aac

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ի՞նչ ճակատագիր ունեցան ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերը, որոնց մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա մայիսի 8-ին` իր գործունեության մեկամյակն ամփոփող ասուլիսի ընթացքում:

«Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետեւ նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել», – ասաց վարչապետը: Կատարվածը հանցագործություն որակելով` նա ավելացրել էր. «Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է։ Էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էին, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին։ Ուրվական գործ է, սա շատ լուրջ հետեւանքների պետք է բերի»:

Հայտարարությունից 5 ամիս անց «Ժողովուրդ» օրաթերթը գնացել է այս փաստաթղթերի հայտնաբերման գործի հետքերով: ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ – լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարզազրույցում հայտարարել է, որ դրանք ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել, որոնք բոլորը վերականգնվել են:

«Ես ասեմ, որ բոլոր փաստարկները փաստացի վերականգնված են եւ այդպիսի փաստարկում չկա, որ ….: Մի ծառայությունից մյուս ծառայություն է չէ՞ գնում գրագրությունը, այդ իրենց ֆունկցիաներով ամեն ինչ վերականգնված է»,- վստահեցրել է ԱԱԾ փոխտնօրենը:

Նրա խոսքերով` որեւէ քրեական գործ դրանցում չի եղել, դրանք բացառապես ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել: Առանց բացելու փաստաթղթերի բովանդակությունը, Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, որ դրանց անհետացմանը վերաբերող ծառայողական քննության արդյունքներն, ըստ ամենայնի, շուտով կներկայացնեն հանրությանը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...