1967 թ. երևանյան բենզակայաններից մեկի վարիչը դանակի հարվածներով սպանել է աշխատողին՝ իրեն «քաշելու» համար մեղադրելով

- in Իրավունք

Երևանյան բենզալցակայաններից մեկում կատարված սպանությունը ցնցել էր շատերին: Սպանողը բռնվել էր հենց դեպքի վայրում: Նա օտար մարդ չէր այդ բենզակայանում՝ բենզինի տվյալ վաճառակետի վարիչն էր: Օտար մարդ չէր նաև սպանվածը՝ նա էլ այդ վաճառակետի աշխատողն էր:

Ի՞նչ պիտի տեղի ունեցած լիներ երկու տղամարդու միջև, որ բանը հասներ մահացու դանակահարությանը: Աշխատանքային տարաձայնություննե՞րն էին նրանց միմյանց դեմ հանել, անձնական լարված հարաբերություննե՞րը:

Քննարկվում էին հնարավոր բոլոր վարկածները: Միայն թե ոչ ոք չէր սպասում, որ Երևանում կատարված սպանության բացահայտման ընթացքում պիտի բացահայտվեր Խորհրդային Միության ամենատարբեր քաղաքներում «հյուրախաղերով» հանդես եկած խարդախների հանցախումբը, որի գործունեությունից տուժածների թիվը բավական մեծ էր…

Թբիլիսցի «Աբոն» «գործերի բերումով» վերջին շրջանում հաճախ էր ժամանում Երևան: Իր մեքենան նա լիցքավորում էր երևանյան նույն բենզակայանում, որի աշխատակից Արտոյի հետ ճարպիկ, ասող-խոսող Աբոն միանգամից մտերմացել էր:

1967 թվի սեպտեմբերն էր: Աբոն դարձյալ Երևան էր եկել: Նա մեքենան կանգնեցրեց իր «մշտական» բենզակայանի մոտ, իջավ մեքենայից ու մտերիմ մարդու ջերմությամբ սեղմեց Արտոյի ձեռքը: Սկզբում հերթապահ խոսակցություն վարեցին՝ միմյանց որպիսություն հարցրին, Աբոն հայի ու վրացու վերաբերյալ թարմ անեկդոտ պատմեց, հետո լրջացավ ու Արտոյին թևանցուկ արած՝ մի կողմ տարավ, սկսեց խոսել շշուկով: Ասաց, թե գործնական ու շատ շահավետ առաջարկ ունի, Արտոյին է այդ առաջարկն անում, քանի որ հասցրել է սիրել նրան, ուզում է, որ շահավետ գործարքից հենց նա օգտվի:

Աբոն Արտոյին հայտնեց, որ մի տոպրակ ցարական ոսկեդրամներ կան, մի մտերիմ մարդ նեղն է ընկել ու պապական ժառանգությունը շտապ վաճառքի է հանել բավական էժան գնով: Ինքը, որպես հայ, ցանկացել է, որ ոսկեդրամները Հայաստանում իրացնեն՝ ինչո՞ւ այլազգի մեկին օգուտ տան:

Արտոն քմծիծաղ տվեց՝ իրեն որտեղի՞ց այնքան փող, որ ոսկեդրամներ առնի: Աբոն ուսերը թոթվեց՝ պարտադիր չի, որ գնորդը Արտոն լինի, եթե նա հուսալի փողատերի է ճանաչում, թող խոսի հետը, հանդիպեն, Արտոն էլ իր օգուտը կունենա:

Աբոն այնքան համոզիչ խոսեց, այնպիսի թվեր ներկայացրեց, այնպես «շողացրեց» ցարական ոսկեդրամները, որ Արտոն անկեղծորեն չցանկացավ բաց թողնել բախտի անակնկալ նվերը:

Նրա մտքով միանգամից անցավ իր շեֆը՝ նույն բենզակայանի վարիչը:

«Մեկը կա»,- անորոշ ասաց Արտոն: Աբոն ընդհատեց նրան. «Էս գործը պետք ա արագ սաղացնես, թե չէ ես մի քանի կլիենտ ունեմ, նաղդ փողը ձեռքներին սպասում են: Դու ուղղակի ինձ հարազատ մարդ ես դառել, Արտո՛ ջան, դրա համար ուզում եմ, որ դու էլ օգուտ ստանաս…»:

Աբոն ձեռքով նշան արեց, Արտոն նստեց նրա մեքենան, որտեղ մի անծանոթ տղամարդ էլ էր նստած: Աբոն մեքենան այնպես կանգնեցրեց, որ օտար ու հետաքրքրասեր աչքից հեռու լինեն: Նա մի տոպրակ հանեց ու Արտոյի զարմացած աչքի առաջ բացեց՝ տոպրակի մեջ, իրոք, ոսկեդրամներ էին՝ դեղին, գայթակղիչ, ցարական նշաններով…

Պայմանավորվեցին, որ Աբոն բենզակայանին մոտենա մեկ ժամ անց: Այդ ընթացքում Արտոն պիտի խոսեր վարիչի՝ Սուրենի հետ:

Վարիչը սկզբում կասկածով վերաբերվեց առաջարկին, բայց երբ Աբոն ժամանեց հանդիպման վայր ու ցույց տվեց ոսկեդրամներով տոպրակը, վարիչը հավատաց ու չցանկացավ հաջողությունը ձեռքից բաց թողնել:

Նա վճարեց այն գումարը, որ պահանջեց Աբոն: Սրտի թրթիռով ձեռքն առավ ոսկեդրամներով տոպրակը: Աբոն ստացած գումարից Արտոյին տվեց նրա հասանելիքը՝ գործարքում իրեն օգնելու համար: Հետո Աբոն նստեց իր մեքենան, ձեռքով հրաժեշտի շարժում արեց ու հեռացավ…

Սուրենը շատ ոգևորված էր շահավետ գործարքով: Մի ծանոթ հավաքորդի ցույց տվեց ձեռք բերած ոսկեդրամներից մեկը: Մասնագետը Սուրենի ոգևորության վրա սառը ջուր լցրեց՝ կասկածանքով ոսկեդրամը պտտելով մատների մեջ: Հետո ոսկեդրամը տարան ստուգելու:

Պարզվեց՝ Սուրենը մի տոպրակ… 2 կոպեկանոց էր գնել՝ ահռելի գումարով…

Ո՛չ Աբոյի, ո՛չ նրա մեքենայում գտնվող տղամարդու իրական տվյալները Սուրենը չուներ: Միլիցիային դիմել էլ չէր ուզում՝ ի՞նչ պիտի ասեր՝ որտեղի՞ց էր իրեն ահռելի գումարը, որ տվել էր խաբեբաներին…

Սուրենի ամբողջ զայրույթը սևեռվեց Արտոյի վրա: Սուրենը համոզված էր՝ Արտոն կապված էր խարդախների հետ, Արտո՛ն էր նրանց ցույց տվել իր տեղը…

Բենզակայանում Սուրենի զրույցը Արտոյի հետ արագ վերածվեց թեժ վիճաբանության: Սուրենը մեղադրում էր Արտոյին իրեն «քաշելու», իր գումարը ծանոթ խարդախների միջոցով հափշտակելու համար:

Արտոն պնդում էր, թե Աբոյին ճանաչում է որպես բենզակայանի մշտական հաճախորդի: Ավելին նրա մասին չգիտի…

Վիճաբանության ընթացքում էլ զայրույթից իրեն կորցրած Սուրենը դանակով մահացու հարվածներ հասցրեց Արտոյին՝ խաբված տուժողից վերածվելով մարդասպանի…

Սուրենին բռնեցին հենց բենզակայանում: Նրա պատմությունը և քննությանը ներկայացված 2 կոպեկանոցների տոպրակը լայնացրին քննության աշխարհագրությունը: Վրացի իրավապահների հետ համատեղ կազմակերպված ու անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ Թբիլիսում ձերբակալվեց խարդախների քառյակը, որը 2 կոպեկանոցներով լի տոպրակներ էր իրացրել Խորհրդային Միության մի շարք քաղաքներում՝ թեթևացնելով խորհրդային որոշ հարուստների դրամապանակները…

Գործի քննության ընթացքում հաստատվեց, որ Արտոն կապված չէր խարդախների խմբի հետ, նա ընդամենը գայթակղվել ու խաբվել էր, ինչպես գայթակղվել ու խաբվել էր Սուրենը: Բայց այլևս ոչինչ ուղղել հնարավոր չէր՝ Արտոն զրկվել էր կյանքից, և Սուրենը դատապարտվեց դիտավորյալ սպանության համար…