20 մահապարտների գաղափարը. ինչ է սկսվում

- in Հրապարակ
Pastaban

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը Ազատությանը հայտնել է, որ դատական ռեֆորմի շրջանակում կստեղծվի անցումային արդարադատության փաստահավաք խումբ՝ 20 հեղինակավոր անձանց ներգրավվածությամբ, որը կուսումնասիրի 1991 թվականի սեպտեմբերից մինչեւ 2018-ի մայիս տեղի ունեցած իրավունքի զանգվածային ոտնահարման դեպքերը, ընտրակեղծարարությունը, հետընտրական հետապնդումները եւ այլն:

Փոխնախարարը հայտնել է, որ փաստահավաք խումբը կուսումնասիրի թե մարդկանց դիմումները, որոնք կհամարեն, որ դարձել են իրավունքի ոտնահարման զոհ, թե նաեւ ինքը պետք է նախաձեռնի ուսումնասիրություններ: Ըստ պաշտոնյայի, եթե կա տեղեկատվության օբյեկտիվ պակաս, ասենք գործի հնությունից ելնելով, ապա բնականաբար հնարավոր չէ փաստահավաք խմբից սպասել որեւէ բացահայտում կամ ընթացք: Իսկ եթե կան փաստեր, ապա կարելի է սպասել ընդհուպ հարուցվող քրեական գործեր:

Շոշափվում է բավականին գայթակղիչ, միաժամանակ շատ վտանգավոր թեմա: Գայթակղիչ է ակնկալել, որ անկախությանը հաջորդած ժամանակշրջանի բոլոր կեղծարարները, բռնարարները, մարդասպանները,  դրա համար իրավական եւ քաղաքական պատասխանատուները պատասխան կտան հանրության առաջ: Բայց, մյուս կողմից՝ իսկ բոլո՞րը կտան: Իսկ եթե չեն տալու բոլորը, ապա ինչպե՞ս է որոշվելու, թե ով պետք է տա, իսկ ով՝ ոչ: Դա կախված է լինելու հանգամանքից, թե ո՞վ չի կարողացել թաքցնել փաստերը, թե՞ ում պատասխանատվությունը թրենդային կամ պահանջված չէ ֆեյսբուքում, օրինակ:

Ո՞րն է լինելու փաստահավաք խմբի առաքելությունը՝ պատասխանե՞լ բոլոր հարցերին, թե՞ ի վերջո հանրության հետ աշխատել եւ բացատրել, որ հնարավոր չէ այդ հարցերին պատասխանել եւ մնալով այդ պատասխանների համատարած փնտրտուքի մեջ, հանրությունը պարզապես խրված է մնալու մի ճահճում, որից չկա ելք:

Եթե իհարկե հարգարժան 20 մարդիկ 1991-ից ի վեր իրավախախտումների մոտ 10 տոկոսն ուսումնասիրելուց հետո իրենց կյանքին վերջ չտան կամ կյանքի հաջորդ օրերը չանցկացնեն հոգեբուժարանում, ապա հանրությանը թերեւս կհայտնեն, որ պետք է ոչ թե գտնել բոլոր մեղավորներին ու կախել, այլ դուրս գալ այդ «իդեա ֆիքսի» շրջանակից եւ գտնել անցյալից ապագա անցման այլ բանալի, որքան էլ արդարության պահանջը աղաղակում է բոլորին պատժելու անհրաժեշտության մասին:

Ի՞նչ չափանիշով են որոշվելու իրավունքի խախտման քննության արժանի դրվագները: Որո՞նք են համարվելու զանգվածային, որոնք են համարվելու քննության ոչ արժանի: Կարելի է պատկերացնել, թե ինչ աղմուկ է բարձրանալու՝ գոհերի եւ դժգոհների:

Այլ հարց է, եթե հիմքում «20 ճգնավորների» գաղափարն է, որոնք իրենց վրա են վերցնելու անցնող շրջափուլի ամբողջ փաթեթը եւ «ճգնելու» են դրա վրա: Բայց, այդ դեպքում պետք է մշակվի օրենսդրական մեխանիզմ, որով արգելափակվի այդ թեմատիկայի ներքաղաքական եւ ներհասարակական շրջանառությունը՝ 20 «ճգնավորների» գործը պաշտպանելով մանիպուլյատիվ ներգործությունից:

Նրանք կճգնեն 1991-ից մինչեւ 2018 ապօրինությունների խնդրի վրա, մեղավոր ու անմեղ որոշելու խնդրի վրա, իսկ հանրությունը կկենտրոնանա երկրի զարգացման պրակտիկ խնդիրների ուղղությամբ: Թեեւ, այստեղ կարող է առաջանալ ամենամեծ խնդիրներից մեկը՝ այդ ուղղությամբ կենտրոնանալու ներուժի հարցը, որովհետեւ միշտ ավելի դյուրին է մնալ անցյալի հարաբերությունների պարզաբանման եւ հաճախ պարզապես «ռազբորկայի» տրամաբանության դաշտում, անընդհատ որեւէ մեկի պատասխանատվություն փնտրելով անցյալում, իսկ գործնականում լղոզել ապագայի համար որեւէ դիրքից եւ կարգավիճակից բխող սեփական պատասխանատվությունը:

Իսկ դա լրջագույն խնդիր է՝ սահմանել պատասխանատվության նշաձողեր ապագայի համար, ընդ որում թե կառավարող, թե այսպես ասած հանրային-քաղաքական, տնտեսական էլիտաների համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...