ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնում է․

«Hayeli.am կայքը քիչ առաջ լուր է հրապարկել.«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ վերտառությամբ»: Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը: Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն: Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը: Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»:

Այսօր հայտնաբերվել է 1999-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով:

Հարկ է հիշեցնել, թե ինչպիսի ընթացք է ունեցել Հայկ Հարությունյանի կենսագրությունը։ Նա ներքին գործերի նախարար է դարձել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ այդ պաշտոնում նշանակում անելու շուրջ անհամաձայնություններ ու վեճեր կային Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Արամ Սարգսյանի միջև։ Ի վերջո, բազմաթիվ թեկնածուների շարքից Քոչարյանը համաձայնեց նշանակել Հայկ Հարությունյանին, ու նա, մեծ հաշվով, չէր սխալվել, որովհետև Հարությունյանը մարմնավորում էր վերադասի հրամանները անվերապահ կատարող «սալդաֆոնի» կերպարը։

Հայկ Հարությունյանը ու նրա գլխավորած ոստիկանությունը ռեպրեսիվ գործիք դարձան 2000թ.-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը դաժանորեն ճնշեց գործարար Արկադի Վարդանյանի նախաձեռնած ընդդիմադիր շարժումը։ Հայկ Հարությունյանի անմիջական պատասխանատվությամբ 2003-04թթ. ոստիկանությունն իսկական մարդաորս էր կազմակերպել Ստեփան Դեմիրճյանի ու նրա աջակիցների հանրահավաքների ժամանակ՝ շրջափակելով մարզերից Երևան բերող բոլոր ճանապարհները։ Հայկ Հարությունյանի ծառայամտության հերթական դրսևորումներից մեկը դարձան 2004թ.-ի ապրիլի 12-ի իրադարձությունները, որոնց նախորդեցին ու հաջորդեցին ընդդիմադիրների զանգվածային ձերբակալությունները։

Իհարկե, Հայկ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի կողմից բարոյապես ոչնչացվեց 2008-ի դրամատիկ իրադարձությունների ժամանակ, քանի որ ոստիկանությունն էր դարձել այն հիմնական ռեպրեսիվ մահակը, որը Քոչարյանի կողմից օգտագործվում էր հազարավոր ցուցարարների դեմ։

Հայկ Հարությունյանը բազմաթիվ մանրամասների էր տիրապետում Ռոբերտ Քոչարյանի արածների վերաբերյալ, որովհետև այն բացառիկ պաշտոնյաներից մեկն է, որը պաշտոնավարել է Քոչարյանի նախագահության գրեթե ողջ ընթացքում՝ դառնալով վերջինիս անձնակենտրոն ու մարդակուլ իշխանության հաստատման անմիջական մասնակիցը։

Հարությունյանը հատկապես կարևոր ասելիք ուներ Մարտի 1-ի գործում, ու դժվար չէ ենթադրել, թե ում դեմ էր ուղղված լինելու նրա խոսքը։ Կոնկրետ փաստեր չունենք, թե ինչու կամ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել Հայկ Հարությունյանի սպանությունը կամ ինքնասպանությունը, սակայն ակնհայտ է, որ նրա լռությունը ձեռնտու է նախկին համակարգին, Ռոբերտ Քոչարյանին ու նրա շրջապատին։ Հայկ Հարությունյանը շատ բան կարող էր պատմել, ու այդ պատմությունները միայն ամբողջացնելու էին Քոչարյանի հանցագործությունների շարքը։

Բացի այդ՝ նախկին համակարգի ձեռագիրն է երկրում անվստահություն սերմանելը, քաոս առաջացնելը՝ հեղափոխության իշխանության վարկանիշն ու հեղինակությունը սասանելու համար։ Հայկ Հարությունյանի սպանությունը կամ ինքնասպանությունը կարծես թե այդ շարքից է՝ նպատակ ունենալով հավերժ լռեցնել Քոչարյանի արյունոտ տասնամյակի կենդանի վկաներից մեկին…

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայկ Հարությունյանի մահվանից հետո ԶԼՄ-ների կողմից շրջանառվող տեղեկություններին․

«Պարզվում է՝ ստորությունն ու անբարոյականությունը մեր իրականությունում առանձին լրատվամիջոցների պարագայում սահմաններ չունեն:

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին մումուլում առաջին հրապարակումներից բառացիորեն րոպեներ անց, այդ լրատվամիջոցներն իրենց թույլ են տվել քաղաքական ու քարոզչական ճղճիմ նպատակներով օգտագործել անգամ մահացած մարդու «արյունը»:

Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների դեռևս չբացահայտված լինելու, քրեական գործը նոր հարուցված լինելու պայմաններում նրան վերագրվել են մտքեր՝ ցինիկաբար ակնհայտորեն ելնելով այն հանգամանքից, որ նա դրանք հերքել կամ հաստատել չի կարող:

Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել ականատես որևէ անձի կողմից նմանատիպ պնդումներ կամ հայտարարություններ արված լինելու վերաբերյալ:

Տարօրինակ և խիստ հատկանշական է այն հանգամանքը, որ հենց կոնկրետ քարոզչական խնդիր լուծող լրատվամիջոցների կողմից է տարածվում նման ստահոդ, անբարո տեղեկատվությունը՝ նման ճղճիմ մեթոդներով փորձ կատարելով վարկաբեկելու քրեական հետապնդման մարմինների ղեկավարներին:

Հաշվի առնելով Հայկ Հարությունյանի՝ հանրային մեծ հնչողություն ունեցող և կարևորագույն քրեական գործով առանցքային վկաներից մեկ լինելու հանգամանքը՝ Դատախազությունը առանձնահատուկ հետևողականություն է ցուցաբերելու նրա մահվան իրական հանգամանքները, դրդապատճառները բացահայտելու հարցում»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...