Hrayr Tovmasyan

Հրապարակը գրում է. ՍԴ նախագահը հանդիպումներ է ունենում դեսպանների հետ` Գերմանիայի, Չինաստանի: Ավելի վաղ նման հանդիպումից հետո ՌԴ դեսպանը կանչվել էր ԱԳՆ` բացատրություն տալու:

Գերմանիայի դեսպանի այցը, ասացին, քաղաքավարական է եղել: ԱԳՆ-ից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Գերմանիայի եւ Չինաստանի դեսպանները նույնպես հրավիրվեն ԱԳՆ՝ պատասխան տալու։ Խոսնակը հայտնեց․ «Որքան որ ես տեղյակ եմ, այս պահին որեւէ հանդիպում չի նախատեսվում»։

Իսկ իշխանությունում այս օրերին շունչները պահած սպասում են` ՍԴ-ն վարույթ կվերցնի՞ իրենց օրինագիծը, թե՞ ոչ: Մեր աղբյուրները փոխանցում են` 2 տարբերակն էլ հնարավոր է: 7-օրյա ժամկետ կա։ Մերժման պատճառ կարող է լինել, եթե «գործն» անհիմն է, ժամկետային ու պրոցեդուրային խախտումներ կան: Իսկ ճնշումներ կա՞ն իշխանություններից ՍԴ անդամների վրա. «Տեսանելի բան այս պահին չկա, դեռ նորմալ մթնոլորտ է»:

Սահմանադրական դատարանը տեղեկություն է տարածել հոկտեմբերի 8-ին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆի հանդիպման մասին: Ըստ այդ տեղեկության, Թովմասյանը ասել է, որ 2020 թվականին պատրաստվում է այցելել Գերմանիա, իսկ դեսպանն էլ խոսել է Հայաստանի ՍԴ ու Գերմանիայի դեսպանության միջեւ ջերմ ու արդյունավետ գործակցության պատմության եւ դրա շարունակության ակնկալիքի մասին: Ընդհանրապես խոսվել է ոլորտում հայ-գերմանական բազմաշերտ գործակցության մասին, ինչի կապակցությամբ երկու կողմերը հայտնել են գոհ լինելու մասին:

Սահմանադրական դատարան Գերմանիայի դեսպանի այցելությունը անկասկած մեծ ուշադրություն է գրավում դատարանի շուրջ ստեղծված իրադրության, մասնավորապես Իմ քայլը խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ դիմումի ֆոնին, որը վերաբերում է Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը եւ հասցեագրվել է ՍԴ: ՍԴ դատավորները պետք է որոշեն՝ բավարարե՞լ ԱԺ դիմումը եւ պաշտոնանկ անել Թովմասյանին, թե՞ ոչ:

Ստեղծված իրավիճակն անշուշտ չէր կարող հայտնի չլինել դեսպանին, որն էլ իր հերթին թերեւս չէր կարող չպատկերացնել այցի հնարավոր քաղաքական անխուսափելի ընկալումները: Ինչպես օրինակ մայիսին նույն կերպ ընկալվել էր Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի ՍԴ այցը, որը հաջորդել էր դրանից մեկ շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանի հետ Կոպիրկինի հանդիպմանը:

Գերմանիայի դեսպանը Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել՝ մինչ Թովմասյանի հետ հանդիպումը, բայց քաղաքական համատեքստը այսպես ասած լողում է ինքնաբերաբար՝ հաշվի առնելով հենց մթնոլորտն ու իրավիճակը:

Արդյոք այդ պայմաններում Գերմանիայի դեսպանի այցը որոշակի աջակցություն է Հրայր Թովմասյանին: Անկասկած է, որ ՍԴ նախագահը այն մատուցելու է այդ տոնայնության մեջ: Մյուս կողմից իհարկե առաջանում է պարզ հարց, թե ինչպիսի՞ն կարող է լինել այդ աջակցությունը առարկայական ազդեցության իմաստով: Օրինակ, երբ խոսքը ՌԴ մասին է, ապա հանրային ընկալման համատեքստում այստեղ շատ բան ավելի հասկանալի է՝ Ռուսաստանը ունի Հայաստանի վրա եւ Հայաստանում ազդեցության անհամեմատ ավելի շատ լծակներ, քան օրինակ Գերմանիան:

Մյուս կողմից, քաղաքական առումով Հայաստանի համար չի կարող անուշադրության մատնվել Եվրամիության եւ միջազգային քաղաքականության առաջատարներից մեկի՝ Բեռլինի վերաբերմունքը, հատկապես նկատի ունենալով այն, որ թավշյա հեղափոխությունից հետո հաստատվել է Երեւան-Բեռլին բավական ջերմ հաղորդակցություն:

Գերմանիան ազդեցություն կունենա՞ Հայաստանում առաջացած «սահմանադրական» թնջուկի հանգուցալուծման վրա: Եվ ինչպիսի՞ն կլինի այն:

Հետաքրքիր է այն, որ Հայաստանի օրենսդրական դաշտի, ու նաեւ խորհրդարանական կառավարման Սահմանադրության մշակման առումով բավական ուշադրության է արժանացել գերմանական փորձը:

Միաժամանակ, Գերմանիան պատմականորեն իրավագիտության համաշխարհային կենտրոններից է, «իրավական նորաձեւության» կամ մշակույթի թելադրողներից:

Ի դեպ, մեկ այլ խորհրդանշական հանգամանք է թերեւս այն, որ մինչ ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությունը, ինչից հետո գործնականում սկսվեց զարգանալ ՍԴ շուրջ հայտնի թնջուկը, Հայաստանի խորհրդարանական նոր մեծամասնությունը ՍԴ դատավորի պաշտոնի համար մերժել էր հենց Գերմանիայից իրավագիտության դոկտոր, սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...