Yntrutyun

Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն աննախադեպ ակտիվ էին։ 19 համայնքներից 13-ում ընտրությունները հերթական էին, իսկ 6-ում՝ արտահերթ: Մի քանի համայնքներում առաջադրված գործող համայնքապետերը վերընտրվել են։

Սակայն նոր Հայաստանում խնդիրներն այդպես էլ չեն ավարտվում նախկինների հետ, որովհետև հեղափոխության արժեքները, ցավոք, գյուղական համայնքներ, այնտեղ ապրող քաղաքացիների գիտակցությանը, ցավոք, չեն հասել, որի արդյունքում էլ ընտրություն է կատավում հօգուտ նախկինների, ովքեր քրեաօլիգարխների թաշկինակներն էին ու նույն գյուղացիներին կեղեքողները: Խնդիրը՝ մեծիմասամբ, իհարկե սոցիալական է: Բանն այն է, որ գործող գործիքները կերածից մի թուլափայ էլ համագյուղացիներին են շպրտել ու նրանց դարձրել ենթակա, ստրուկ, գուցե՝ պարզապես երախտապարտներ

Վերընտրվել է 21 տարի շարունակ Արարատի մարզի Մրգանուշ համայնքը ղեկավարած դաշնակցական Մանվել Սարգսյանը՝ ստանալով ընտրողների 387 ձայն։ Ի դեպ, երեկ ընտրությունների ժամանակ, երբ մեր նկարահանող խումբը շրջում էր Մրգանուշ համայնքում, նրանից ոչ մի դժգոհություն չէր հնչում։ Գյուղացիները շատ գոհ էին գյուղապետից, որևէ խնդրի մասին չէին բարձրաձայնում։ Մանվել Սարգսյանի աշխատանքից գոհ էր նաև նրա մրցակիցը՝ ավելի երիտասարդ և հավակնոտ ծրագրեր ներկայացրած անկուսակցական Արկադի Մանուկյանը։ Նա հատուկ ընդգծեց, որ իրենք գործողի հետ մրցակիցներ չեն, այլ բարեկամներ։

Գործող համայնքի ղեկավարը հաղթել է նաև Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում՝ հավաքելով 546 ձայն։ Վերջինս ևս անկուսակցական է։

406 ձայնով մյուս 4 թեկնածուներին հաղթել է նաև Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի գործող ղեկավարը՝ անկուսակցական Մխիթար Պետրոսյանը, ով ՀՀԿ-ական է, իսկ երբ մենք պայմանավորվել էինք և այցելել Տանձուտ, նա կա՛մ զիվոր էր տանում պոլիգոն, կա՛մ՝ փեսայի անալիզները Էջմիածնից – Երևան:

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հակառակ պատկերն է։ Գործող համայնքապետը պարտվել է։ 1111 ձայնով հաղթել է Փարաքարի ավագանու անդամ, անկուսակցական Դավիթ Մինասյանը։
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում էլ 522 ձայնով հաղթել է անկուսակցական, անհատ ձեռներեց Սամվել Աղաջանյանը։

Գեղարքունիքի Գեղարքունիք համայնքում էլ հաղթել է դպրոցի ուսուցիչ Արայիկ Աբրահամյանը։ Գեղարքունիքի Լճափ համայնքում ևս գործող համայնքապետը պարտվել է։ Հաղթել է անկուսակցական Արսեն Հովսեփյանը։

Նույն մարզի Վանեվան համայնքում էլ ձայների չնչին տարբերությամբ հաղթել է կրկին անկուսակցական Իգոր Հարությունյանը։

Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում հաղթել է անկուսակցական Սարգիս Հակոբյանը։ Նույն մարզի Լուսաղբյուր համայնքում առանց մրցակցի 351 ձայով վերընտրվել է գործող համայնքապետը՝ անկուսակցական Արամայիս Հակոբյանը։

Շիրակի մարզի Գետափ համայնքում գործող համայնքապետը չէր առաջադրվել։ 197 ձայնով հաղթել է անկուսակցական Շիրակ Խաչատրյանը։

Տավուշի Խաշթառակ համայնքում էլ հաղթել է համայնքի գործող ղեկավարը՝ Անդրանիկ Վիրաբյանը՝ հավաքելով 608 ձայն։

Իհարկե, ընտրողների մասնակցությունը բարձր համարել չի կարելի, այն նույնիսկ ցածր է հանրապետական միջին ցուցանիշից, ու սա թերևս իր պատճառներն ունի։

Ամբողջ խնդիրն այն է, որ Փարաքարի ընտրություններն ակնհայտ քրեական միջավայրում են անցել, ու պատահական չէ, որ Դավիթ Մինասյանը, որն, ի դեպ, առաջ է անցել նաև գյուղապետից ու նրա տեղակալից, քրեական հետագիծ ունի։

32-ամյա Դավիթ Մինասյանը նախկինում ազատազրկված է եղել: 21.03.2009թ.-ին «Սկառլետ» կարաոկե բարում Դավիթ Մինասյանը վիճաբանել է Դավիթ Փիլոյանի հետ, որից հետո զրուցելու նպատակով պայմանավորվել են հանդիպել Ճառագայթային փողոցի Ա շենքի բակում, որտեղ վերջինս վիճաբանել է Փիլոյանի և ընկերների հետ և իր մոտ եղած հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակով կրակել է եղբայրներ Գևորգյանների ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 9-ի դատավճռով Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով։

Ավելորդ է ասել, որ նման թեկնածուի հաղթանակը հանրապետության խոշոր, Երևանի հարևանությամբ գտնվող գյուղերից մեկում ուղղակի հարված է հեղափոխության արժեքներին ու հանրապետական և մարզային իշխանությունների, ըստ էության, անգործության հետևանք է։

Մենք տեղեկատվություն ունենք, որ Դավիթ Մինասյանը ոչ անհայտ Շմայսի շրջապատից է ու գյուղապետ դառնալու հավակնություններ ունեցել է նաև նախկինում, սակայն հանդիպել է անգամ Սերժ Սարգսյանի դիմադրությանը։ Ստացվում է՝ հանրապետական նախկին կրիմինալ պատգամավորին հիմա հաջողվել է իրականություն դարձնել այն, ինչը հնարավոր չի եղել անգամ քրեաօլիգարխիայի իշխանության տարիներին։ Իրապես աբսուրդային իրավիճակ է, որովհետև Հայաստանը պատրաստվում է օրենք ընդունել քրեական ենթամշակույթի դեմ, սակայն այդպես էլ չի ստեղծել անհրաժեշտ կառուցակարգեր՝ կրիմինալի էլեկտորալ հաջողությունները կանխելու նպատակով։ Փաստորեն փողով, զոռբայությամբ, կրիմինալ կապերով, Շմայսի հետ մտերմությամբ կարողանում են հասնել հաջողությունների՝ ընտրողների ցածր մասնակցության համատեքստում։

Փարաքարում տեղի ունեցածը ոչ միայն քրեական բարքերի նոր բումի դրսևորում է, այլ նաև գլոբալ հետևանքներ կարող է ունենալ։

Փարաքարի ընտրություններն ըստ էության այն մասին են, որ քրեաօլիգարխիան դեռևս չի կորցրել իր «կենսունակությունը», ու եթե այսօր կարողանում է հաջողության հասնել առանձին վերցրած մեկ համայնքում, ապա վաղը դա կարող է ավելի գլոբալ բնույթ ունենալ, երբ քաղաքական վակուումն ավելի ընդգծված լինի Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անխուսափելի անկման համատեքստում։ Նման իրավիճակում ուղղակի անիմաստ է խոսել ժողովրդավարության անշրջելիության մասին, իսկ դա նշանակում է, որ հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի մասին պնդումները խիստ վաղաժամ են։

Գլոբալ հարցերի մասին, անշուշտ, դեռ կխոսենք, սակայն կոնկրետ Փարաքարում պետք է արագ մտածել արտահերթ ընտրությունների անցկացման մասին, իհարկե՝ այնպիսի կառուցակարգերի ներդրմամբ, որոնք նոր ընտրություններում կբացառեն կրիմինալի հաղթանակը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...