Armen Ashotyan

Ալիեւը խոսում է Զանգեզուրի մասին, իսկ Հայաստանի իշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ քրգործ է հարուցում, գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, շարունակելով՝ «դե արի, ու մի խենթացիր»:

Մի կողմ թողնենք Ալիեւի մառազմը: Դիտարկենք խնդրի քաղաքական կողմը, ինչը շոշափում է նաեւ Արմեն Աշոտյանը:

Ալիեւի հայտարարությունը՝ թե Զանգեզուրի, թե Երեւանի մասին, ամենեւին նորություն չէ, նա այդ հայտարարություններն անում է տարիներ շարունակ: Դրանք նա անում էր, օրինակ, նաեւ ապրիլյան քառօրյայից առաջ: Ապրիլյան քառօրյայից առաջ Ալիեւն իհարկե շատ այլ բաներ էր անում, ընդ որում ոչ միայն խոսքով, այլ գործով: Ալիեւը քայլ առ քայլ մեծացնում էր հրադադարի խախտման տրամաչափն ու ծավալները, հաճախակիանում էին զոհերը, լոկալ բախումները, ակնհայտորեն, բոլորի աչքի առաջ ռազմա-քաղաքական տիրույթում հասունանում էր պատերազմը:

Ի՞նչ էր անում այդ ժամանակ իշխանությունը, որ կազմում էր Արմեն Աշոտյանի ներկայացրած կուսակցությունը: Չէ, չէր խենթանում իհարկե: Բայց, ի՞նչ էր անում:

Օրինակ, աչքի առաջ ուղղակի հասունացող պատերազմի վտանգի պայմաններում ամրացնու՞մ էր առաջնագիծը: Գուցե, բայց ինչպես պարզ դարձավ ապրիլյան քառօրյայից հետո, այդ ամրացումը եղել է ռիսկերին ու մարտահրավերներին մեղմ ասած ոչ համարժեք: Դրա մասին է վկայում ապրիլյան քառօրյայից հետո տեղի ունեցած աշխատանքի ծավալը, ինչն էապես փոխեց առաջնագծի ռազմա-տեխնիկական ամրությունը:

Կլինե՞ր այլ իրավիճակ, եթե իշխանությունը պատերազմից առաջ կատարեր անհրաժեշտ հագեցման քայլեր: Մեծ հավանականությամբ՝ այո, թեեւ իհարկե որեւէ բան պնդելը այդ կամ համանման դեպքերում հնարավոր չէ: Բայց ակնառու է, որ այն, ինչ արվեց ապրիլից հետո, հնարավոր էր եւ պետք էր անել դրանից առաջ:

Եթե նախկին իշխանությունը չի գործել համարժեք, դա նշանակու՞մ է, որ անհամարժեքության իրավունք է ստանում նոր իշխանությունը, կամ նախկինի ներկայացուցիչները զրկվում են նոր մարտահրավերների մասին խոսելու իրավունքից: Անշուշտ ոչ:

Բայց, տվյալ պարագայում խնդիրն այն է, որ այդ խոսքը ծանրակշիռ եւ հանրային իմաստով արժեքավոր լինելու համար պետք է ինքնին համարժեք լինի իրավիճակին:

Ալիեւը խոսի Զանգեզուրի մասին, թե չխոսի՝ նա միշտ մտածելու է այդ մասին, Ադրբեջանը եւ Թուրքիան միշտ հավակնելու են Հայաստանին, ըստ այդմ Ալիեւի խոսել-չխոսելը կապ չունի՝ Հայաստանը ապրելու է այդպիսի ռեժիմում, այլ տարբերակ չկա:

Դա նշանակու՞մ է, որ Հայաստանը չպետք է ապրի իր ներքին կյանքով: Իհարկե ոչ: Ըստ այդմ, եթե Հրայր Թովմասյանը, կամ այլ մեկը, ով կատարել է այնպիսի արարք, որը ենթակա է քրեաիրավական գործընթացի, անկախ Ալիեւից, այդ գործընթացը պետք է իրականացվի, որովհետեւ դա պետական գործառույթ է: Հետեւաբար, խնդիրը շատ պարզ է՝ տվյալ դեպքում Հրայր Թովմասյանի հանդեպ տեղի ունեցողն օրենքի, իրավականության շրջանակու՞մ է, թե՞ ոչ:

Այդ կապակցությամբ կան տարբեր կարծիքներ, բայց տվյալ դեպքում դրանք չեն խնդիրը, այլ այն, որ եթե Թովմասյանի հանդեպ գործընթացը իրավական է, ապա այն պետք է շարունակվի ու հանգի տրամաբանական ավարտի, անկախ Ալիեւից, առավել եւս, որ Հրայր Թովմասյանը չի լինելու Ալիեւին կանգնեցնողը, եւ ոչ էլ դատախազությունը: Իսկ եթե Հրայր Թովմասյանի հանդեպ գործողությունը դուրս է իրավունքի եւ օրենքի տրամաբանությունից, ապա եթե անգամ ոչ միայն Ալիեւ, այլ Ադրբեջան գոյություն չունենար, միեւնույն է անթույլատրելի է Թովմասյանի կամ որեւէ մեկի նկատմամբ անիրավ եւ անօրինական քայլը:

Գուցե Արմեն Աշոտյանը համարում է, որ խտացնելով գույնն Ալիեւով, ամրացնում է Հրայր Թովմասյանի պաշտպանությունը: Բայց հազիվ թե: Ավելի հավանական է հակառակ էֆեկտը, եթե իհարկե դա չէ բուն նպատակը, հաշվի առնելով այն, որ Հրայր Թովմասյանը վերածվել է նախկին իշխող համակարգի «մահապարտի», եւ տվյալ պարագայում կոնկրետ ՀՀԿ համար առավել նախընտրելի է, որ հենց Թովմասյանը լինի նոր իշխանության հետ դիմակայության առաջնագծում, քան օրինակ Ռոբերտ Քոչարյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...