Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի գործունեությունից ու նրանց հեռացրել է աշխատանքից։

Անցած մի քանի օրերին այս պատկերը գրեթե ամբողջացավ ու եթե Արթուր Վանեցյանը փորձում է ընդդիմադիրի կերպար ստեղծել, ապա Վալերի Օսիպյանը ճգնում է հարմարվել կառավարության սենյակներից մեկում՝ վարչապետին խորհուրդներ տալու առաքելությամբ։

Վանեցյանը երբեք քաղաքական գործիչ, առավել ևս՝ ընդդիմադիր հայացքներով, չի դառնա, որովհետև համակարգային պատկանելիությամբ ու մենթալիտետով նա պատկանում է տեսակի, որի համար քաղաքականությունը խորթ է։ Քաղաքականությունն ու հրապարակային հայտարարությունները Վանեցյանի համար ընդամենը շանտաժի գործիք են, իր անվտանգությունն ու կոմֆորտն ապահովելու միջոց։

Օսիպյանն էլ վարչապետի խորհրդական դառնալ չի կարող, որովհետև «կատարող միլիցու» նշաձողը նրա համար առավելագույնն է։

Ի դեպ մամուլը գրել էր, որ պաշտոնից ազատվելու օրը՝ սեպտեմբերի 18-ին, Վալերի Օսիպյանը 40-ից ավելի հրամանագիր է ստորագրել։ Նման գործելաոճն ամենևին էլ չի բնութագրում որևէ պաշտոնյայի դրական կերպարն ու ավելի շատ վկայում է նրա կոռուպցիոն հետագծի մասին։

Ահավասիկ, Վալերի Օսիպյանի վերջին օրվա հրամաններից մեկով Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Միհրան Դավթյանը նշանակվել էր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում։ Միհրան Դավթյանը չի հասցրել հասնել ՌԴ-ի իր աշխատավայր։ Նշանակումից երկու օր անց նա ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության լրատվական վարչությունը հաղորդել է․ «Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով սեպտեմբերի 20-ին Միհրան Դավթյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ոստիկանության ներկայացուցչի պաշտոնից և անցել ոստիկանության կադրերի ռեզերվ»։

Ուշագրավն այն է, որ Միհրան Դավթյանը ոչ թե պետք է պաշտոն ստանար, այլ նրա լիազորությունները վաղուց պետք է դադարեցված լինեին, քանի որ նա անցնում է երկու տարբեր քրեական գործերով։ Նրան մեղադրանք է առաջադրված պաշտոնական դիրքի չարաշահման և ապօրինի հարստացման հոդվածներով։

Օսիպյանը չի կարող ասել, թե նա տեղյակ չի եղել Միհրան Դավթյանի կոռուպցիոն հակումների մասին, որովհետև՝ եթե նույնիսկ ՀՔԾ-ում գործերը կարճվել են, այս պաշտոնյայի արատավոր վարքագիծը մշտապես եղել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։

Միհրան Դավթյանը բավական ազդեցիկ հովանավորներ ունի։ Նրան հովանավորում է մոսկվաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանը՝ բոլորին հայտնի Մանախի Արմենը, որն ասում են՝ բարի ու լավ աչքով է նայել նաև մեր նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

Խորապես համոզված եմ՝ Օսիպյանը վարչապետի գլխավոր խորհրդական չպետք է նշանակվեր, հակառակը՝ պետք է հանգամանալից քննարկման առարկա դառնային Միհրան Դավթյանի վերաբերյալ նրա որոշումը կամ նրա կապերը հայտնի Մանախի Արմենի հետ։ Այս պարագայում համոզված ենք, որ Օսիպյանին կբավարեր նույնիսկ «երիտասարդ թոշակառուի» կարգավիճակը։

Մյուս կողմից՝ խորհրդականի ինստիտուտը շատ կարևոր է ու դատապարտելի է, երբ Նիկոլ Փաշինյանը կրկնում է Սերժ Սարգսյանի արատավոր վարքագիծը՝ խորհրդականներ նշանակելով լուզեր պաշտոնյաների, որոնց խորհրդատվական ունակությունները զրոյական են։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...