Ադրբեջանում իշխող կուսակցությունը քննարկում է անցկացրել հոկտեմբերի 19-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ՝ հնչեցնելով եզրակացություն, որ ընդդիմությունը ծայրահեղ քայլերի է գնում՝ ղեկավարվելով դրսից:

Հոկտեմբերի 19-ին Բաքվում իսկապես շատ թեժ էր, և իշխանությունը չափազանց կոշտ արձագանք տվեց ընդդիմության երթին և հանրահավաքի փորձին, «խեղդելով այն օրորոցում»: Այստեղ հատկանշականն այն էր, որ նախապես իշխանությունը արտոնել էր հանրահավաքը, և անգամ չարտոնված երթի պարագայում ակնառու էր, որ իշխանության ուժային հակազդեցությունը բացարձակապես համարժեք չէր ընդդիմության ակցիայի «ուժին»: Ավելին, Բաքվում և անգամ այլ քաղաքներում անջատվել էր համացանցը և խափանումներով էր աշխատել բջջային կապը:

Ի՞նչն էր Ալիևին ստիպել գնալ այդօրինակ ուժային հակազդման, առերևույթ չեղած վտանգի պայմաններում: Եվ այն պարագայում, որ վերջին շրջանում Բաքվի ղեկավարը փորձում էր որոշակիորեն, այսպես ասած, ժողովրդավարություն խաղալ, ազատելով նախկինում քաղաքական պատճառներով կալանավորված որոշ գործիչների: Ի՞նչ պատահեց Ալիևին հանկարծ: Անկասկած, դա խոսում է եղած խորքային խնդիրների մասին, որ առկա են Բաքվում՝ չնայած առերևույթ որոշակի կայունությանը և հանդարտությանը: Ընդ որում, ինչքան էլ «դրսից ղեկավարվող» ընդդիմություն հասկացությունը ստանդարտ է ամբողջատիրական կամ բռնատիրական համակարգերի մտածողության կամ քարոզչական, այսպես ասած, ընդունված կլիշեների տեսանկյունից՝ Հայաստանում ոչ միայն տեսել ենք, այլ նաև այժմ արդեն նախկին իշխանության կարգավիճակով տեսնում ենք նախկին համակարգի քարոզչության զինանոցում՝ նոր իշխանության հասցեին, թե իբրև դրսից էր Հայաստանում հեղափոխությունը, այդուհանդերձ, Ադրբեջանում հնչող գնահատականը նաև հատկանշական է ներկայիս համաշխարհային իրադարձությունների համատեքստում:

Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը տարիներ շարունակ հետևողականորեն կռել է արտաքին դիվանագիտական հաղթանակի միֆը, սեփական հանրությանը համոզելով՝ արձանագրում է նշանակալի հաջողություններ: Հասկանալի է, որ այստեղ գլխավոր կամ բացարձակ չափիչը արցախյան հարցն է՝ Ադրբեջանի համար գերզգայուն մի խնդիր, լիովին հասկանալի պատճառներով, հաշվի առնելով պարտության բարդույթը: Աշխարհում փոխվում են իրողություններ, փոխվում է անվտանգային միջազգային համակարգը, տեղի են ունենում ռեգիոնալ վերադասավորումներ, դրանց զուգահեռ Հայաստանում տեղի է ունենում թավշյա հեղափոխություն, որը Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ռազմական դիվանագիտության առումով, փակուղում հայտնված Ադրբեջանի նախագահին դնում է նաև քաղաքական փակուղու առաջ: Փոխարենը նոր քաղաքական հարթություն է բարձրանում Հայաստանը, որտեղ Ադրբեջանի նախագահի համար տագնապի գագաթնակետն էր հոկտեմբերի 1-ին Երևանում ԵՏՄ Վեհաժողովը՝ Իրանի նախագահի մասնակցությամբ, փաստացի Հայաստան-Իրան-Ռուսաստան ձևաչափի քաղաքական քննարկումը, Իրան-Ռուսաստան-Ադրբեջան Վեհաժողովի չեղարկման պայմաններում:

Դրան զուգահեռ, «ավագ եղբայր» Թուրքիան մտնում է սիրիական փակուղի, գործնականում դուրս գալով ուժային մյուս բոլոր կենտրոնների դեմ և ստիպված լինելով իր ռազմարշավի համատեքստում գնալ բավական բարդ բանակցությունների և առևտրի՝ այն մարսելու համար: Հոկտեմբերի սկզբին Սոչիում, Պուտինի հետ հանդիպմանը չստանալով մխիթարական որևէ տեղեկություն, և փոխարենը լսելով Լավրովի հայտարարությունը՝ որ արցախյան բանակցությունը սառեցված է և չկա արգելափակումը հանելու ակնկալիք, Ալիևը ոչ այնքան մխիթարական տեղեկություն ստացավ գուցե նաև Էրդողանից՝ հոկտեմբերի 15-ին Բաքվում, Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովում: Թուրքիայի նախագահն, ըստ երևույթին, Ադրբեջանի նախագահին հասկացրեց, որ Անկարան ներկայումս ունի իր մեծ հավակնությունների հետ կապված լուրջ հարցեր և չի կարող զբաղվել Ալիևի հավակնություններով: Այստեղ, սակայն, էական է այն, որ Էրդողանն, ըստ երևույթին, հակառակն է ակնկալել Ալիևից՝ որ Ադրբեջանը պետք է օգնի «կրտսեր եղբորը» բարդ գործընթացում: Ահա այստեղ է թերևս նաև պետք փնտրել Ալիևի խիստ անհամարժեք և կոշտ արձագանքը ընդդիմության, թվում է թե, ոչ այնքան մահացու վտանգավոր ակցիային: Ադրբեջանի նախագահը, Արցախի հարցում գտնվելով ռազմա-քաղաքական փակուղում, մյուս կողմից չի ցանկանում Թուրքիային աջակցելով խորացնել այն: Իսկ աջակցությունից հրաժարվել հնարավոր է՝ ստեղծելով ներքին լարվածության լուրջ վտանգ՝ «ավագ եղբորը» հիմնավորելու համար, թե ինչու չի կարող բավարարել աջակցության ակնկալիքներն ու ինչու է ստիպված «փակվել ներսում»: Առավելագույնը, որ արեց Ալիևն Էրդողանի համար, հայտարարությունն էր, թե Հայաստանը բաժանում է իրենց:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...