաղաքական իմաստով ունենալու է բավականին կարևորություն, և դրա ընթացքում կարող են լինել կարևոր երկկողմ կամ գուցե նույնիսկ բազմակողմ արձանագրումներ: Մտայնության գեներացիան, որ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, միտված կարող է լինել ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին լսարանին, այն ակնկալիքով, որ իրավիճակին չտիրապետող գործչի հետ չի կարող լինել որևէ էական պայմանավորվածություն կամ քննարկում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...