Putin Aliev

Նախօրեին տեղեկություն է տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանին վիրավորվել է հայաստանցի պայմանագրային զինծառայող:

Մինչ հայկական լրատվամիջոցների տարածած այդ տեղեկությունը, ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություն էր տարածել իբրև թե կանխված հայկական դիվերսիայի մասին, թեև դրանում որևէ խոսք չկար զոհերի և վիրավորների մասին: Հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը՝ մեր կողմից վիրավորի մասին, կամա, թե ակամա ստացվեց Ադրբեջանի տարածած տեղեկության շարունակություն, թեև զուտ պատճառահետևանքային կապի առումով մեր զինվորի վիրավորվելը որևէ կերպ կապված չէ այն տեղեկության հետ, որ Ադրբեջանն էր տարածել:

Նախօրեին արցախյան հարցին անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Լավրովը, որը հայտարարել է, որ սահմանին իրավիճակը հանգիստ է, միջադեպերը կրում են հազվադեպ և շատ լոկալ բնույթ, կարող է տեղի ունենալ գերիների սահմանափակ փոխանակում, սակայն քաղաքական առումով գործընթացը սառեցված է և չի հաջողվում դուրս գալ արգելակումից: Լավրովը, սակայն, նշել է, որ միջնորդ համանախագահ երկրները անում են ջանքեր խաղաղ գործընթացի համար: Լավրովը այդ մասին խոսել է Ռուսաստանում, այսպես կոչված, «Վալդայ» միջազգային փորձագիտական հարթակի հանդիպումների ընթացքում: Այստեղ հետաքրքիր է այն, որ այդ հարթակում առաջիկա օրերին հյուր են լինելու մի քանի նախագահներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը հանդիպելու է նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ: Փաստորեն, Երևան այցից մի քանի օր անց Պուտինը հանդիպելու է Ալիևին: Կասկած չկա, որ արցախյան հարցը լինելու է քննարկման օրակարգում: Հարցն այն է, թե ինչ համատեքստով, ռեգիոնալ ինչ շրջանակով, որովհետև ակնառու է, որ Երևանում տեղի ունեցած ԵՏՄ աննախադեպ ֆորմատի Վեհաժողովը և, մասնավորապես, Երևանում Պուտինի ու Իրանի նախագահ Ռոհանիի համաժամանակ ներկայությունը խիստ հետաքրքրելու էր Ադրբեջանին: Հատկապես նկատի առնելով այն, որ մոտ երկու ամիս առաջ Սոչիում պլանավորված Պուտին-Ռոհանի-Ալիև եռակողմ հանդիպումը տեղի չունեցավ:

Ահա այդ ֆոնին հետաքրքիր է, որ Ադրբեջանը որոշակի լարվածություն է հաղորդում սահմանին, խոսելով ինչ-որ դիվերսիա կանխելու մասին: Եվ դա մի քանի օր առաջ տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն փորձի պարագայում, որը կանխել էին հայ դիրքապահներն ու ադրբեջանցի հատուկջոկատայինները մեկ, իսկ որոշ տեղեկություններով՝ երկու զոհ էին տվել, մի զոհ թողնելով չեզոք գոտում: Առավել հետաքրքիր է այն, որ Հայաստանի պաշտպանության նախարարը «տարօրինակ» համարեց ադրբեջանական դիվերսիոն այդ գործողությունը, նկատի ունենալով թե՛ ժամը՝ այսպես ասած, օրը ցերեկով, թե՛ մի շարք այլ հանգամանքներ: Ի՞նչ քայլ էր պլանավորել Ադրբեջանը Երևանում սպասվող Վեհաժողովից օրեր առաջ, որ, այսպես ասած, վերածվեց անփառունակ և տապալված դիվերսիայի, ու ի՞նչ նկատառումներով է տարածվել իբրև թե հայկական դիվերսիայի կանխման մասին տեղեկությունը:

Արդյոք Բաքուն տեղեկատվական հո՞ղ է նախապատրաստում Պուտինի հետ Ալիևի սպասվող հանդիպմանն ընդառաջ հայ-ադրբեջանական սահմանին որոշակի արկածախնդրության համար, Պուտինի հետ հանդիպմանը, այսպես ասած, խաղաքարտ օգտագործելու նպատակով՝ խաղից դուրս մնալու այն մտավախության դիմաց, որ Բաքուն ունի Երևանում տեղի ունեցած ԵՏՄ Վեհաժողովից հետո: Այդ իմաստով, Հայաստանին արժե լինել բավականին աչալուրջ՝ մինչ Պուտին-Ալիև հանդիպումը, Ադրբեջանին որևէ խաղաքարտ չտալու համար:

Բաքուն կձգտի որևէ բան ձեռք բերել Պուտինի հետ հանդիպումից առաջ, հատկապես որ Ռուսաստանի արտգործնախարարը Երևանում հավաքից հետո և Պուտինի հետ Ալիևի հանդիպումից առաջ խոսելով կարգավորման գործընթացի, այսպես ասած, քաղաքական սառեցվածության մասին, գործնականում ազդարարել է, որ Բաքուն չունենա արցախյան հարցում որևէ սպասելիք:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...