AJ

Հրապարակ թերթը գրում է. Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջարկված նախագիծն է` ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին, որը երկրորդ ընթերցում է անցնելու եւ հնարավորություն է տալու 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ:

ԲՀԿ-ից հարցրինք` նախագծին կո՞ղմ են քվեարկելու։ «Հարցը վերջնական կորոշվի քվեարկության օրը, այնուհանդերձ, մենք պայմանավորվածություն ունենք «Լուսավոր Հայաստանի» հետ, որ, որպես ընդդիմություն, փոխադարձաբար, ներկայացված օրինագծերին կողմ ենք քվեարկելու»:

Օրինագծի ընդունումից հետո ուժային կառույցները, որոնք տեւական ժամանակ ղեկավարում են ԺՊ-ները, ղեկավար կունենան։ Ոստիկանապետի հավանական թեկնածուների թվում է Հունան Պողոսյանը, ԱԱԾ-ի դեպքում՝ Ռուստամ Բադասյանի կողքին շրջանառվում է ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի անունը։

«Քառօրյան՝ մեկ-երկու օրում… Այսօր մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյան, հնարավոր է, այսօր կամ վաղը սպառի օրակարգը, ամփոփի աշխատանքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրակարգի հաստատման համար հրավիրված ԱԺ խորհրդի փակ նիստը եւս շատ կարճ է տեւել՝ ընդամենը մոտ 7 րոպե, ու որոշվել է, թե ինչ հարցեր պիտի քննարկվեն: Տեղեկացանք, որ օրակարգում ընդգրկված 21 հարցերի գերակշիռ մասը՝ 17-ը, երկրորդ ընթերցման ռեժիմում է քննարկվելու եւ միայն 4-ին է սպասվում առաջին ընթերցումը:

Դրանց թվում է նաեւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Այնպես որ, չի բացառվում, որ խորհրդարանականները մինչեւ հայտարարությունների ժամը հասցնեն սպառել հաստատված օրակարգի մեծ մասը եւ քննարկել բոլոր օրինագծերը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...