Երևանում 46-ամյա տղամարդը դանակահարել էր իր հարևան երկու եղբայրներին՝ մեքենան սխալ տեղ կայանելու պատճառով

- in Իրավունք
Danakaharutyun

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Բաբկեն Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ:

46-ամյա Բաբկեն Կ.-ն մեղադրվում էր երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի օգոստոսի լույս 30-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Արսեն Պ.-ն իր վարած «Նիսան» մեքենայով վերադարձել է տուն և մեքենան կայանել է Անդրանիկի փողոցում գտնվող իր շենքի մոտ՝ փողոցի մասում:

Այդ ժամանակ տվյալ վայրում գտնվող Բաբկենը խորհուրդ է տվել Արսենին մեքենան այնպես կայանել, որ չխանգարի անցուդարձին: Բայց Արսենը Բաբկենի խորհրդին չի հետևել:

Բաբկենը, ըստ մեղադրանքի, հարցրել է. «Լավ չե՞ս հասկանում»:

Արսենն էլ հակադարձել է. «Դու լավ չես հասկանում»:

Այսքանը բավական է եղել, որ վիճաբանություն առաջանա, որին, ըստ մեղադրանքի, միացել է նաև Արսենի եղբայր Արթուրը:

Բաբկենը, առաջադրված մեղադրանքի համաձայն, իր մոտ գտնվող, գործով չհայտնաբերված սուր կտրող-ծակող գործիքով նախ երկու հարված է հասցրել Արսենին, ապա մեկ անգամ հարվածել է Արթուրին՝ երկուսի առողջությանն էլ պատճառելով ծանր վնաս:

Դատարանում ամբաստանյալ Բաբկեն Կ.-ն ասաց. «Մեղադրանքը չեմ ընդունում, ես պաշտպանվել եմ»: Նա նշեց, թե ցավում է տեղի ունեցածի համար, սակայն դեպքը տեղի է ունեցել տուժողների կողմից «ոչ ադեկվատ ու ագրեսիվ մոտեցում ցուցաբերելու արդյունքում»:

2017 թվականի օգոստոսի 29-ի կեսգիշերին ինքը մենակ իրենց շենքի բակում էր: Սև մեքենայով բակ է մտել Արսենն ու մեքենան կայանելով հենց փողոցի վրա, իջել է մեքենայից: Ինքը տեսել է, որ կայանված մեքենայի դիրքն անհարմար է, այն խանգարելու է մարդկանց ազատ շարժին:

Մոտեցել ու Արսենին ասել է, թե մեքենան նորմալ չի կայանել, լավ կլինի՝ մի կողմ քաշի… Արսենի հարվածից է սկսվել ամեն բան: Իրենց է մոտեցել նաև Արսենի եղբայրը, երկուսով ոտքերով ու ձեռքերով ուժեղ ծեծում էին իրեն: Ինքը գոռացել, մարդկանց ձայն է տվել, որ օգնեն, բայց շրջակայքում մարդ չկար: Տեսնելով, որ ուրիշ ելք չունի, իր կյանքը պաշտպանելու համար գրպանից հանել է ծալովի դանակը, հարմարեցրել ու հարվածներ է հասցրել իրեն հարվածողների ուղղությամբ: Միայն դրանից հետո են նրանք դադարեցրել իրեն հարվածներ հասցնելը ու հեռացել են:

Ինքը գնացել է քեռու տուն, ճանապարհին դանակը գցել է Երևանյան լիճը, դեն է նետել նաև դեպքի պահին իր հագին եղած ու պատռված հագուստը:

Տուժողները հայտնել են, որ դեպքի օրը Արթուրի ծննդյան օրն էր, նշել են՝ ընտանիքով ուղղակի հավաքվել են, ալկոհոլ չեն օգտագործել: Երբ դուրս են եկել, եղել է վիճաբանություն: Իրենք գործի քննության ընթացքում են իմացել, որ վիճաբանությունը եղել է Բաբկենի հետ: Իրենց հարաբերությունները Բաբկենի հետ լավ են եղել: Վեճի ժամանակ չեն ճանաչել, որ Բաբկենի հետ են վիճում: Իրար չեն հասկացել, խփել են ձեռքերով, հետո եղել է դանակահարություն… Ըստ տուժողների՝ վիճաբանությունը եղել է ոչ թե մեքենան կայանելու հետ կապված, այլ այն պատճառով, որ ինչ-որ մեկը գիշերով բակում բարձր խոսում էր հեռախոսով, իրենք դիտողություն են արել, թե կամաց խոսի, ամառ է, մարդկանց պատուհանները բաց են: Դրանից առաջացել է լեզվակռիվ, հետո՝ կռիվ: Երբ հասկացել են, որ «ծակվել են», կռիվը դադարեցրել ու գնացել են հիվանդանոց:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Արսեն Պ.-ին սուր կտրող-ծակող գործիքով որովայնի աջ կողմից հարված է հասցվել, պատճառվել է կրծքավանդակի խոռոչ թափանցող, առաջնաորովայնամզային հատվածի ճարպաբջջանքի վնասումով վնասվածք՝ նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Դանակի երկրորդ հարվածը հասցվել է Արսեն Պ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին, պատճառվել է կրծքավանդակի խոռոչ չթափանցող վնասվածք, որով նրա առողջությանը, բացի ծանր վնասից, պատճառվել է նաև միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Տուժող Արթուր Պ.-ին դանակի հարված է հասցվել թիկունքից՝ պատճառվել է կրծքավանդակի խոռոչ թափանցող, ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով ուղեկցված վնասվածք՝ նրա առողջությանը նույնպես պատճառվել է ծանր վնաս:

Ամբաստանյալի նկատմամբ կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Բաբկենի դեմքի, կրծքավանդակի, վերին ու ստորին վերջույթների շրջաններում առկա են եղել արյունազեղումներ, սալջարդ վերքեր, քերծվածքներ, որոնք պատճառվել են ոտքերով ու բռունցքներով: Բաբկեն Կ.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Դատարանը հաշվի է առել, որ Բաբկեն Կ.-ն վատառողջ է, նա գործի քննության ընթացքում լինելով ազատության մեջ, դրսևորել է պատշաճ վարքագիծ, դեպքից հետո պահպանել է տուժողների հետ նորմալ հարաբերությունները:

Բաբկեն Կ.-ն մեղավոր է ճանաչվել երկու տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել է 5 տարի ազատազրկման, այս պատժին հաշվակցվել է նախանական կալանքի տակ գտնված ժամանակը, վերջնական պատիժ է սահմանվել 4 տարի 1 ամիս 11 օր ազատազրկում, ապա Բաբկեն Կ.-ի նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով պայմանական դատապարտության կիրառումը ճանաչել անթույլատրելի, Բաբկեն Կ.-ին մեղավոր ճանաչել ու դատապարտել իրական ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...