Zakharova

Աշխաբադում տեղի ունեցող ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահին մեղադրել է պատմությունը խեղաթյուրելու, հայ ժողովրդի, նաև ԱՊՀ երկրների ղեկավարների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը դրան նախորդած իր ելույթում, խոսելով ֆաշիզմի դեմ պայքարում ադրբեջանցիների դերի մասին, փորձել է Հայաստանին մեղադրել «ֆաշիստ» Նժդեհի արձանը կանգնեցնելու համար:

Ամբողջ «ինտրիգն» այստեղ այն է, որ Նժդեհի արձանի վերաբերյալ այդօրինակ առաջին «գնահատականը» դեռևս տարիներ առաջ, երբ արձանը նոր էր բացվելու Երևանում, տվել էր ՌԴ ԱԳՆ հայտնի խոսնակ Զախարովան: Ըստ երևույթին, եթե այն ժամանակ Հայաստանի ՀՀԿ-ական, նժդեհական գաղափարախոսությամբ առաջնորդվող իշխանությունը այդ «մեղադրանքին» տար սպառիչ պատասխան, Ալիևը տարիներ անց բացարձակապես չէր համարձակվի կրկնել նույն «մեղադրանքը»:

Մյուս կողմից, սակայն, Ալիևի վարքն ըստ էության վկայում է այն մասին, որ նա իրապես չունի որևէ ասելիք, ինչպես անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկում՝ խոսելով հենց Աշխաբադում տեղի ունենալիք հավաքին Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման կամ զրույցի մասին և դիտարկելով, թե արդյոք կլինի՞ այդպիսի շփում: Եվ նշել էինք, որ դա քիչ հավանական է, քանի որ ներկայիս իրավիճակում և դասավորություններում Ալիևը պարզապես ասելիք չունի:

Ինչպես ցույց է տվել նրա ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպմանը, արցախյան թեմայով Ալիևն իսկապես ասելիք չունի, եթե որոշել է Հայաստանին մեղադրելու հարցում փորփրել ՌԴ արտգործնախարարության խոսնակի «դարակները»:

Փաշինյան-Ալիև հանդիպման փոխարեն՝ Աշխաբադում փաստորեն եղավ Փաշինյանի կոշտ պատասխանն Ալիևի՝ պատմության նենգափոխման փորձին կամ փորձի կրկնությանը, որ մի քանի տարի առաջ արել էր ՌԴ արտգործնախարարության խոսնակը:

Ի դեպ, այդ տեսանկյունից որքան կարող ենք դիտարկել հանգամանքը, որ Ալիևը «փորփրել» է Զախարովայի դարակներն ու «ասելիք» գտել, նույնքան էլ թերևս կարող ենք նրա հայտարարություններից հետո առնվազն հարց դիտարկել՝ իսկ արդյոք Աշխաբադում բացահայտվե՞լ է ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ տարիներ առաջ Նժդեհի և Հայաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքի «պատվիրատուն», որն այս անգամ փաստորեն որոշել է ներկայանալ սեփական դեմքով, քանի որ Ռուսաստանում չի գտնվել պատվերն ընդունելու այլ պաշտոնյա, իսկ Զախարովան արդեն առաջվանը չէ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...